Մեկնաբանություն

11.12.2020 17:35


Եթե դեռ նիկոլին հանդուրժում եք, դա նույնն է, թե Բաքվի «պառադը» ողջունեք

Եթե դեռ նիկոլին հանդուրժում եք, դա նույնն է, թե Բաքվի «պառադը» ողջունեք

Կոպի՞տ է ասված: Այո՛, կոպիտ է ասված: Չնայած, ինչ-որ տեղ միգուցե և մեղմ է ասված, կոռեկտության սահմաններում:

Բայց հնարավո՞ր է այլ կերպ:

Կրկնեմ, չեմ դիտել ու չեմ պատրաստվում երբևէ դիտել իմ պետության ու ազգի արժանապատվությանն ուղղված այդ ցուցադրական «ապտակը»: Բայցև, ի տարբերություն շատերի, եթե մինչև սեպտեմբերի 27-ը տողերիս հեղինակին կարելի էր անվանել գործող իշխանության մոտեցումները, վարած քաղաքականությունը քննադատողներից մեկը, ապա նոյեմբերի 9-ից հետո, կապիտուլյացիայի ակտն ստորագրելուց հետո նիկոլ փաշինյանը ինձ համար անձնական թշնամի է: Նույնպիսի անձնական թշնամի են փաշինյանի իշխանության մեջ մնացածները, նրա կառավարության անդամները: Ու, դատելով նրանից, թե ինչով են զբաղված այս մեկ ամսում, իրենք էլ մեր պետությունն ու մեր ժողովրդին են թշնամի համարել ու համարում...

Այո, ես՝ Արմեն Հակոբյանս, խորապես ատում եմ դրան, և դրա հետ կապված միակ բանը, որ ցանկալի է, այն է, որ անխուսափելի պաշտոնանկությունից հետո հայտնվի դատարանի առաջ՝ իր դավաճանահանցակից թիմայիններով, ու հնարավորինս խիստ պատժի դատապարտվի: Ու հնարավորինս երկար... ապրի ու տառապի: Բայց թողնենք անձնական զգացողությունն անձնականի տիրույթում:

Կրկնեմ՝ իսկապես զարմանալի էր, որ նիկոլ փաշինյան կոչվողը երեկ չէր մեկնել մասնակցելու ալիև-էրդողան զույգի «պառադին»: Ընդհանուր հաշվով, ինքն այդ երկու թշնամական պարագլուխներից շատ ավելի մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի հնարավոր դառնար Բաքվում երեկ ցուցադրված խայտառակությունը: Այդ նիկոլ փաշինյանի «շնորհքն» է, որ երեկ Բաքվում ալիևն ու էրդողանը հրճվանքով հետևում էին հրապարակով անցկացվող, ռազմավար վերցրած հայկական զինտեխնիկայի շարքերով:

Այդ նիկոլ փաշինյանի «վարած» արկածախնդիր, հրահրիչ, անհավասարակշիռ ու հակասական «քաղաքականության» հետևանքն էր, որ թշնամիները ոչ թե սոսկ պատերազմը վերսկսելու հնարավորություն տեսան, այլ ստացան այդ հնարավորությունն ու գրեթե լիարժեք օգտագործեցին այն: Ու շարունակում են օգտագործել:

Այդ նիկոլ փաշինյանի՝ որպես պետության ղեկավարի ու սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը գերագույն հրամանատարի, կայացրած անհեթեթ որոշումների, կատարած անընկալելի քայլերի, հետևողական ստախոսության և կեղծման հետևանքն է, որ այս պատերազմը Բաքվում երեկվա «պառադով» դրսևորվեց:

Ու ինչ-որ տեղ զուտ տեխնիկական հարց է. փաշինյանի նման «գիծը» կատաստրոֆիկ տխմարությա՞ն, թե՞ վաղօրոք ծրագրված և կետ առ կետ իրականացված դավաճանական ընթացքի հետևանք է: Դա քննությունն ու դատարանը կպարզեն:

Չնայած, մյուս կողմից միգուցե լավ է, որ փաշինյանը երեկ բաքվում չէր: Այնտեղ լիներ, ի՞նչ իմանաս, որ էրդողանի ու ալիևի հայտարարություններից անմիջապես հետո, նույնպիսի հաճկատարությամբ ու արագությամբ մի նոր կապիտուլյացիա չէր ստորագրի, թե՝ բա ոնց, բա ոնց, Սևանն էլ է ադրբեջանական, Սյունիք-Զանգեզուրն էլ, Երևանն էլ՝ հետը, համեցեք...

Թշնամու առաջ մեկ անգամ կզածը, Արցախն ըստ էության թշնամուն հանձնածը, իր ստորագրած թղթում անգամ գերիներին վերադարձնելու նախապայման չդրածը, թշնամու նվաստացումներին ենթարկվողն ու դրա «մուռը» Հայաստանի քաղաքացիներից հանողը ինչի ասես՝ ընդունակ է:

Նրա հետ, մեծ հաշվով, ամեն ինչ պարզ է: Աննախանձելի ճակատագիրն էլ:

Ուրիշ բան է, որ խորապես մտատանջում, եթե չասեմ՝ ծվատում է:

Լավ, որքա՞ն դեռ կարելի է հանդուրժել արմատապես անհանդուրժելին: Եվ ովքե՞ր են այս ամենից հետո նիկոլ փաշինյանին վարչապետ համարողները, նիկոլ փաշինյանին սատարողները, եթե ոչ նրա գործակիցն ու Բաքվի «պառադի» համահեղինակներ:

Համահեղինակներն ու գործակիցներն այն բանի, որ Հայաստանն ու հայությունն արդեն 32 օր շարունակական կապիտուլյացիայի մեջ են: Գուցե ոմանք նույնիսկ ուրա՞խ են, գուցե դա՞ էր այդ անձանց սրտի բաղձանքը: Գուցե նրանք հիմա նույնիսկ «նոր տարվա առևտո՞ւր» են անում...

Չգիտեմ: Տողերիս հեղինակի ընկալմամբ՝ դեռևս նոյեմբերի 9-10-ի գիշերն է, դեռևս չի լուսացել, դեռևս մղձավանջային խավար է: Ու չի՛ լուսանալու, ու ամեն օր նոյեմբերի 10-ի սև առավոտն է լինելու, քանի դեռ հերձվածողը վարչապետի աթոռին է, քանի դեռ հերձվածողությունն ու կռապաշտությունն են առաջնորդում մեր բազմաթիվ հայրենակիցների, որոնք իրենց այնպես անհաղորդ են պահում, ասես ոչի՜նչ, բացարձակապես ոչի՜նչ չի պատահել...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը