Մեկնաբանություն

16.09.2020 18:05


«Ոսկե խաղո՞ղ», թե՞ հոգսի օղ, հողագործին ո՞վ կտա փող

«Ոսկե խաղո՞ղ», թե՞ հոգսի օղ, հողագործին ո՞վ կտա փող

Խաղողագործների բողոքի ցույցն ուշադրություն գրավեց: Ավելի կոնկրետ՝ Արարատի մարզի խաղողագործների: Է՛լ ավելի կոնկրետ՝ Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչների: Ու դժգոհությունը խաղողի մթերման ընթացիկ գներից է: Ասում են՝ գինեգործական ընկերությունները 1 կիլոգրամը 100 դրամով են պատրաստ մթերել, սակայն դա խաղողագործներին ձեռնտու չէ, քանզի իրենց հաշվարկներով 100 դրամը միայն խաղողի 1 կիլոգրամի ինքնարժեքն է, այնինչ, իրենք կիլոգրամը 150 դրամով մթերելու ակնկալիք ու հաշվարկ ունեին, իսկ ցուցարարներից ոմանք ասում էին, որ ունեն անգամ պայմանագիր:

Եվ դժգոհությունն այնպիսին է, որ նշված գյուղի բողոքավոր խաղողագործները բռնել ու փակել են Երևան-Երասխ մայրուղու՝ իրենց բնակավայրի մոտով անցնող հատվածը: Հասկանալի է, ճանապարհ փակելով պահանջ ներկայացնելը հայրենական «բողոքային մշակույթի» պարտադիր տարր է այլևս: Իսկ ինչ վերաբերում է խաղողին...

Դե, «հին մարդիկ» են, ավանդույթներին կառչած: Այդպես էլ չհամոզվեցին, որ ճիշտը մարզպետի գովազդած աֆրիկացի կոկորդիլոսի պոչը բռնելն է, դրել ու նախնիների նման խաղող են մշակում: Տնաշեննե՜րը: Թե ասա՝ 21-րդ դարում ո՞վ է խաղող մշակում: Ախր թարսի պես այս տարի էլ խաղողի բերքը առատ է ստացվել:

Այո, «թարսի պես»: Այդպիսին է մեր երկրի իրադրությունը. բերք չի լինում՝ գլխացավանք է ու վիշտ, բայց եթե բերքառատ տարի է, ապա կրկնակի գլխացավանք է, քանզի պարզվում է, որ կա՛մ ժամանակին այդ խաղողը գնող չկա և ամբողջ տարվա չարչարանքը ջուն է ընկնում, կա՛մ գնող կա, բայց «ջրի գին» է տալիս...

Ու չնայած «իրավիճակ է փոխվել», այսինքն՝ իշխանություն է փոխվել, այն էլ՝ անարյուն հեղաշրջման տարբերակով, նույն այդ խաղողագործների «դմփ-դմփ-հու» աջակցությամբ նաև, բայց մեծ հաշվով՝ ոչ մի բան էլ չի փոխվել:

Չնայած, չէ՛, փոխվել է: Վարկերի բեռն ու տոկոսներն են շատացել: Եվ փաշինյանական կառավարությունն էլ, այսպես ասած՝ «աջակցության ծրագրով» ավելի լավ բան չի կարողացել հորինել, քան նոր վարկեր առաջարկելը:

Ինչևէ:

Մարդիկ կոնկրետ պահանջներ են դնում, կոնկրետ բողոք են արտահայտում, երդվում, համոզում, ապացուցում են, որ 1 կիլոգրամ խաղողի դիմաց 100 դրամը քիչ է, գոնե 150 դրամով պետք է մթերել, որպեսզի կարողանան և՛ վարկերի ճարը տեսնեն, և՛ իրենց ու ընտանիքների գլխի ճարը, և՛ որ հաջորդ տարի խաղողի այգիներն ու ոչ միայն այդ այգիները մշակելու հնարավորություն ունենան: Ի գիտություն «թավշյա» կառավարչապետերի, ասենք, որ խաղողը (ոչ միայն խաղողը) հենց այնպես չի աճում, էտել է պետք, խնամել, պարարտանյութ տալ, թունաքիմիկատներով այգին մշակել, ոռոգել:

Մի խոսքով, բողոքներ կան ու հարցեր էլ կան: Հարցեր կան, իսկ այ, գյուղատնտեսության նախարարություն չկա: Փաշինյանի նորամուծությունն է, կառավարության կառուցվածքի «բարեփոխման» գլուխգործոցը: Թե՞ գլուխկոտրուկը:

Հանճարեղ են, էլի, ախր, հոմ զոռո՞վ չէ: Հատկապես Փաշինյանը: Այ, ասա՞ց «ոչխար պահեք», այսօր էլ ասում է, որ պահողները շահել են, չորս տասնյակ հազար գլուխ ոչխար են արտահանել: Ուռա՜, ընկերներ...

Մարդը չէր ասել, չէ՞, թե՝ խաղող աճեցրեք: Դե, ինչպես աճեցրել եք, այնպես էլ ձեր գլխի ճարը տեսեք ու գլխից աղքատությունը հանեք: Ի խրատ նաև այն բանի, որ ամեն քայլիստի առաջ չխոնարհվեք հետո, նաև իմանաք, թե որտե՞ղ եք «դըմփ-դմփ-հու» անում, որտեղ՝ «հեյ-հե՜յ»:

Չէ, բայց աբսուրդ է, էլի, որ թե՛ բյուջեի ու բանկային համակարգի եկամտի, թե՛ սննդի ապահովման, թե՛ գյուղմթերքի վերամշակման արտադրության աշխատանքի առումներով գյուղական և գյուղատնտեսական երկրում չկա... գյուղատնտեսության նախարարություն: Կա ընդամենը մի գերատեսչության կազմում ծվարած բաժին կամ վարչություն: Մինչդեռ, առանձին գերատեսչություն ունենալը թերևս թույլ կտար ավելի համակողմանի մոտենալ առկա խնդիրներին, նաև՝ հեռանկարային պրոբլեմներին, լինել գյուղացու՝ հողագործի, այգեգործի, անասնապահի կողքին, կենտրոնանալ նրա մատից փուշ հանելու, այլ ոչ թե գրպանը շոշափելու և ոտքը տրորելու վրա:

Բայց ո՞ւմ ես դա ասում: Այսօրվա անսխալական, ամենինչիմացող և վերջապես ուղղակի սուրբ իշխանավորների՞ն, էլ չենք ասում՝ անքննելի թավշապետի մասին:

Իսկ հայրենի խաղողագործներին կարելի է խորհուրդ տալ, որ ոչ միայն փողոց ու մայրուղի փակեն, այլև կամաց-կամաց սկսեն քայլել, սելֆի ձողով, ուսապարկով ու այն հաշվարկով, որ գան, իշխանավոր դառնան: Այդ դեպքում երաշխավորված ահռելի պարգևավճարներ կստանան: Ստուգված է կյանքի փորձով և հաստատված՝ Հայաստանի վերջին երկուսուկես տարվա պատմությամբ:

Ի դեպ, փողոց փակող խաղողագործներից մեկը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին խաղողի մթերման գները երեք անգամ բարձրացել են, մարդուն բռնել կալանավորել են: Բայց սա արդեն լրիվ այլ պատմություն է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը