Մեկնաբանություն

21.12.2020 16:04


Ապիկարության երթ, պղծության ապոֆեոզը

Ապիկարության երթ, պղծության ապոֆեոզը

Այն, ինչ կատարվեց դեկտեմբերի 19-ին, վերջնական սահմանազատում էր: Քաղաքական, նաև՝ իրավական պատասխանատվության տեսանկյունից բոլոր հնարավոր «կարմիր գծերը» հատած նիկոլ փաշինյանը հատեց այնպիսի «գծեր» ու սահմաններ, որոնք զրկում են հատողին մարդ բնորոշելու՝ առանց այդ էլ նվազած հնարավորությունից:

Նա, իբր, սգում է: Կեղծավորություն է, բնականաբար: Ի՛նքը մեծապես կազմակերպեց ու իրականացրեց խայտառակ պարտության սցենարով կանխամտածված աղետը, ի՛նքը՝ դիտավորյալ սխալ ու հիմար քայլերով ամեն ինչ արեց, որ Հայաստանն ու Արցախը տապալվեն, ի՛նքը հազարավոր հայ երիտասարդների, մեծ հաշվով՝ բանակի գլուխը կերավ՝ իր «էրատոյի» հետ, հիմա էլ, տեսեք-տեսեք՝ սգում է...

Ու «սգո երթ» էր նախաձեռնել, դեպի «Եռաբլուր» պանթեոն:

Կեսօրին մոտ, հրապարակում արդեն երթի բերվածների «հերթ» էր: Բերողների հերթ, զգեստափոխված ուժայիններից կազմված «ժողովրդի» հերթ: «Ձայն բերողները» «շունչ ու գլխաքանակ» էին բերել: Հա ու այն, որ դրանք, իբր ծաղրելով «Եռաբլուրի» մուտքի մոտ հավաքված և փաշինյանի ընթացքը խոչընդոտած հայ մարդկանց ցուցադրում էին 10000-անոց կամ այլ թղթադրամ, ահա այդ ցուցադրող ժեխազգիները, կարծում էին, թե ծաղրում են: Ո՛չ, իրականում նրանք ցույց էին տալիս ազգադավից ստացած իրենց փայ «30 արծաթը»՝ որպես իրենց գործարքի, որպես հայրենիքը ծախելու իրենց փայաբաժին, որպես հպարտություն, որպես... իրենց նշելիք Նոր տարվա սեղանի վրա մի երկու շերտ «բաստըրմա-սուջուխ» դնելու վարձ...

«Սգո ե՞րթ», ո՛չ և կրկին՝ ո՛չ:

Ապիկարությա՛ն երթ, պղծության ապոֆեո՛զ:

Սգավորին տեսեք: Ելավ իր կառավարական «բունկերից» ու, հրահանգով՝ մե ծափ, մե ուրախություն, «նի-կոլ, վարչապետ, նի-կոլ, դարչապետ» վանկարկումներ…

Վուվուզելն էր պակասում:

Էհ, հոգեկանդ վերականգնելու «աջակցության ցույցի» կարի՞ք ունեիր, հրապարակում անեիր, էլ ի՞նչ «սգո երթ»:

Էական, տեսակային տարբերություն: Արժանապատիվ հայերը մեկ օր դրանից առաջ, դեկտեմբգերի 18-ին խոնարհման և հարգանքի երթ էին արել դեպի «Եռաբլուր», և ամբողջ երթի ընթացքում հնչում էին մեր զովածների անունները…

Իսկ նիկոլազգիների ամբողջ ցուցադրական «սգո» երթի ընթացքում հնչում էր՝ «նի-կոլ, վարչապետ»: Թերևս դա ճիշտ էր, քանզի հնչում էր անունը և պաշտոնը այն գլխավոր մեղավորի, ում ջանքերով եռապատկվեց «Եռաբլուրի» տարածքը, ով հանձնեց Արցախը, իսկ հիմա էլ Սյունիքը հանձնելու ձևակերպման գործընթացի մեջ է:

Արժանապատիվ հայերի երթը Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրերն էին գլխավորում:

Նիկոլազգիների երթը՝ նիկոլի թիկնազորքը և թանկանոց ավտոների՝ թիկնապահված մարմնափոխադրիչների շարասյունը:

Ի վերջո, նիկոլ փաշինյանի ու նրան շրջապատած թիկնազորքի, ժեխակույտի «սգո երթը» հասավ «Եռաբլուր» և դեմները կանգնած զոհվածների հարազատներին, մայրերին, Հայրենքի համար վերջին 30 տարվա բոլոր պատերազմներում կյանք ու ջանք դրած ազատամարտիկներին հրեցին, քաշքշեցին, տրորեցին ու անցան զոհված տղերքի շիրիմները կոխկրտելուն:

Նիկոլական խառնակույտը այլ բանի ընդունակ չէր: Ու չի եղել երբե՛ք: Չունեն ազգություն, չունեն հայրենիք, չունեն սրբություն, չունեն Աստված: Նրանք ունեն միայն ստամոքս…

Դա ապիկարությա՛ն երթ էր: Ու ճիշտ է, արդարացված է, որ այդ երթի մասնակիցներին հատիկ առ հատիկ պետք էր լուսանկարել, ինչպես, օրինակ, ոմն դերասանիկի էին լուսանկարել, որ համազգեստավորված եղել էր նիկոլ փաշինյանի «սուգը» սատարելու: Դա, որպես նմուշ:

Հերթը «փողով լացողների» երթի մյուս մասնակիցներին էլ կհասնի:

Երբևէ նիկոլ փաշինյանը կկանգնի՞ դատարանի առաջ՝ պետական դավաճանության մեղադրանքով: Չգիտեմ: Նայած, թե՝ հանգամանքներն ինչպես կդասավորվեն: Բայց գիտեմ, որ միևնույն է՝ պատասխանատվության ենթարկվելու է: Իր հատած բոլոր «կարմիր գծերի» համար:

Նիկոլ փաշինյանն իզուր է վախենում և պատսպարվում բացվող «զրահաթիթեղների» կամ «զոնտիկի» ետևում: Առավելագույնը՝ ինչ կարող է լինել նման դեպքերում, նրան կարող են սպանել՝ կախված իրողություններից, դա միգուցե դաժան հաշվեհարդարի տեսք կարող է ունենալ: Դա, իհարկե, անցանկալի տարբերակ է, քանզի նորմալ մարդիկ դեռևս օրինական դատի կողմնակից են: Բայց հաշվեհարդարն էլ ոչ մեկը չի կարող բացառել: Սակայն դա չէ, որ ընդգծելի է:

Իզուր է նիկոլ փաշինյանը վախենում մահափորձից: Նա, եթե կարող է, թող սարսափի նրանից, ինչը կոչվում է «հավիտյան նզովք» և Աստծո պատիժ:

Ու, անկախ այն բանից, թե ով է աստվածավախ, ով՝ աստվածուրաց, ով է հավատում, իսկ ով աթեիստ, գոնե տողերիս հեղինակին ակնհայտ է, որ կան տիեզերական ներդաշնակության ու հավասարակշռության անխախտ ու անվրեպ գործող օրենքներ ու կանոններ: Այն իմաստով նաև, որ որևէ չարագործություն անպատիժ ու անհատուցում չի մնում:

Դեպի «Եռաբլուր» շինծու «սգո երթով» միտումնավոր բախման գնալով՝ նիկոլ փաշինյանը անցավ ոչ միայն քաղաքական կամ իրավական տեսանկյունից եղած «կարմիր գծեր», այլ այնպիսի սահման անցավ, որը նույնքան աններելի է, ինչպես այս տարօրինակ պատերազմում իր ստորագրած խայտառակ ու նվաստացուցիչ կապիտուլյացիան է աններելի:

…Ու նշածս Տիեզերական հավասարակշռության օրենքներով էր, որ հաջորդ լուսաբացին «Եռաբլուրում», մեր նահատակների թարմ շիրմաթմբերին ու շիրմաքարերին ձյուն տեղաց: Ու հատկանշական է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ այդ աղաղակող լռության մեջ խոնարհվեց ու իր աղոթքով սրբեց նախօրեին ոմն անարժանի ու նրա պատժի արժանակիցների չարքության հետքերը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը