Քաղաքական

05.01.2021 20:26


Թշնամու հսկողության տակ մնացած «Քարահունջ» ՀԷԿ-ի հատվածը քանդել են. աշխատանքները դադարեցված են

Թշնամու հսկողության տակ մնացած «Քարահունջ» ՀԷԿ-ի հատվածը քանդել են. աշխատանքները դադարեցված են

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում գտնվող «Քարահունջ» ՀԷԿ-ն արդեն տևական ժամանակ չի աշխատում։

Դեռևս դեկտեմբերի 30-ին ադրբեջանցիները գնացել էին ՀԷԿ և աշխատողներին ասել էին, որ այլևս գործի չգնան, քանի որ ՀԷԿ-ի տարածքն անցնելու է իրենց հսկողության տակ։ Այս օրվանից էլ անվտանգությունից ելնելով՝ ՀԷԿ-ը դադարեցրել էր աշխատանքները։

168.am-ի հետ զրույցում «Քարահունջ» ՀԷԿ-ի տնօրեն Մարատ Հովհաննիսյանն ասաց, որ ՀԷԿ-ն արդեն քանդել են։

«Էլ ի՞նչ ՀԷԿ, այն այլևս չկա, քանդել ենք, այսինքն՝ թշնամու տարածքում մնացած ՀԷԿ-ի մի մասը՝ խողովակաշարը, էլեկտրագծերը, բոլորը քանդել-հանել ենք։ Եթե հնարավորություն ունենանք՝ իր նախկին տարածքից մի քիչ վերև կկառուցենք, եթե, իհարկե, այդ տարածքը մեզ տրամադրեն։ Թշնամին այդ տարածքն էլ վերցրեց իր հսկողության տակ։ Թշնամին կոնկրետ ասում է՝ այստեղից դուրս եկեք, սա մեր հողն է»,-նշեց Մարատ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ՀԷԿ-ը մինչև այսօր պահել է 15 աշխատող և պետությանը տարեկան վճարել է 100 մլն դրամի հարկ։ Այժմ աշխատակիցները զրկվել են իրենց ապրուստի միջոցից, պետությունն էլ՝ հարկերից։ Հետևաբար, տուժում են ոչ միայն գյուղը, գյուղացիները, այլև պետությունը։

«Մենք հիմա հաշվարկներ ենք անում, թե նոր ՀԷԿ կառուցելու համար որքան գումար ու ժամանակ է անհրաժեշտ, բայց ինչպես հաշվարկում ենք, մեծ ֆինանսներ անհրաժեշտ կլինի, ինչպես նաև երկար ժամանակ»,-շեշտեց «Քարահունջ» ՀԷԿ-ի տնօրենը։

Այս խորագրի վերջին նյութերը