Մեկնաբանություն

25.11.2020 22:46


Քաղաքական դիակ, որը գերադասեց հայրենիքը նվիրել թուրքին, բայց ամեն գնով պահել... իմաստազրկված աթոռը

Քաղաքական դիակ, որը գերադասեց հայրենիքը նվիրել թուրքին, բայց ամեն գնով պահել... իմաստազրկված աթոռը

Ոմն մեկը, որ համակողմանի քաղաքական դիակ է, որ հայրենիքը թշնամուն տվողի, եթե ոչ հենց դավաճանի խարանը դաջել է իր ու իր ժառանգների ճակատին, այսօր ինչ-որ հնչյուններ է արձակել: Սույնը՝ նիկոլ փաշինյան անուն-ազգանունով, ինչ-որ բաներ է խոսել առ այն, թե՝ իր հեռանալու կամ հրաժարականի վերաբերյալ ընդդիմության կոչերը հանրության կողմից լայն աջակցություն չեն ստանում:

Ասվածի մեջ մակերեսային որոշ իրականություն կա: Իրականությունն այն է, որ կոնկրետ 17 կուսակցությունների հավաքներին տասնյակ հազարավոր մարդիկ չեն միանում: Տարբեր պատճառներ կան դրա համար: Այդ թվում՝ հասարակության քայքայվածությունը, զոմբիացումը, մի որոշակի մասի կողմից սեփական ճակատագրի ու երկրի հանդեպ, կներեք, «թքած ունենալը»: Սակայն բնակչությունն էլ բազմաշերտ է: Իսկ մարդկանց իներտության վերաբերյալ տպավորությունը, որի վրա էլ հիմնվում է փաշինյանը, մեծ հաշվով խաբուսիկ է:

Իրականությունն այն է, որ եթե անգամ ընդդիմության հավաքները լայն արձագանք չեն ստանում կոկրետ հրապարակում, նիկոլ փաշինյանի հանդեպ անեծքը, նզովքն ու հայհոյանքը գնալով ավելի ու ավելի լայն արձագանք են ստանում ու տարածվում են: Այո, տարածվում ու բազմապատկվում են՝ թուրքին նրա նվիրած ամեն մի շրջան թշնամուն հանձնելու կադրերի ու այդ ողբերգական իրականությունն ընկալելուն զուգահեռ, փաշինյանի ու նրա կողմնակիցների հերթական լպիրշ ու ցինիկ հայտարարությանը զուգահեռ, փաշինյանական իշխանության հերթական ստի ու կեղծիքի բացահայտմանը զուգահեռ և այսպես շարունակ:

Այդ մարդիկ, որպես կանոն, որևէ քաղաքական ուժի կամ միտինգի միացող չեն: Բայց նիկոլ փաշինյանին ու նրա կապիտուլյանտ և իր հանցակից-թիմակիցներին դա ավելի շատ ոչ թե պետք է որոշ չափով հանգստացնի, այլ հակառակը՝ խորապես անհանգստացնի: Ոչ ոք չի կարող վստահ լինել, թե ինչ կարելի է սպասել որդուն կորցրած, հայրենիքին տված իր զինվորի մասին երկու ամիս տեղեկություն չունեցող՝ անհայտ կորած զինվորի՝ վշտից խենթացած ծնողներից ու հարազատներից: Ոչ ոք չի կարող վստահ լինել, թե ինչի են ընդունակ տուն-տեղ, հայրենիք, գյուղ ու ապագա կորցրած մարդիկ, անկախ այն բանից՝ մեր այդ հայրենակիցները մասնակցո՞ւմ են որևէ քաղաքական հավաքի, թե՞ չեն մասնակցում, առհասարակ, քաղաքականացվա՞ծ են, թե՞ ոչ:

Սա, ի միջի այլոց: Այնպես որ, այն «քայլականները», որոնք, տեսեք-տեսեք՝ նեղսրտում են, թե իրենցից մեկնումեկի տան բակում մարդիկ «դավաճան-դավաճան» են վանկարկել, թող իզուր չծեքծեքեն: Նրանք, եթե տեսանելի հեռանկարում չհայտնվեն այնտեղ, ուր առայժմ «նստեցնում» են ընդդիմախոսներին, պետք է վարժվեն, որ իրենք ու իրենց մերձավորները շարունակելու են ապրել նման մղձավանջի մեջ: Ամե՛ն օր: Մինչև իրենց թշվառ կյանքի վերջը: Ասվածը, բնականաբար, ոչ սպառնալիք է, ոչ էլ ինչ-որ մեկի նկատմամբ բռնության ակնարկ կամ կոչ: Ամենևին: Սա առկա իրականության ու կանխատեսելի հետագայի պարզ արձանագրում է:

Լավ, թողնենք այն, թե ինչ կոչեր է անում ընդդիմությունը կամ չի անում: Տեղի ունեցածը, նիկոլ փաշինյանի ստորագրած կապիտուլյացիան, ու, չմոռանանք՝ դեպքերի ու պատերազմի ընթացքը նման խայտառակ, երկրակործան պարտվողագրի ստորագրման հանգեցնելու հանցանքը (կապ չունի՝ միտումնավոր-ծրագրած, թե տխմարությամբ պայմանավորված) աններելի է: Աններելի է ներկա ժամանակում, և այդպիսին է մնալու պատմության մեջ: Առհավե՛տ:

Երկրորդը՝ սա այն դեպքը և այն վիճակը չէ, որ բանակը պարտության տարած, ահռելի կորուստների մատնած, Արցախը թշնամուն հանձնած, Հայրենիքի մնացյալ մասի հետագա գոյությունը հարցականի տակ դրած անձը, պետության ղեկավարի կարգավիճակում գտնվողը... շարունակի պաշտոնավարել: Անկախ այն բանից, թե ինչ կոչեր է անում ընդդիմությունը կամ չի անում, անկախ այն բանից, թե առհասարակ ով ինչ կոչ է անում, քանի հազար մարդ է փողոց ելել կամ չի ելել, կես կաթիլ արժանապատվություն և մեկ գրամ պատասխանատվություն, երկու միլիմետր խիղճ ունեցող որևէ պետական գործիչ ուղղակի կհեռանար: Հնարավոր է, նույնիսկ ինքնասպան լիներ (պատմությունը բազում նման օրինակներ է տվել):

Բայց սա եզակի տիպ է: Փաստորեն, թշնամու առաջ գետնատարած փռված, նույն թշնամու կողմից ամենանվաստացուցիչ կերպով ստորացված այդ էակի (ու նրա թիմակիցների, նրան այսքանից հետո էլ լպստողների) համար գերադասելի է Արցախը նվիրել թուրքին, բայց ամեն գնով պահել...վարչապետի աթոռը:

Իմաստազրկվա՛ծ աթոռը: Իմաստազրկված, քանի որ թե՛ Արցախի հանձնվող տարածքներից հայության գաղթի ընթացքը, թե՛ այն մղձավանջը, որ կատարվում է արդեն բուն պատերազմական գործողություններից հետո պարզորոշ ցույց են տալիս ոչ միայն Արցախի կորուստը, այլև Հայաստանի ինքնիշխանության, սուբյեկտայնության, պողոսների համար ասած՝ անկախության կորուստը: Եթե անգամ Արցախի բեկորների վրա մնացած հայերի ջեռուցման, մեր ռազմագերիներին վերադարձնելու և նման մի շարք այլ հարցեր անմիջականորեն Պուտինն է լուծում կամ կարգավորում, ապա ո՞րն է ՀՀ վարչապետի ինստիտուտի կամ աթոռի իմաստը:

Մոլագարային տպավորություն թողնող համառությամբ նման վիճակում վարչապետի աթոռից կառչելը կարող է սահմանափակ վարկածներով խելամիտ բացատրություն ունենալ: Առաջինն, ինչ մտքիդ գալիս է, այն է, որ նիկոլ փաշինյանը կամ նրա «թելիկները քաշողները» դեռ կործանման ծրագիրը չեն ավարտել:

Պետք է իրականության համարժեք ընկալման ունակությունից լրիվ զրկված լինել հույսեր փայփայելու համար, որ երկուսուկես տարվա մեջ պետությունը կործանման եզրից էլ այն կողմ տարած ոմն մեկը առաջիկա կես տարվա մեջ «հրաշքներ է գործելու»: Միակ բանը, որ կարող է գործել նման տապալված ու բոլոր առումներով վերջացած անձնավորությունը, այն է, որ Հայաստանը ու հայությանը կտանի նոր ու ավելի դաժան պարտությունների, նոր ու անդառնալի ողբերգության: Եթե այլ բան չլինի էլ, եթե անգամ մի պահ համարենք, թե ոչ մի դավադիր ծրագիր էլ չի եղել, միևնույն է՝ Հայաստանի նման ղեկավար ունենալը միայն է՛լ ավելի է գրգռելու մեր ժողովրդին ու մեր պետությունը բնաջնջել ցանկացող թուրքի ախորժակը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը