Լրահոս

22.04.2011 11:47


Քիմ Քարդաշյան. «Եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը»

Քիմ Քարդաշյան. «Եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը»

Հայազգի ամերիկացի մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանը կոչ է արել ԱՄՆ վարչակազմին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա իր բլոգում գրություն է թողել՝ կոչ անելով ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը միանալ «Վերածնունդ և ճանաչում: Աղոթքի ազգային օր» ակցիային:

Այսպիսով Քարդաշյանը միացել է հանրահայտ ռոք խմբի՝ «System of a down»–ի մենակատար Սերժ Թանկյանին և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կոչերին` պահանջելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից կատարել ԱՄՆ հայ համայնքին տված խոստումը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

–Իմ ընտանիքը և ես հպարտանում ենք մեր ժառանգությամբ: Իմ հայրիկը շատ բան է մեզ սովորեցրել հայկական մշակույթի մասին և ես սերտորեն կապված եմ իմ արմատներին: Ամեն տարի ես հարգում եմ 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Չնայած նրան, որ աշխարհի շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի կառավարությունը նախկինի նման հերքում է այդ փաստը:

Հայոց ցեղասպանությունն ավելի վաղ է իրագործվել, քան Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները և Հոլոքոսթը: Հնարավոր է, այդ ցեղասպանություններից մեկը չլիներ, եթե ավելի շատ երկրներ դատապարտեին Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում 1.5 միլիոն հայ է սպանվել:

Որոշ մարդիկ կարող են հարց տալ, ինչո՞ւ եմ ես խոսում այդ պատմության մասին իմ բլոգում: Ես փորձում եմ ցույց տալ, որ դա պատմություն չէ: Քանի դեռ այդ հանցագործությունն անպատիժ է և այդ խնդիրն արդարացի լուծում չի գտել, հայ ժողովուրդն ապրելու է ցավով և վախով, որ իրենց ընտանիքների հետ տեղի ունեցածը կարող է նորից կրկնվել իրենց հայրենիքում: Այսպես, անմեղ զոհերի հիշատակի հարգանքից ելնելով այսօր ես լույս եմ սփռում դրա վրա:

Այսօր հազարավոր հայեր հավաքվելու են Լոս Անջելեսում ի նշան Հայոց ցեղասպանության ժխտման դեմ բողոքի ցույցի և կոչ են անելու ԱՄՆ վարչակազմին ճանաչել այդ փաստը: Այս տարի ապրիլի 24-ը համընկնում է Զատիկի հետ: Հայերն աշխարհում առաջինն են ընդունել քրիստոնեությունը: Նույնիսկ այդ ուրախալի օրը մենք հիշելու ենք Հայոց ցեղասպանությունը և հարգելու զոհերի հիշատակը:

Այս կարևոր օրը իմ մտքերը և աղոթքները լինելու են իմ հայրենակիցների հետ: Ես միշտ հպարտորեն կանգնելու եմ ձեր կողքին,– ասված է Քիմ Քարդաշյանի  գրության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը