Մեկնաբանություն

30.09.2020 01:35


Մենք ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ու մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Մենք ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ու մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Մենք հաղթել ենք ու մենք հաղթելու ենք:

«Հաղթելու ենք». այս լակոնիկ նշանաբառը, որ արագորեն տարածվեց սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան հայկական խաղաղ բնակավայրերի վրա թափված թուրքական ռումբերի ու արկերի պայթյուններից վայրկյաններ անց, ավելին է քան պարզապես մարտակոչը:

«Հաղթելու ենք» մարտակոչը խտացված ամփոփում է թե՛ պատմական տվյալ ժամանակահատվածում ու թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիային դիմակայելու մեր վերին հանձնարարականն ու առաքելությունը, թե՛ մեր դիմակայության գաղափարաբանությունը:

Մենք՝ մեր պատմական հայրենիքի՝ Մեծ Հայքի վերջին 1/10-րդ հողաբեկորի վրա մեր պետականությունն ու բանակը վերակերտածներս, հատկապես այդ վերակերտման անմիջական մասնակից ու ժամանակակիցներս ուղղակիորեն չունենք այլ տարբերակ, չունենք այլընտրանք՝ հաղթելուց բացի:

Առանց պաթոսի ու բարձրագոչության, ուղղակիորե՛ն, ասվածի ամենաուղիղ իմաստով՝

Հաղթանակը մեր հայրենիքում մեր ու մեր երեխաների ազատ գոյության ու ապագայի իրավունքի վերահաստատումն է:

Հաղթանակը մեր ու մեր երեխաների, հաջորդ սերունդների համար ինքնիշխան և կանգուն Հայոց պետականության շարունակականության ապահովման պարտքն ու պարտականությունն է:

Հաղթանակը մեր՝ չկոտորվելու և ապրելու իրավունքն է:

Մենք չենք կարող չհաղթել թշնամուն, որքան էլ որ նա լինի մեծաքանակ, նենգ ու արնախում:

Մենք չենք կարող չհաղթել: Չհաղթել, նշանակում է թույլ տալ, որ դարավոր թշնամի հակամարդը ավարտի 1895-ին սկսած եղեռնը, 1915-23-ին ծավալած ցեղասպանությունը և երկրի երեսից վերացնի Հայաստանը և պետականությամբ համախմբված հայությանը: Մեզ: Բոլորիս: Մեծին ու փոքրին: «Սևին» ու «սպիտակին»: Առաքելականին ու աթեիստին: Բոլորին:

Սա այսօր հենց բոլորն էլ կամ բոլորս էլ, վստահաբա՛ր, պարզորոշ գիտակցում ենք՝ մեկ-երկու մարգինալային անհեթեթախոսների չհաշված (որոնց անդրադառնալու պահը դեռ կլինի անխուսափելի հաղթանակից հետո):

Ու հենց այդ գիտակցումն էլ է գալիս հաստատելու, որ հաղթելու ենք:

Մենք հաղթել ենք, երբ փորձության պահին համախմբվել ենք, ինքնակազմակերպվել, զինվել ու դիմադրել: Հաղթել ենք բազմապատիկ գերազանցող թշնամուն, կապ չունի՝ անատոլիական թուրքերի դեմքով է վրա տվել, թե արևելյան՝ ադրբեջանաթուրքերի:

Այդպես եղել է 1915 թվականին Վանում, այդպես եղել է Մուսա լեռում, այդպես եղել է 1918-ին՝ Սարդարապատում, այդպես եղել է Լեռնահայաստանում...

Այդպես եղել է 1992-ին՝ Շուշիի ազատագրմամբ, այդպես եղել է Արցախի ազատամարտում:

Այդպես եղավ 16-ի ապրիլին ու Տավուշի այս տարվա մարտերում:

Ու այդպես լինելու է հիմա՛, այսօ՛ր, այստե՛ղ, բոլո՛ր ճակատներում: Օմարից մինչև Արաքս, Վարդենիսից մինչև Տավուշ:

Մենք հաղթելու ենք, որովհետև ընդունակ ենք վճռական պահին կտրուկ մի կողմ դնելու մեր ներքին «զրույցների» թեփը ու կենտրոնանալու մե՛կ գերնպատակի վրա, գերխնդրի լուծման վրա. հաղթել թշնամուն, պարտադրել նրան խաղաղություն՝ ձեռքի տակ եղած բոլո՛ր միջոցներով, ամենուր:

Մենք հաղթելու ենք, որովհետև այս բախտորոշ պահին տեսնում ենք, որ ով ինչ էլ ասի՝ ազգի բուն կորիզը, ազգի սերուցքը մեկ մարդու նման կանգնած է իր Բանակի կողքին, իր Պետության, իր Հայրենիքի պաշտպանության դիրքում: Կանգնած է վճռական, ու կանգնած ենք մեր ամեն մի հնարավորությամբ ընդհանուր պայքարին մեր նպաստը բերելու պատրաստակամությամբ: Ու մեր համերկրացի, նաև՝ բախտակից եղբայր-ժողովուրդներն էլ կանգնած են մեր կողքին, մեր հետ, նույն խրամատում:

Այս օրերին մի քանի տեղ հանդիպեցի այս ձևակերպմանը. «Սա մեր Հայրենական պատերազմն է»: Հարկավ, սա մեր Հայրենական պատերազմն է: Բայց, նկատեմ նաև, որ մեր ընթացքն ու ճակատագիրն այնպիսին են, որ մեր բոլո՛ր պատերազմներն էլ Հայրենական են: Մենք մեր հողն ու ջուրն ենք պաշտպանում, մեր տան մեջ ապրելու մեր աստվածատուր իրավունքը: Մեր մաշտոցյան գիրը գրելու, մեր հազարամյա եկեղեցիների գմբեթի տակ մեր Աստծուն դիմելու մեր իրավունքը:

Ես չգիտեմ, ու ոչ ոք այս պահին չի կարող ասել կամ կանխատեսել, թե որքան կտևի ու է՛լ որ ուղղություններով կծավալվի մեր դարավոր թշնամու սանձազերծած պատերազմը:

Բայց ինչպես բոլոր համախմբված իմ հայրենակիցները, արդեն վերը ասվածի հիմքով նաև, վստահ եմ, որ հաղթելու ենք:

Հաղթե՛լ ու հաղթելո՛ւ ենք:

Հաղթելու ենք, որովհետև ինչպես երբեք, տարբեր հանգամանքների բերմամբ, մեր հույսը միայն մեր, մեր բանակի ու մեր համազգային ներուժի վրա կարող ենք դնել գլխավորապես:

Անհնար է սրտի կսկիծով ու նյարդային պրկմամբ չընդունել մեր տասնյակ ու տասնյակ հերոս տղաների զոհվելու դաժան իրողությունը: Մեր լուսավոր զավակների, մեր երիտասարդ, գրեթե պատանի, բայց տղամարդավարի ու առյուծաբար կռվելով ռազմի դաշտում ընկած Զինվորների ու Սպաների անունները: Մարդիկ, որ հանուն Հայրենիքի ու մեր գոյության տվեցին իրենց կյանքը...

Ու նաև հանուն մեր այդ տղաների թափած արյան մենք ուղղակի պարտավոր ենք հաղթել՝ կրկնակի իմաստավորելով իրենց զոհողությունը:

Դա ծա՛նր, շա՛տ ծանր գին է, որ տալիս ենք ազգովի, բայց այն պարզորոշ գիտակցությամբ, որ դրված է մեր՝ ազգովի լինել-չլինելու անայլընտրանք հարցը:

Ես չգիտեմ, ու ոչ ոք չի կարող ասել, թե նենգ թշնամին էլ ինչ բնակավայրեր կթիրախավորի: Բայց ես տեսնում եմ, որ ամբողջ Հայաստանը պատրաստ է տալ ամեն ինչ՝ թշնամուն հաղթելու համար, պատրաստ է մեկ մարդու պես, միակամ ու վճռական:

Ու մենք հաղթելու ենք, որովհետև այս թշնամու և նրան դիմակայելու հարցում մենք մեկ ենք:

Մեր գործն արդար է:

Թշնամին ջախջախվելու է:

Հաղթանակը մե՛րն է լինելու:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը