Տնտեսական

21.04.2011 13:48


Ազգային վիճակագրական ծառայությունում ոմանք թվե՞ր են նկարել

Ազգային վիճակագրական ծառայությունում ոմանք թվե՞ր են նկարել

ՀՀ տնտեսական իրավիճակի մասին խոսելիս տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադարձել է Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին, համաձայն որոնց անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ ՀՀ տնտեսական աճը կազմել է 0%։

Շատ ուրախալի է, որ 0% է, անկում չէ։ Սա առաջին ուրախ լուրն է, երկրորդ՝ հետաքրքիր միտում է նկատվում Ազգային վիճակագրական ծառայությունում՝ ոմանք սկսում են թվեր նկարել տարվա սկզբից։ Հատկապես եթե ուշադիր նայենք գյուղատնտեսության ոլորտին, այնտեղ փետրվարը հունվարի վրա գրանցված է 26% աճ, իսկ մարտը՝ փետրվարի հանդեպ՝ 21–23%, այսինքն տարվա սկզբից ինչ–որ մեկն ուզում է արջի ծառայություններ մատուցել ոլորտի պատասխանատուներին,–ասել է Թաթուլ Մանասերյանը։

Նրա խոսքերով՝ ընդհանուր դեռ վաղ է տնտեսական արդյունքների սպասել, դրանք հունիս–հուլիս ամիսներին նոր իրենց զգացնել կտան։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը ևս համաձայնել է, որ 0% աճը արտացոլում է տնտեսությունում առկա իրավիճակը և նշել է, որ տնտեսությունից խոսելը շատ դժվար է, քանի որ տնտեսություն ու տնտեսական քաղաքականություն չկան։

Նա նշել է, որ արդեն քանի տարի է՝ նույն խնդիրներից խոսվում է, ու թերևս դրական  կարելի է համարել, որ արդեն կառավարությունն էլ է սկսել դրանց մասին խոսել.

Սակայն, ի տարբերություն ընդդիմադիր քաղաքական գործիչների, մասնագետների ու փորձագետների, կառավարության առաջին ֆունկցիան պետք է լինի այդ հիմնախնդիրների լուծումը, որովհետև պարզապես խնդիրների խոստովանումն ու բացահայտումը ոչ մի առաջընթաց չեն բերում,–ընդգծել է նա։

Նա նշել է, որ եթե այսպես շարունակվի, հաջորդ տարի ևս կառավարութունը զբաղվելու է հանրապետություն վարկեր բերելով, քանի որ ՀՀ–ն փող չի աշխատում։

Տնտեսական ճգնաժամը Հայաստանում, Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ, դեռ չի ավարտվել.

Դեռ 2 տարի առաջ առիթ ունեցել եմ ասելու, որ մինչ այն պահը, երբ Հայաստանի կառավարությունը չկարողանա տարանջատել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցությունն ու ներքին խնդիրները, մենք երկար ժամանակ դոփելու ենք տեղում։ Տեղի ունեցավ հենց դա։

0% տնտեսական աճը, նրա կարծիքով, դեռ ոչինչ ասել չի կարող, քանի որ անցած տարի էլ 8,8% տնտեսական աճ էր գրանցված, բայց նույն գյուղատնտեսության ոլորտի 23% անկումը եկավ ու հակակշռեց տնտեսական աճին։

Իսկական շարժիչ ուժը փոքր և միջին բիզնեսն է։ Մեզ մոտ փոքր և միջին բիզնեսը մինչև չարթնանա, մինչև այդ առողջ մրցակցությունը չլինի, քանի դեռ կլանում է խոշորը միջինին և փոքրին, չի կարող խոսվել ճգնաժամից դուրս գալու մասին,–ասել է Թ. Մանասերյանը։

Ինչ վերաբերում է արտաքին պարտքին, որը, նրա խոսքերով, եռապատկվեց ճգնաժամի տարիներին, պետք է ներկայացնել, թե ո՞ւր են գնացել այդ գումարները.

Արդյոք դրանից ստեղծվո՞ւմ է արդյունք, որը կսպասարկվի, կկառավարի արտաքին պարտքը, թե՞ իսկապես բեռ է դառնալու, որ վտանգավոր չափերի է հասել։

Արա Նռանյանը նշել է, թե 2011թ. ՀՀ տնտեսության ընդհանուր ծավալը 20%–ով ավելի փոքր է լինելու, քան 2008թ.։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը