Լրահոս

27.04.2011 14:44


Միջազգային կոալիցիան ռազմական գործողություններ Սիրիայում չի նախատեսում

Լիբիայում պատերազմող միջազգային կոալիցիան չի նախատեսում Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնել, քանի որ գիտակցում է իր հնարավորությունների սահմանափակությունը։ Այս մասին Պենտագոնում կայացած հանդիպման  արդյունքները ներկայացնելիս լրագրողներին հայտնել են ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Ռոբերտ Գեյթսն ու Լիամ Ֆոքսը։

«ՌԻԱ նովոստին» գրում է, թե պատասխանելով Սիրիայի իրադրությանը չմիջամտելու պատճառների մասին հարցին՝ Ֆոքսն ասել է. «Մենք չենք կարող մշտապես անել ամեն ինչ։ Մենք պետք է հասկանանք, որ մեր երկրների կարողությունները սահման ունեն»։

Վերջին երկու ամիսներին Սիրիայում զանգվածային խռովություններ են իրականացվում, որոնք սկսվել են մարտի կեսերին՝ Հորդանանի հետ սահմանակից Դերաա քաղաքում դպրոցականների խմբի ձերբակալումից հետո, ովքեր պատերին հակակառավարական կարգախոսներ էին գրել։ Մարդիկ փողոց էին դուրս եկել դեռահասներին ազատ արձակելու պահանջով։

Հետագայում հուզումները տարածվեցին այլ շրջաններում, մասնավորապես Լաթաքիա, Բանիյաս, Հոմս, Համա քաղաքներում ու մայրաքաղաք Դամասկոսի մի քանի արվարձաններում։ Իրավապաշտպանների տեղեկությունների համաձայն՝ ցուցարարների ու անվտանգության աշխատակիցների միջև բախումների հետևանքով զոհվել է ամենաքիչը 400 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը