Քաղաքական

23.12.2020 11:06


9 հարց Իմ քայլի պատգամավորներին

9 հարց Իմ քայլի պատգամավորներին

Այսօր առավոտյան Այլընտրանքային նախագծեր խմբի կողմից ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների էլեկտրոնային հասցեներին ուղարկվել է հետևյալ նամակը.

1. Դուք գիտակցե՞լ եք, որ Փաշինյանը, մերժելով բանակցությունների 20-ամյա պատմությունը և հայտարարելով, որ սկսում է իր «նոր կետից», բանակցությունները, ըստ էության, տարել է փակուղի։

2. Ձեզ չի՞ զարմացնում, որ Փաշինյանը հոկտեմբերին վստահ պնդում էր, թե ինքը գիտեր, որ պատերազմը սկսվելու է, և միայն չգիտեր դրա ժամն ու կոնկրետ կոորդինատները, իսկ դեկտեմբերին ասում է ուղիղ հակառակը՝ թե պատերազմի վերսկսման հավանականությունը շատ ցածր է գնահատվել։

3. Դուք տեղյա՞կ եք եղել, որ Փաշինյանը պատերազմի մեկնարկից ի վեր ունեցել է այն դադարեցնելու մի քանի իրական հնարավորություն և չի արել դա։

4. Հիշո՞ւմ եք, թե՞ նախընտրում եք մոռանալ, որ դեռևս սեպտեմբերի 30-ին ԳՇ պետի կողմից տեղեկացված լինելով մեր բանակի ու ռազմաճակատի իրական վիճակի մասին, շուրջ մեկուկես ամիս շարունակ Փաշինյան զույգը ռազմական/ֆեմինիստական շոուներ էր բեմադրում՝ արյան ու կեղծիքի ընդհանուր ֆոնի վրա։ Եթե չեք մոռացել, ապա ինչպե՞ս եք շարունակում հարգանքով վերաբերվել նրան, կատարել նրա հրամանները, պահել նրան պետության ղեկին։

5. Դուք գիտակցո՞ւմ եք, որ պատերազմն ավելի շուտ դադարեցնելու պարագայում մենք կունենայինք մի քանի հազարով պակաս զոհ, պակաս զինհաշմանդամներ և նվազ տարածքային կորուստներ։ Եթե գիտակցում եք, ապա ինչպե՞ս եք դուք այդքան հեշտ հաշտվել այդ մտքի հետ։

6. Դուք ընդունո՞ւմ եք, որ այս ամենից հետո Փաշինյանը չի կարող բանակցել ո՛չ դաշնակիցների հետ, ո՛չ Ադրբեջանի և Թուրքիայի։

7. Դուք տեսնո՞ւմ եք, որ Հայաստանի և սփյուռքի գիտակրթական, մշակութային վերնախավը, հոգևոր առաջնորդները, խոշոր գործարար խավը, հանրային ամենատարբեր շերտեր, անկախ ցույցերին մասնակցել/չմասնակցելու հանգամանքից, իրար հակադիր քաղաքական բևեռները, մտածող և առկա վտանգները գիտակցող գրեթե բոլոր անհատներն ու փորձագիտական կենտրոնները, Հայաստանի համայնքային կազմակերպությունները և շատ այլոք այսօր միահամուռ կերպով պահանջում են վարչապետի հրաժարականը և նոր քաղաքական լուծման գալու անհրաժեշտություն են տեսնում։

8. Դուք հասկանո՞ւմ եք, որ հայ ժողովուրդն այսօր ունի իր արժանապատվությունը վերականգնելու սուր խնդիր՝ թե´ Հայաստանում, թե´ Արցախում, և թե´ սփյուռքում։ Հասկանու՞մ եք, որ այս առկախված իրավիճակն ազդում է, մեծ հաշվով, բոլոր հայերի կենսագործունեության, ներկայի և ապագայի վրա։

9. Դուք զգո՞ւմ եք պատասխանատվության այն հսկա բեռը, որ ընկած է Ձեր ուսերին՝ ոչ թե ձեր քաղաքական թիմի, այլ՝ ողջ ազգի, երկրի, պետության ներկայի և ապագայի համար։ Գիտակցու՞մ եք, որ Ձեր այսօրվա անգործության ամեն օրը թանկ է արժենում բոլորի համար։

Առաջարկում ենք՝ մտածել այս հարցերի շուրջ, որից հետո, անհատական ու քաղաքական պատասխանատվության ողջ ծավալի գիտակցումով դուրս գալ այս անհասկանալի թմբիրից և սկսել ներկայանալ լուծումների ձեր տարբերակներով։ Այդ ճանապարհին կարևոր է համագործակցությունը խորհրդարանական մյուս ուժերի հետ, քաղաքական ու հանրային դաշտի բոլոր կարող ուժերի հետ, այսօր իներտ և դիտորդական կեցվածքն ամենևին չի ազատելու այն բեռից, որն արդեն բնականորեն ձեզ վրա ընկել է։ Դուք պարտավոր եք ձեզ պահել որպես քաղաքական ուժ, այլապես ընդունում եք, որ սպառված եք, քանի որ ճգնաժամի լուծման որևէ առաջարկ այդպես էլ չեք անում։

Հարցերը խնդրում ենք կարդալ միայնակ՝ մտածելով, ամեն հարցի շուրջ հիշելով տվյալ հարցին առնչվող տարբեր դրվագներ, ինքներդ Ձեր առաջ լինելով անկեղծ։

Եվ շրջվեք, վերջապես, դեպի հանրությունը։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս խորագրի վերջին նյութերը