Քաղաքական

15.09.2020 19:15


Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում են տրամադրել մարտի 1-ի մայր գործի նյութերն ամբողջական ծավալով

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում են տրամադրել մարտի 1-ի մայր գործի նյութերն ամբողջական ծավալով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կրկին միջնորդեց, որ դատարանը պահանջի քննիչից տրամադրել մարտի 1-ի մայր գործի նյութերը ամբողջական ծավալով, որն առկա է 2008 թվականի մարտից մինչ այս պահը։ 600 հատոր կազմող գործից անջատված մասով փաստաբաններին տրամադրվել է ընդամենը 79 հատոր։
Դեռևս 2019 ապրիլին պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է գործի նյութերն ամբողջությամբ տրամադրել, սակայն քննիչը մերժել է` պատճառաբանելով, որ պաշտպանական կողմին Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքները ապացուցող բոլոր փաստաթղթերը ներկայացվել են։
Ըստ Խուդոյանի՝ քննիչը ընտրել է միայն այն հատորները, որտեղ կան նյութեր, որոնք կարող են օգտագործվել Ռ․ Քոչարյանի դեմ, ինչը քննիչը չի էլ թաքցրել։ Մինչդեռ գործի նյութերում կան բազմաթիվ ցուցմունքներ և ապացույցներ, որոնցով սույն գործով անցնող անձանց առաջադրված մեղադրանքը կարող է հերքվել, և նրանք կարող են արդարացվել։ Օրինակ, գործում կան ապացույցներ և փաստական տվյալներ, որ 2008 թ․ մարտի 1-2-ին կազմակերպված հանրահավաքները խաղաղ չեն եղել։ Չտրամադրված նյութերի մեջ կան նաև կարևոր տեղեկություններ Երկրապահ կամավորական միության այդ օրերի գործունեության վերաբերյալ, որոնք և պատճառ են դարձել, որ Ռ․ Քոչարյանը 2008 թ․ փետրվարի 23-ին խորհրդակցություն հրավիրի։ Պաշտպաններին տրամադրված գործերի մեջ առկա է ընդամենը ԱԱԾ-ի երեք տեղեկանք այն մասին, թե ինչ էր կատարվում ԵԿՄ-ում։
Պաշտպան Խուդոյանի խոսքով, առանց ամբողջական նյութերի տրամադրման անհնար է արդյունավետ պաշտպանություն կազմակերպել և, որ ամենակարևորն է, խախտվում է դատավարական կողմերի մրցակցության սկզբունքը։ Հ․ Խուդոյանը դատարանին ներկայացրեց մի քանի օրինակ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ պրակտիկայից` ընդգծելով, որ գործի ամբողջական նյութերի տրամադրման մերժումը խախտում է կողմերի մրցակցության սկզբունքը և Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները։
Նմանատիպ միջնորդություն ներկայացրեց նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։ Միջնորդությանը միացան Ռոբերտ Քոչարյանի մյուս փաստաբանները, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի պաշտպանները։
Մեղադրող կողմն իր կարծիքը կներկայացնի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը 13։00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը