Լրահոս

12.05.2011 15:39


Հայաստանում կգործի տիեզերքի դիտարկման լավագույն կենտրոններից մեկը

Մայիսի 12-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի ունեցավ հայ գիտնականների հանդիպումը ռուսական պատվիրակության հետ: Հանդիպումը նվիրված էր տիեզերական հետազոտությունների վերաբերյալ հայ-ռուսական համագործակցությանը:

Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ-ի գիտական բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, «Պռոյեկտտեխնիկա» գիտաարտադրական ձեռնարկության գլխավոր տնօրեն Միխաիլ Կարդաշենկոն, միջազգային ISON օպտիկական հետազոտությունների գիտական ցանցի համակարգող Իգոր Մոլոտովը, գիտնականներ: Վիկտոր Կրիվոպուսկովը շնորհավորեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին 75-ամյա հոբելյանի առթիվ եւ շնորհեց Վալերի Բրյուսովի անվան ոսկե շքանշան` հայ-ռուսական հումանիտար եւ մշակութային կապերի զարգացման գործում ունեցած ներդրման համար:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ վերականգնվում է հայ-ռուսական համագործակցությունը տիեզերական հետազոտությունների ոլորտում, ինչի շնորհիվ հայ գիտնականները հնարավորություն կստանան բարելավելու տեխնիկական բազան եւ լավացնելու իրենց գիտական արդյունքները: Քննարկվող թեմաներից էր տիեզերական աղբի խնդիրը, որով պետք է զբաղվի ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը:

Միխաիլ Կարդաշենկոյի խոսքերով` այս համագործակցության արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանում կգործի տիեզերքի դիտարկման միջազգային լավագույն կենտրոններից մեկը:

Ինչպես նշեց Իգոր Մոլոտովը, համագործակցության շնորհիվ Բյուրականի աստղադիտարանը կդառնա միջազգային ISON օպտիկական հետազոտությունների գիտական ցանցի 24-րդ անդամը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը