Մեկնաբանություն

10.09.2020 23:45


Ո՛վ թևքերը քշտած աշխատի, ո՛վ գնա սանատորիա

Ո՛վ թևքերը քշտած աշխատի, ո՛վ գնա սանատորիա

Իշխանությանը մոտ կանգնած «անկախ» թերթերից մեկը, հղում անելով «իրավապահ համակարգին», իր տարակուսանքն է հայտնում` ախր, «ինչպե՞ս կարող է գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ նշանակված Սրբուհի Գալյանը զբաղվել նախկին պաշտոնյաների հարցերով»։

Ինչո՞ւ։ «Պարզ» պատճառով. արդարադատության նախկին փոխնախարարը, նույն ինքը՝ Սրբուհի Գալյանը, «կասկածելի անցյալ» ունի`պարզվում է, տիկնոջ սկեսրայրը և ամուսինը «սերտ կապերի մեջ են եղել նախկին իշխանությունների հետ»։ Չէ, դուք միայն պատկերացրեք`ամուսինը նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանի թիկնազորի անդամ է եղել, սկեսրայրը` Հովսեփյանի վարորդը։ Իսկ Հովսեփյանը, «վիդիտի լի», «ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկի համբավ է ունեցել»:

Ուրեմն, նախկին իշխանությունների նշանակած գլխավոր դատախազի` Նիկոլի սրտի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի «սև անցյալը» խնդիր չէ։ Մարդը մի գիշերում հանգիստ խղճով ճամբարափոխ եղավ, սուսուփուս անցավ «թավիշների» թրի տակով, և ոչի՛նչ`«վիզ դրած» ծառայում է իր վարչահրամայապետին, կրծքով պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին և նախկին բարձրաստիճան մյուս պաշտոնյաներին առաջադրված փուչ մեղադրանքը, ինքնամոռաց կռիվ տալիս նախագահին նորից ու նորից ազատությունից զրկելու համար, գործեր կարում երբեմնի «տերերի», բարձր պոստեր զբաղեցրած պաշտոնյաների վրա, ու ոչ մեկը չի ասում` աչքիդ վերևը ունք կա։ Հակառակը`դարձել է «կոռուպցիայի դեմ պայքարի» քայլող խորհրդանիշ։

Նույն կերպ` բոլորովին «տարակուսած» չեն, որ «նախախեղափողական չար ժամանակներում» ավելի քան երկու տասնամյակ բարձր պաշտոններ զբաղեցրած Ֆելիքս Ցոլակյանը, որ, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի օրոք նախագահի վերահսկողական ծառայության պետն էր (ոչ թե, ասենք` թիկնապահը կամ վարորդը), «հին» Հայաստանից սահուն անցում կատարեց խեղափոխական «նոր» Հայաստան և այսօր ղեկավարում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Խնդրահարույց չեն համարում ՊՆ նախկին փոխնախարար, ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանի` Պաշտպանության նախարար, Ֆինանսների նախկին փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի` Ֆինանսների նախարար նշանակվելու հանգամանքը։ Ըմբռնումով են վերաբերվում, որ տարիներ շարունակ իրենց կողմից, որպես «թվանկարչության» անգերազանցելի վարպետ թիրախավորված և դաժանաբար քարկոծված Տիգրան Մուկուչյանն ու Ստեփան Մնացականյանը շարունակում են զբաղվել թվանկարչությամբ։ Առաջինը` ԿԸՀ, երկրորդը` Վիճակագրական կոմիտեի «թավշյախեղափոխական» նախագահի պաշտոնում։

Իսկ ահա, Սրբուհի Գալյանի նոր նշանակումը կամ Վահրամ Ավետիսյանի ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելը սվիններով ընդունվեց ընտրողաբար «տարակուսող» շրջանակների կողմից։ Բանը հասավ նրան, որ վերջինս հետ է կանչել իր թեկնածությունը։ Հոր «մութ»` սև և հակահեղափոխական անցյալի պատճառով. որովհետև Ավետիսյան ավագը «դժբախտություն» էր ունեցել «հին» Հայաստանում զբաղեցնել Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահի պաշտոնը, Մարտի 1-ին առնչվող գործեր քննել և այլն։ Կասկած չունեք, չէ՞, որ Ավետիսյանի որդին ոչ մի դեպքում չի կարող անաչառ լինել։ Իսկ նախկինների ցանկություններն օդում որսացող ու նրանց սրտի որոշումները վավերացնող Արմեն Դանիելյանը, Արտուշ Գաբրիելյանը, «դատավոր Հրաչը», որ առաջ «անցանկալի» որոշումներ էին կայացնում, հիմա` «ցանկալի» որոշումներ` նույն Մարտի 1-ի գործով, կարո՛ղ են, և վե՛րջ։

«Տարակուսանքներ», կներեք`անառողջ կրքեր են բորբոքվում նաև ՍԴ դատավորի մեկ այլ թեկնածուի` Երվանդ Խունդկարյանի շուրջ, որին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն «անբարեհույս» է ճանաչել. նրա համար, որ նախկինում «սխալ» որոշումներ է կայացրել, որոնք ՄԻԵԴ-ում բողոքարկվել են և ֆինանսական վնաս պատճառել պետությանը։

Նույնը ՍԴ դատավորի երրորդ թեկնածուի` Արթուր Վաղարշյանի դեպքում է. քայլարածները մեկ անգամ արդեն մերժել են Նիկոլի մոտ նախագահ աշխատող Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին, և շարունակում են չեմուչում անել` չեն ուզում քվեարկել նրա օգտին՝ մոռանալով, թե «պետության գլուխն» ի՜նչ անգնահատելի ծառայություն է մատուցել իրենց`իր գործողություններով կամ անգործությամբ լեգիտիմացնելով ՍԴ-ն կազմալուծելու ի սկզբանե հակասահմանադրական գործընթացը։

Թվում է` գործ ունենք սովորական «թավշյա» անսկզբունայնության և երկակի ստանդարտների հետ, բայց խնդիրը միայն դա չէ։ Բացահայտ «ընտրողական» այս վերաբերմունքն ավելին է, քան պարզ երկակի չափանիշների քաղաքականությունը։

Շան գլուխը թաքնված է նրանում, որ «խեղափոխության» փայատերերի մի մասի` ՀԱԿ-ի և սորոսականների հաշվարկները, «լենուբոլ» հավակնությունները` կոռուպցիայի դեմ «պայքարի» ոլորտում և ՍԴ-ում բացված «յուղոտ աշխատատեղերն» իրենցով անելու առումով, չեն արդարացել։ Վահե Գրիգորյանը կաշվից դուրս գալով`չեղած տեղը «սահմանադրական ճգնաժամ» է ստեղծել, հասել ՍԴ երեք դատավորների հրաժարականին, որ գերմարդկային ջանքերի «արդյունքում» առաջացած թափուր պաշտոններն ուրիշների՞ն բաժին ընկնեն։ Բա դա դիմանալու բա՞ն է։

Այ, դրա համար էլ մեկ առ մեկ` հատ-հատ, մանրակրկիտ և փութաջանորեն ուսումնասիրում են, վեր հանում բոլոր յուղոտ հաստիքներին հավակնող թեկնածուների կենսագրության «մութ» էջերն ու գցում մամուլի «բերանը»։ Որ կանխեն անդառնալին, ստանան այն, ինչ, իրենց համոզմամբ, «իրավամբ» իրենց է պատկանում և միա՛յն իրենց։

Ո՜վ-ով, բայց նրա՛նք Սահմանադրական դատարանը և կոռուպցիայի դեմ «պայքարն» սեփական «բոստանը դարձնելու» ղադրը լավ գիտեն...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը