Մեկնաբանություն

02.10.2020 22:30


Էշ նստելը մի՛ այիբ է, էշից իջնելը` երկու այիբ

Էշ նստելը մի՛ այիբ է, էշից իջնելը` երկու այիբ

Ադրբեջանի «կիրթ և կառուցողական» բռնապետն ու նրա թելերը ձգող Թուրքիայի միապետը` Սիրիայում, թուրքական յաթաղանի թափի տակ ընկած մյուս «գոտիներում» հեղած արյան հոտից արբեցած Էրդողանը, սխալվել էին իրենց հաշվարկներում` թերագնահատել էին մեր հնարավորությունները, և ակնհայտորեն տապալել են հաշված օրերի ընթացքում Հայաստանին մահացու հարված հասցնելու, Արցախը`կոտրելու և ձեռաց «վերցնելու» պլանային առաջադրանքը, բայց համառորեն չեն ուզում առերեսվել ճշմարտության հետ։

Կարծում էին` երկուսուկես տարի շարունակ, ոչ առանց իրենց «օգնության» Հայաստանում, հատկապես վիրտուալ տիրույթում` սոցիալական ցանցերում ու կասկածելի աղբյուրներից ֆինանսավորվող սնկի պես բազմացած «անկապ-թիվիներում», «ֆեյք-նյուզերում» բորբոքվող հակաարցախյան տրամադրություններն արել են իրենց սև գործը։

Հույս ունեին, թե մեր հասարակությունն այնքան է ջլատված ինքնակերության հայկական հիվանդությամբ և «սև-սպիտակ» բաժանարար գծերով, որ առաջին իսկ «թեթև քամուց» կփլվի ավազի տնակի պես։

Իրենք իրենց ներշնչել էին, թե Հայկական զինուժն առաջվանը չէ` կենդանի լեգենդ դարձած հրամանատարների, Արցախյան ազատամարտը հաղթած ռազմական գործիչների սերուցքից «զրկվելով», կորցրել է թուրք-ադրբեջանական համատեղ սպառնալիքին դիմակայելու ունակությունը և էլ ի վիճակի չէ դիմանալ անվտանգության մարտահրավերներին (հանուն արդարության, պետք է ասել, որ այդ վտանգն իրականում կար, և փառք Աստծո, որ Արցախի պաշտպանության բանակն իր անկոտրուն կամքով, հստակ և հաշվարկված գործողություններով ցույց տվեց, որ այդ մտահոգությունները չափազանցված էին)։

Ոգևորվել էին կորոնավարակային ճգնաժամի հաղթահարման «ճակատում» մերոնց դրսևորած «տոտալ անձեռնահասությունից»` որոշել էին, որ ինչպես մահաբեր վիրուսի դեմ պատերա՛զմը տանուլ տվեցինք մեր անհետևողական, անկազմակերպ, հախուռն, ցաքուցրիվ, տարերային որոշումներով, ուշացած և անտրամաբանական քայլերով, այնպես էլ Արցախը տանուլ կտանք ու կմատուցենք իրենց զոհասեղանին։

Եվ, իհարկե, սխալվել էին միջազգային հասարակական կարծիքի վերաբերյալ իրենց կանխատեսումներում. սպասում էին, թե անհրաժեշտ և բավարար քարոզչական քողածածկույթ էին ապահովել սեփական ցեղասպան նկրտումներն անխոչընդոտ կյանքի կոչելու համար` աշխարհը հալած յուղի տեղ կընդունի իրենց ստահոդ պնդումները, հայտարարությունները հայկական կողմի նախահարձակ գործողությունների, «Հակահարձակում» օպերացիայի մասին, և հեշտ ու հանգիստ կուլ կտա տասնամյակներ շարունակ տարածվող կեղծ տեղեկատվությունը, որ մեթոդաբար տիրաժավորում էին` պատրաստվելով «վճռական ճակատամարտին»։ Պարզվեց` միջազգային հանրությանը մատի վրա «ֆռռացնելը»` իրողությունները ոտքից գլուխ շուռ տալն այնքան էլ հեշտ չէ։

Այո՛, մեր միջազգային գործընկերները դեռ շարունակում են անհասցե հայտարարություններ անել, խնայում են Ադրբեջանին ու իր բռնապետին` շեշտը դնելով ավելի շատ Թուրքիայի բացահայտ սադրիչ, հրահրիչ, մեղմ ասած` ապակառուցողական դերակատարության վրա, զգուշացնելով «արտաքին միջամտության» անթույլատրելության, դրսից «ներմուծված» վարձկանների միջոցով տարածաշրջանը վառոդի տակառի վերածելու, միջազգային ահաբեկչության թատերաբեմ դարձնելու սպառնալիքների մասին, այդքանով հանդերձ`աշխարհը շատ ավելի «էմոցիոնալ» արձագանքեց Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական համատեղ էքսպանսիային, քան «ոմանք» կարող էին ենթադրել։

Եվ ինչքան հանցավոր տանդեմն ավելի առաջ է գնում իր հանցավոր նկրտումների մեջ` ցուցադրաբար թիրախային հարվածներ հասցնելով Արցախի խաղաղ բնակչությանը և իրենց մասնագիտական պարտքը կատարող լրատվամիջոցների ներկայացուցիչներին, այնքան ավելի հասցեական են դառնում միջազգային ահաբեկչության «լավագույն ավանդույթներով» միջազգային իրավունքի ամենատարրական նորմերի դեմ իրականացվող այդ անմարդկային ոտնձգությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարությունները։

Հենց միայն այն փաստը, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ջրեց Ադրբեջանի հույսերը` 90-ականներին ընդունված հայտնի 4 բանաձևերի ոգով մի բանաձև էլ իրենց իսկ կողմից սանձազերծած ա՛յս պատերազմի առնչությամբ կորզելու ԱԽ մշտական անդամ-երկրներից, պահանջեց անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների սեղան, արդեն պետք է սթափեցնող ազդակ լիներ թուրք-ադրբեջանական «ցեղասպան ալյանսի» համար։

Բայց Էրդողան-Ալիև հանցագործ զույգը «վա բանկ» է գնացել` «ափաշքյարա» թքել է, թքում է միջազգային կարծիքի վրա՛ էլ, միջազգային խոշոր խաղացողների հայտարարությունների վրա՛ էլ, ու շարունակում է իր էշը քշել։ Ավելին` սթափության կոչերին ու հորդորներին պատասխանում է` նոր, ավելի ցավոտ հարվածելով հայկական դիրքերին ու քաղաքացիական օբյեկտներին։

Այնպես որ, սին են հույսերը, թե սրանք կարող է` խելքի գան, ընդունեն, որ սխալվել են իրենց հաշվարկներում ու վերադառնան բանական դաշտ` վերջ կտան արյունահեղությանը. սա այն դեպքն է, որի մասին ասում են` էշ նստելը մի՛ այիբ է, էշից իջնելը` երկո՛ւ այիբ։

Մնում է`զինվենք համբերությամբ, սեղմենք ատամները և անենք այն, ինչով զբաղված ենք անհիշելի ժամանակներից` պաշտպանենք մեր ապրելու իրավունքը և հարատևենք` ի հեճուկս մեր խաղաղ լեռները հերթական անգամ ասպատակած քոչվոր ցեղերի... մինչև կա՛մ էշը կսատկի, կա՛մ իշատերը, կա՛մ` երկուսը միասին...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը