Աշխարհ

30.09.2020 11:23


«Ինչո՞ւ ենք մենք պատերազմի կոչ անում, երբ ամբողջ աշխարհը խաղաղության կոչ է անում». Կարո Փայլանը հարցում է ուղարկել Էրդողանի աշխատակազմին

«Ինչո՞ւ ենք մենք պատերազմի կոչ անում, երբ ամբողջ աշխարհը խաղաղության կոչ է անում». Կարո Փայլանը հարցում է ուղարկել Էրդողանի աշխատակազմին

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը bianet.org կայքին տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ Թուրքիայի կողմից Ադրբեջան «ուղարկած զինյալների մասին լուրերի» առնչությամբ և մի շարք այլ տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է ուղարկել Թուրքիայի նախագահականի աշխատակազմին:

Մեկնաբանելով Թուրքիայի կողմից սիրիացի զինյալների ուղարկումն Ադրբեջան՝ Փայլանն ասել է.«Ես դրա վերաբերյալ հարցում եմ ուղարկել նախագահական նստավայր և հետաքրքրվել եմ՝ արդյոք ճիշտ են այդ պնդումները: Այդ պնդումների վերաբերյալ բացատրություններ ենք սպասում մեր, այնուհետև` Ադրբեջանի կառավարությունից»:

Հայազգի պատգամավորը նշել է, որ Թուրքիան աշխարհի միակ երկիրն է, որ Ղարաբաղում պատերազմի կոչ է անում:

«Աշխարհում մեկ պետություն կա, որը պատերազմի կոչ է անում: Դա այն երկիրն է, որի քաղաքացին և պատգամավորը ես եմ` Թուրքիան»,-ասել է Փայլանը:

Հայազգի պատգամավորը նշել է նաև, որ երկու հարևան երկրների միջև հակամարտության ժամանակ Թուրքիան չպետք է ինչ-որ մեկի կողմը բռնի:

«Մի քանի օր է պնդում են, որ Ղարաբաղի հայկական ուժերը հարձակվել են Ադրբեջանի վրա: Սակայն Հայաստանը հարձակման ոչ մի պատճառ չունի: Այս դեպքում Թուրքիան ու Ադրբեջանն են ցանկանում փոփոխություն մտցնել»,-նշել է հայազգի պատգամավորը:

Կայքում նշված է նաև Կարո Փայլանի` նախագահական նստավայր ուղարկած հարցման բովանդակությունը: Այն է`

1. Ղարաբաղյան պատերազմում ինչո՞ւ եք կրակի վրա բենզին լցնում:

2. Ինչո՞ւ ենք մենք պատերազմի կոչ անում, երբ ամբողջ աշխարհը խաղաղության կոչ է անում:

3. Մի՞թե չեք հասկանում, որ ռասիստական արտաքին քաղաքականությունը բոլորի պարտությունն է:

4. Պատերազմին աջակցում եք Ադրբեջանին ավելի շատ զենք վաճառելո՞ւ նպատակով:

5. Թուրքիայի կողմից դեպի Ադրբեջան սիրիացի վարձկանների տեղափոխման մասին լուրը ճի՞շտ է:

6. Հիշո՞ւմ եք արդյոք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ենք:

7. Հասկանո՞ւմ էիք արդյոք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը ավելացնում է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում:

8. Ինչո՞ւ եք հայերին թշնամի, իսկ ադրբեջանցիներին եղբայր համարում, երբ մենք ունենք և՛ հայ, և՛ ադրբեջանցի քաղաքացիներ:

9. Հայտնի՞ է ձեզ, որ հայ ազգի դեմ ձեր թշնամական խոսքերը ուղղվել են մեր քաղաքացիների դեմ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 81 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը