Մեկնաբանություն

27.11.2020 15:16


Կառ-ավերի՛չ փաշինյան, Պուտինին զանգահան անելու արանքում մի հատ էլ հայ ժողովրդին «զանգիր», ասա, թե է՛լ ինչեր ես նվիրել թուրքին

Կառ-ավերի՛չ փաշինյան, Պուտինին զանգահան անելու արանքում մի հատ էլ հայ ժողովրդին «զանգիր», ասա, թե է՛լ ինչեր ես նվիրել թուրքին

Սոթքի իրադարձությունները, մսագործի կացնահարվածով արված կտրվածքի նման, ի ցույց դրեցին մեր՝ դեռ գոյություն ունեցող պետության հյուսվածքների բոլոր քայքայիչ ու մահացու ախտերը: Աղոտ հույսեր կան, որ դա տեսան նույնիսկ նիկոլիզմով վարակված, բայց դեռ վերջնականապես չզոմբիացածները ևս: Գոնե նրանց մի մասը:

Եթե ընդհանուր ու տարածական, ապա հիմնական մահացու հիվանդությունը կարելի է անվանել պետական օրգանիզմի ընդհանուր կաթված, կառավարման ու կենսապահովման օրգանների ֆունկցիոնալ կանգ: Լավ, ավելի պարզ արտահայտվենք:

Ի՞նչ կատարվեց Սոթքում:

Իսկ կատարվեց այն, որ թուրքերը, ադրբեջանցիները (էական տարբերություն չկա) լցվեցին Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Սոթքի ոսկու հանքավայր և, այն փորձեցին «իրենցով անել»: Նկատենք, որ այդ հանքավայրի շահագործմամբ ապահովվում է Հայաստանի տենդահար տնտեսության շարժը, պարգևավճարումներից դատարկված պետբյուջեի մուտքերի մի զգալի մաս: Եվ ահա, թուրքերը ազատ, անարգել, չհանդիպելով որևէ ռազմական դիմադրության, ներխուժում են Հայաստանի սուվերեն տարածք ու Սոթքի ոսկու հանք: Թուրք-ադրբեջանական հրոսակին փորձում են հախուռն ու շփոթահար դիմադրել բացառապես Սոթքի ու Վարդենիսի, մերձակա գյուղերի խաղաղ բնակիչները...

Ավելին, ՀՀ պաշտպանության նախարարություն կոչվող հիմնարկությունը, շարունակելով բացահայտ ստախոսության գործելակերպը, փորձում է հանրությանը մոլորության մեջ գցել, թե իբր նման բան չկա... Մի խոսքով, նույն ստերից, ինչ ամբողջ պատերազմի ընթացքում պատմում էին: Բայց նախ, արագորեն տարածվում են տեսակադրեր, համայնքապետերից կորզված տեղեկություններ, որոնք հաստատում են՝ թուրք-ադրբեջանական հրոսակը ազատ-անարգել գրավել է Սոթքը: Եվ հետո, թե՛ «ՀՀ ՊՆ» հիմնարկությունում, թե՛ ինքն իրեն ՀՀ վարչապետ համարողի գրասենյակում այնքան միաբջիջ են, որ չեն հասկանում, որ պատերազմի ժամանակ հետևողականորեն ստելուց հետո, հիմա իրենք ինչ էլ ասեն, հասարակության մեծ մասը տրամագծորեն դրա հակառակն է հասկանալու: Այսինքն, եթե «ՀՀ ՊՆ» սահմանափակ պատասխանատվությամբ կազմակերպությունը որևէ տեղեկություն հերքում է, դա նշանակում է, որ այդ տեղեկությունը ճիշտ է:

Հիմնականը. թուրք-ադրբեջանական հրոսակը բացարձակապես անարգել առաջ է շարժվում, իսկ դեմը՝ ո՛չ դիրք, ո՛չ զորք, ո՛չ դիմադրություն: Այնպիսի տպավորություն է, որ եթե այսօր թուրք-ադրբեջանական զորքերը որոշեն շքերթային շարասյուններով մտնել Երևան, ապա առանց մի կրակոցի կհասնեն իրենց սիրելի նիկոլ փաշինյանի աշխատասենյակի դռան մոտ, իսկ ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ համազգեստ կրող անհասկանալի անձինք թուրքերին երևի մի բան էլ աղուհացով դիմավորեն: Դե, թուրքերը հո հայ ցուցարարնե՞ր չեն կամ «նախկիններ», որ ոստիկան համարվողները ծեծեն, նետեն գետնին, քաշքշեն...

Կարճ ասած, անհասկանալի է. եթե Սոթքի հանքավայրը, թեկուզ տարածքի կեսը նիկոլ փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայով կամ Հայաստանի ու Արցախի ոչնչացման հանձնագրով նախատեսված էր նույնպես նվիրել թուրքերին, ապա միգուցե առնվազն Սոթքի ու մերձակա բնակավայրերի հայությա՞նն էլ դրա մասին զգուշացնեին այս 16-17 օրվա ընթացքում: Իսկ եթե նման բան չկար (կամ եթե նույնիսկ կար), ապա ինչո՞ւ անցած 16-17 օրվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում պաշտպանական դիրքեր, ամրություններ չեն նախապատրաստվել: Ո՞ւր է առհասարակ, Հայաստանի բանակը: Ի միջի այլոց, ո՞ւր են այն ստորաբաժանումները, այն մարտիկները, որ քաջաբար պաշտպանեցին Քարվաճառը, բարձունքները, որոնք հետո «գերագույնը» գրչի մեկ շարժումով, ալիևի դեմ գետնատարած փռված, նվիրեց թշնամուն:

Լավ, մի՞թե Հայոց բանակի միակ գործառույթն այդ իրավիճակում այն էր, որ հանրությանը դեմ տրվի Գլխավոր շտաբի պետի տեղակալը, Ազգային հերոսի կոչում ունեցող գեներալը, ու հայ ժողովրդին բացատրի... որ Սոթքը համարյա թե լրիվ օրինական են նվիրել թշնամուն: Դա՞ է հայ գեներալի գործի անունն ու առաքելությունը...

Լավ, հասկացանք, նիկոլ փաշինյանը, աննա հակոբյանը, «նախագահ» համարվող Արմեն Սարգսյանը ատելով ատում եմ ամեն հայկականը, հայերիս, Հայաստանն ու ամենից շատ՝ Հայոց բանակը: Նրանք, մեկը՝ ճվճվալով, մեկը՝ դավադրաբար, մյուսն էլ՝ «բրիտանական լռությամբ» ամեն կերպ առաջ են տանում ընդհանուր քայքայիչ ու կործանարար գիծը, որի զուգահեռ նպատակներից մեկը Հայոց բանակը, որպես կայացած պետական կառույց, շարքից հանելն ու վարկաբեկելն է:

Իսկ Հայոց բանակում, այն էլ՝ գեներալական ուսադիրներ ու Գլխավոր շտաբի պետի տեղակալի կարգավիճակ ունեցող զինվորականը, մի՞թե չի հասկանում, որ իրեն ոչ միայն օգտագործում են, այլև թե՛ իրեն, թե՛ Ազգային հերոսի կոչումը, թե՛ ի դեմս իրեն՝ Հայոց բանակը վարկաբեկում են ու զրոյացնում:

Դե, իսկ գիշերը հանկարծ արթնացավ Հայաստանի կառ-ավերի՛չը: Արթնացավ, մտավ Ֆեյսբուք ու գրեց, թե մեկ ժամվա մեջ երկու անգամ Պուտինին է զանգել...

Գրառման ներքո հայ ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց «բարձր գնահատականները» արտահայտեցին հիմնականում ոչ մեջբերելի ժողովրդական բանահյուսության տպավորիչ նմուշներով, դրանք ուղեկցելով հեռանալու, հրաժարական տալու վերաբերյալ փաշինյանին ուղղված կոչերով (այսպես ասենք):

Չէ, փաշինյանն իսկապես տիեզերքի «հակառակ կողմում» է: Նրան թվում է, թե հրաշալի բան է եղել, մեկ ժամում երկու անգամ զանգել է ՌԴ նախագահ Պուտինին, հետո ասում է, թե առհասարակ, ավելի հաճախ է զանգում... Այսինքն, նիկոլ փաշինյան անունով չարիքը նախ, արդեն Պուտինի զահլան էլ է տարել: Երկրորդ ամենից կարևորը՝ ինչու է ժամը մեկ կամ երկու անգամ այս կամ այն հարցով Ռուսաստանի ղեկավարին զանգում: Ամենայն հավանականությամբ՝ հետագա ցուցումներ ստանալու կամ իր որևէ գործողություն Պուտինի հետ համաձայնեցնելու համար: Օրինակ, նիկոլը ճշտում է, թե ժամը 12-ի՞ն «պերերիվ գնա», Երևանի՞ ժամանակով, թե՞ Մոսկվայի...

Նրան թվում է, թե դա ասելով՝ ցույց է տալիս, թե Պուտինի հետ է նստում-ելնում, իրականում դա ողորմելի խոստովանություն է, որ Արցախը թուրքին նվիրելուց բացի, փաշինյանը զրոյացրել է նաև Հայասատանի ինքնիշխանությունը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը