Մեկնաբանություն

11.11.2020 16:05


Նիկոլը Արարատ Միրզոյանին «ժերտվա՞» էր տվել

Նիկոլը Արարատ Միրզոյանին «ժերտվա՞» էր տվել

Միայն անուղղելի միամիտը կամ բացարձակ անգործունակը կարող էր մտածել, թե Փաշինյանի ստորագրությամբ մեզ վերջին պահին կապիտուլյացիոն ակտ դեմ տալն ու այն հրապարակելը անարձագանք էր մնալու և պոռթկում ու ցասում չէր հարուցելու: Միայն իրականությունից կտրվածը կարող էր չմտածել, որ մարդիկ ինքնաբուխ փողոցներ ու հրապարակներ չեն ելնի, որքան էլ որ կեսգիշերն անց է:
Ինքս այդ սև օրվա գիշերը, ժամը 3:30-ից 5:30-ի միջակայքում եղել եմ թե՛ կառավարության շենքի մոտ, թե՛ Ազգային ժողովի: Հասկանալի է, որ ճանապարհի մեծ մասը ոտքով, չեմ ուզում ասել՝ քայլելով եմ անցել: Իմ աչքի տեսածը կարող եմ վկայել:

Այո, թե՛ կառավարության շենքի մոտ ու շենքում, թե՛ ԱԺ շենքի մոտ ու շենքում տեսել եմ բազմաթիվ բորբոքված հայրենակիցների: Բայց չեմ տեսել, որ հավաքվածները կոնկրետ կազմակերպվածությամբ կամ համակարգված էին գործում: Ամենաբազմաշերտ բազմություն էր, ամենատարբեր տեսակի ու ցենզի մարդիկ կային:
Բայց ես հենց այդտեղ ու այդ պահին սկսեցի ինքս ինձ հարցնել՝ ինչո՞ւ են այսքան անպաշտպան վիճակում պետական կարևոր հաստատություններն ու շենքերը: Առավել ևս, որ իշխանության տրամադրության տակ կային բավարար թվով ոստիկանական ու անվտանգային ուժեր:
Լավ, դեռ կառավարության շենքը ուղիղ հրապարակի վրա է, մեծադիր լուսամուտներով, ու գործնականում այդ իմաստով՝ անհարմար՝ պահպանության ու անվտանգության ապահովման տեսակետից: Ամեն դեպքում, ինքնաբուխ հավաքված բազմությունն էլ հազարների չէր հասնում այդ պահին, երբ դուռ-լուսամուտներ էին ջարդվել:
Իսկ խորհրդարանի՞ շենքը: Իսկ վարչապետի կեցավա՞յրը, այսպես ասած՝ «դաչաները»: Թե՛ մեկի, թե՛ մյուսի տեղակայումն ու դիրքն այնպիսին են, որ ոստիկանության ու ԱԱԾ-ի համար անլուծելի խնդիր չպետք է լիներ դրանց պահպանության ապահովումը:

Իսկ հնարավո՞ր է, որ այդ բոլոր՝ պետական կարևորության շենք-շինությունները հատուկ էին այդպես անպաշտպան ու «հասանելի» թողնված՝ հավաքված բազմաշերտ բազմության համար: Գուցե դա սադրա՞նք էր նույն այս փաշինյանական իշխանության կողմից:

Այո, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ գործադրված բռնությունը և՛ դատապարտելի է, և՛ իր դրսևորման ձևով էլ զզվելի: Բայց մի հարց էլ՝ Արարատ Միրզոյանը կեսգիշերն անց ինչո՞ւ էր աշխատավայրում, այն էլ՝ զավակի հետ: Եվ, եթե նա այնտեղ էր, ապա ինչո՞ւ էր անպաշտպան իրավիճակում: Իսկ հնարավո՞ր է, որ փաշինյանը նրան պարզապես «ժերտվա էր տվել» կամ այդ դերում նախատեսել: Սրանցից, ախր, ինչ ասես սպասելի է:

Արարատ Միրզոյանի մոտեցումն էլ է դժվար ընկալելի: Եթե նա վտանգ էր զգացել ու դրա համար էր որոշել գիշերվա կեսին գնալ ԱԺ կամ, օրինակ, չհեռանալ ԱԺ-ից, ապա զավակի՞ն ինչու էր իր մոտ թողել: Որ ի՞նչ լինի:
Ովքե՞ր էին, ինչացո՞ւ են հավաքված բազմության մեջ հայտնված ջարդարարներն ու 15-20-ով մեկին վրա տվողները: Ովքե՞ր էին ԱԺ-ում ջարդուխուրդ անողներն ու ինքնագոհ, այն էլ՝ եռագույնով սելֆի անողները: Ովքե՞ր էին վարչապետի կեցավայրից ինչքակապտություն անողները, ինչ-որ ժամացույց կամ այլ իրեր թռցնողները:
Իրականում բորբոքված, պահանջ ու հարց ունեցող մարդիկ մի՞թե ԱԺ շենքում ջարդված կահույքի ֆոնին սելֆի անելու համար էին այնտեղ գնացել:
Ինքս տեսել եմ մարդկանց, որ կոչ էին անում ոչինչ չջարդել, չվնասել, դուրս գալ շենքերից, որտեղ ոչ մի պաշտոնյա կամ հավաքվածների հարցերին պատասխանելու կարգավիճակ ունեցող չկար:
Բայց հասկանում եմ նաև, որ կարող էին լինել և հատուկ ջարդարարության համար «հրավիրվածներ»: Ինչո՞ւ: Այն շատ պարզ պատճառով, որ իշխանությունը կամ այն, ինչ այդ իշխանությունից մնացել է, ուժային գործողությունների դիմելու և հանրային իրական պոռթկումն ու բողոքը ճնշելու ինչ-ինչ հիմքեր ունենա: Թեկուզ այն բանի համար, որ նիկոլ փաշինյանը ինչ-ինչ անհավասարակշիռ ու սադրիչ կոչեր անի՝ վրեժ լուծելու, հաշվեհարդար տեսնելու վերաբերյալ:
Մեծ հաշվով, այն բանի համար, որ ստորացուցիչ խայտառակության փաստի առաջ դրված երկրի ներսում քաոս ու արյունահեղություն հրահրվի՝ առհասարակ պետությունը կործանելու և թուրքի ծրագիրը վերջնական ավարտին հասցվի: Դա՞ էր այդ ժամացույցագող սադրիչների ներդրման բուն նպատակը:
Ի դեպ, այդ «տեսակի» մասին: Այն, որ վարչապետի կեցավայրում ինչքակապտությամբ էին զբաղվում ու իրենցից գոհ՝ նկարվում կամ նկարում այդ ամենը: Ոչինչ չի՞ հիշեցնում:

Ուղիղ երկուսուկես տարի առաջ, 2018-ի մայիսի 8-ի, թե հաջորդ օրվա երեկոյան «դմփ-դմփ-հու»-ականների փրկիչ ու կուռք նիկոլ փաշինյանը Բաղրամյան 26-ից լայվ էր մտել, սանհանգույցի ու զուգարանակոնքի ճոխությունն էր ցույց տալիս, եղած-չեղածը: Իսկ ո՞վ կհիշի այն դրվագը, երբ դարակները «ուղիղ միացմամբ» քրքրելու, տնտղելու ընթացքում ՀՀ զինանշանի պատկերով շոկոլադե մեդալիոն գտավ ու՝ «մե ուրախությո՜ւն...»:

Երկուսուկես տարի անց, արդեն իր՝ նիկոլ փաշինյանի կեցավայրից ժամացույց թռցնողների ռեակցիան հիշեցրեց 2018-ի այդ դրվագը...
Այս ամենը՝ դեռ չասած այն մասին, որ Արարատ Միրզոյանի վրա հարձակումը, այդ ջարդարարությունները շատ հարմար դեպքեր էին՝ բուն ողբերգությունից ուշադրություն շեղելու, զուգահեռ ինչ-որ քարոզչական հնարքներ անելու, բողոքող ու բնականորեն վրդովված քաղաքացիներին համատարած «ջարդարարի» շտամպի տակ մտցնելու համար: Ի վերջո, հենց այնպես չէր, որ հայրենիքը թշնամուն հանձնող խայտառակագիր ստորագրածը «ուղիղ միացմամբ» դրել ու երկրի ներսում ինչ-որ վրեժ լուծելու կոչեր էր անում: Դու, ի՞նչ է, ոստիկանություն, իրավապահ մարմիններ չունե՞ս այլևս տրամադրությանդ տակ:

Ինչ վերաբերում է սադրանքներին կամ դրանց հնարավորությանը, ապա դրանք ստանդարտ իշխանական «գործիքներ» ու ճիգեր են՝ աթոռից կառչած, խառնակչական գործելակերպ ունեցող իշխանավորների համար: Հուսով եմ, անիմաստ ու արդեն ավելորդ ճիգերը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը