Քաղաքական

17.09.2020 17:49


«Երևի Արայիկ Հարությունյանին փոքր ժամանակ տաշտով են կերակրել, որ իրեն թույլ է տալիս գիտնականների մասին խոսելիս կերակրատաշտ բառն օգտագործել». Արտակ Մովսիսյան

«Երևի Արայիկ Հարությունյանին փոքր ժամանակ տաշտով են կերակրել, որ իրեն թույլ է տալիս գիտնականների մասին խոսելիս կերակրատաշտ բառն օգտագործել». Արտակ Մովսիսյան

ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստվում հաշվեհարդար տեսնել ակադեմիական այն գիտնականների նկատմամբ, ովքեր անցած երեսուն տարիներին, ըստ վերջինիս տված գնահատականի, զբաղված են եղել կեղծված պատմություն գրելով, նախկին ռեժիմների համար ականջահաճո պատմություն շարադրելու համար կերակրատաշտակներից են օգտվել, հիմա էլ համարձակվել են քննադատել և ապազգային որակել Հայոց պատմություն առարկայի թրքահոտ չափորոշիչները։ Այս մասին ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է նախօրեին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, որտեղ բառացիորեն հայտարարել է. «Եթե ոմանք չափորոշիչները կամ դրանց մշակումը ապազգային են որակել, չնայած դրա տակ ոչ մի հիմք չկա, ապա անցած երեսուն տարիների ընթացքում դասագրքերի միջոցով պատմության կեղծումը ազգային համարողները թող մեզ անվանեն ապազգային, իսկ իրենց պատմություն կեղծելը՝ ազգային։ Իմ կարծիքով մենք ունենք մի իրավիճակ, որը ճիշտ հակառակն է»։

Անդրադառնալով կրթական նոր չափորոշիչների հարցին՝ ԿԳՄՍ նախարարը նաեւ հայտարարել է. «Ակադեմիական որոշ շրջանակների նման արձագանքի մասին կասեմ հետևյալը՝ պարզապես նրանք զրկվել և զրկվում են կրթության բյուջեի կերակրատաշտին մոտ լինելու հնարավորությունից, որին մոտ են եղել տասնամյակներ շարունակ, ստացել են հոնորարներ, այդ թվում նաև նախորդ ռեժիմին ծառայող պատմության դասագրքերը կեղծելու համար կամ նրանց ականջին հաճո նյութեր գրելով։ Մենք պարզապես իրենց և մեզ զրկել ենք այդ հաճույքից։ Նրանք այլևս, գոնե իմ նախարարության օրոք, հասանելիություն չեն ունենալու Հայաստանի Հանրապետության կրթական բյուջեին և սնվելու այնտեղից»։

Հրապարակային ինքնախայտառակման ակտ հիշեցնող ասուլիսի ընթացքում Արայիկ Հարությունյանն իր ճառը եզրափակել է՝ հայտարարելով, որ իրենց կողմից մշակվող նոր չափորոշիչները նպատակ ունեն կրթելու նոր արժեհամակարգ կրող այնպիսի մի սերունդ, որոնք այլևս հենք չեն ծառայելու նախորդ իշխանությունների համար։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում, հայտարարեց, որ իր դաստիարակությունն իրեն թույլ չի տալիս իջնել այն մակարդակին, որպեսզի այդ նախարարի հետ խոսեմ իրեն հատուկ բառապաշարով՝ լափաման բառն օգտագործեմ, հայհոյել նույնպես ես չեմ պատրաստվում։ «Ես արդեն պաշտոնապես հայտարարել եմ, որ որևէ դասագրքի ստեղծման գործընթացին այլևս չեմ մասնակցելու։ Եթե շահագրգռվածություն ունենայի, կմասնակցեի նոր դասագրքերի և չափորոշիչների մշակման և ստեղծման աշխատանքներին։ Մեզնից առաջ ավագ սերունդն է պատմության դասագրքի չափորոշիչներ մշակել՝ ակադեմիկոսներ Բաբկեն Հարությունյանն ու Վլադիմիր Բարխուդարյանը, որից հետո մեկ տասնամյակ մեր սերունդն է այդ գործն արել, հիմա էլ նոր սերնդին է վստահվել այդ աշխատանքը։ Թող անեն ինչպես որ կարողանում եմ, բայց ուզում եմ նրանց տեղյակ պահել, որ ուշի ուշով հետևելու եմ, որպեսզի նրանք մեր գրածը չարտագրեն, որովհետև մենք խորհրդային շրջանի կողմից աղավաղված պատմություն ներկայացնելուց հետո, զրոյական վիճակից աղճատված դասագրքերի փոխարեն ստեղծեցինք նոր դասագրքեր, բայց մեծ պատմության ամբողջ ընթացքը հանկարծ հանգեցրեց «Մարտի 1»-ի դեպքերի շարադրանքն և, կարծես, այնպիսի տպավորություն էր, թե 7000 տարվա հայ ժողովրդի պատմությունը միայն մարտի 1-ի դեպքերի մասին է, իսկ թե դրանից առաջ ի՞նչեր են գրվել, այդ ամենն անարժեք և անկարևոր է, այնինչ, հայեցակարգային առումով, դարաշրջաններ են վերանայվել։ Հիմա իրե՞նք են ուզում գրեն՝ թող գրեն, խնդրեմ, մանավանդ, որ մենք արդեն նախադեպն ունենք՝ նրանց գրած վերջին չափորոշիչները դրա վառ օրինակն է»,-ասաց նա։

Նախարարի վերջին ասուլիսից հետո ի՞նչ հետևություններ է արել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը հարցին, Աշոտ Մելքոնյանը պատասխանում է՝ այլևս նույնիսկ անիմաստ է խոսել ԿԳՄՍ նախարարի փոփոխության մասին, փոփոխությունները պետք է համակարգային լինեն և օր առաջ։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանին նույնպես զայրացրել էին նախարարի ասուլիսի ընթացքում հնչած մտքերը՝ ակադեմիական գիտնականների հասցեին արված վիրավորանք պարունակող արտահայտություններն ու անպատշաճ որակումները նույնպես. «Երևի Արայիկ Հարությունյանին փոքր ժամանակ տաշտով են կերակրել և նրա մոտ այդպիսի հիշողություններ են մնացել, և հիմա նա իրեն թույլ է տալիս ակադեմիական գիտնականների մասին խոսելիս կերակրատաշտ բառն օգտագործել։ Բարեբախտաբար, ես չեմ կարող ինձ թույլ տալ այդ աստիճան ցածր իջնելու, որպեսզի հավասարը հավասարին պատասխանեմ նրան։ Փոխարենը կասեմ, որ նման խայտառակ երևույթ մեր երկրի պատմության մեջ վերջին երեսուն տարիների ընթացքում որևէ անգամ չէր եղել, որ Կրթության և մշակույթի ստրատեգիական կարևորության ոլորտը վստահվեր մի այնպիսի ղեկավարի, ինչպիսին սա է։ Նույնիսկ ամոթ է, որպեսզի ես անդրադառնամ նրա արտաբերած մտքերին և մեկնաբանեմ դրանք։ Բայցի այդ, չափազանց զբաղված եմ երկրի համար ավելի կարևոր՝ գիտական և կրթական ծրագրերի մշակմամբ։ Որպես Կրթության, մշակույթի, գիտության և սպորտի նախարար, այդ մարդը երեկ վերջնականապես խայտառակեց իրեն։ Նրա կողմից հնչեցված մեղադրանքներն ուղղված էին մեր երկրի վերջին երեսուն տարիների պատմության կերտմանը։ Անցյալ տարի նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի նոր վերահրատարակված պատմության դասագրքերի մեջ մտցնեն մարտի 1-ի դեպքերը, այն պարագայում, երբ դրա հետ կապված գործը դեռևս դատարանում է, դատական քննությունը դեռ չի ավարտվել և չկա պետական պաշտոնական դատարանի վերջնական որոշումն ու եզրակացությունը, թե ի՞նչ է եղել իրականում, ինչպե՞ս է եղել և ինչպե՞ս այն պետք է ներկայացնել հանրակրթական դպրոցների և ԲՈւՀ-երի պատմության դասագրքերում։ Սա արդեն այս իշխանությունների կողմից պատմական կեղծարարության պարտադրանք է, ինչո՞ւմ են հիմա նրանք մեղադրում մեզ...»։

Ամփոփելով զրույցը Արտակ Մովսիսյանը նկատում է՝ Արայիկ Հարությունյանը մասնագիտությամբ պատմաբան է, գիտական աստիճանով՝ պատմական գիտությունների թեկնածու, սակայն 2007-2018 թվականներին՝ 11 տարի շարունակ, լինելով Մայր ԲՈւՀ-ի դասախոս, ոչ մի գիտական հոդված չի հրապարակել։ Սա, ըստ վերջինիս, խոսում է գիտնականի որակների մասին։ Սրա վերաբերյալ ամենավառ ապացույցը, ըստ Արտակ Մովսիսյանի, երեկ նախարարի պատասխանն էր՝ կապված Անդրանիկ փաշային և Արամ Մանուկյանին վերագրվող կեղծ հեռագրի դրվագին. «Արայիկ Հարությունյանն ասում է, թե այս պատմական դրվագի վերաբերյալ ինքն օգտագործել է իր ձեռքի տակ եղած նյութերը։ Եթե նա պատմաբան է, իսկ նրան տրվել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում, ուրեմն առնվազն այդ մարդը պետք է տգետ լինի՝ ձեռագրի տակ գրված պարզ մակագրությունը չտեսնելու և դրա հետ, որպես գիտնական, հաշվի չնստելու համարի, իսկ այնտեղ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը ներկայացված է որպես ՀՀ Ռազմական նախարար։ Նույնիսկ ավագ դպրոցում սովորող աշակերտը գիտի, որ Արամ Մանուկյանը երբեք Ռազմական նախարար չի եղել։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, որ այսօր ԱՄՆ-ում որևէ նախարար իրեն թույլ տա, նույնիսկ մտածել, թե կարող է Ջորջ Վաշինգտոնի վերաբերյալ ինչ-որ կեղծ թղթի հղում անելով, փորձի քաղաքական դիվիդենտներ շահել, ինչն այս պարագայում անում է Արայիկ Հարությունյանը, իր կարծիքով, իբր վարկաբեկելով Դաշնակցությանը։ Կներեք, սա խայտառակություն է և այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա։ ԱՄՆ-ում տվյալ դեպքում խայտառակ անելով դուրս կշպրտեին այսպիսի նախարարին, իսկ այստեղ, կարծես, շատ բնական է, որ վարչապետը հայտարարի, թե սա իրենց քաղաքական թիմի ռազմավարությունն է, որն ինքը մինչև վերջ կպաշտպանի»,-ասում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընդարձակ նախաբանում, անդրադարձ կատարելով խնդրահարույց թրքահոտ չափորոշիչների թեմային, հայտարարել էր, թե դրանց շուրջ բարձրացված աղմուկն անտեղի է։ Կրթական նոր չափորոշիչների հետ կապված այն տեղեկությունները, թե դրանք չեն քննարկվել ակադեմիական շրջանակներում, ըստ նախարարի, սուտ են, մինչդեռ Հայոց պատմություն առարկայի չափորոշիչների վերաբերյալ հանրապետության առնվազն երկու՝ ԵՊՀ և Մանկավարժական համալսարանների պատմության ֆակուլտետները, ինչպես նաև՝ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հայտարարել են, որ նոր չափորոշիչների մասին ակադեմիական շրջանակները տեղեկացել են միայն դրանք հանրային քննարկման դնելուց հետո։ Այդ չափորոշիչները վերջիններիս կողմից որակվել են որպես վտանգավոր և ապազգային, դրանք ներմուծումը հայաստանյան հանրակրթական դպրոցներում՝ անթույլատրելի։

Նկատենք նաև, որ երեկ հրավիրված մամլո ասուլիս ընթացքում ԿԳՄՍ նախարարը խուսափեց պատասխանել հարցին՝ ո՞ւմ հետ են քննարկվել հանրակրթական դպրոցների Հայոց պատմություն առարկայի նոր չափորոշիչները, տեղեկացնելով միայն, որ շրջանառության մեջ դրված առարկայական նոր չափորոշիչները աշխատանքային տարբերակ են եղել։

Այս խորագրի վերջին նյութերը