Մեկնաբանություն

11.01.2021 23:40


Ո՞ւմ և ի՞նչ են երդվել. ծառայել Հայաստանի՞ն, թե՞ նիկոլին

Ո՞ւմ և ի՞նչ են երդվել. ծառայել Հայաստանի՞ն, թե՞ նիկոլին

Խոսքը, բնականաբար ուժային կառույցների, այսպես ասենք՝ ղեկավար-ներկայացուցիչների մասին է: Ավելի կոնկրետ՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և իր շտաբային թիմի, եթե կուզեք՝ սպայակույտի մասին է: Խոսքը նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի և ԱԱԾ ղեկավար կազմի մասին է: Խոսքը ոստիկանապետի, ոստիկանության ղեկավար կազմի մասին է:

Բոլոր այդ անձինք երդվել են ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Եվ բոլոր այդ անձանց դեպքում երդմնազանցությունը, նկատենք, ի լրումն ամենի, նաև քրեորեն հետապնդվող արարք է դիտվում: Հայաստանի Հանրապետությանը երդվել է ծառայել նույն գեներալ Օնիկ Գասպարյանը, նույն ԱԱԾ տնօրենը, մյուս ուժայինները: Կապ չունի, թե նրանցից որևէ մեկին այս կամ այն պաշտոնում կոնկրետ ով է նշանակել: Կապ չունի, թե նրանցից յուրաքանչյուրը այս կամ այն ղեկավարի օրոք ինչ նշանակումներ է ստացել կամ սպայական կոչման հերթական բարձրացում կամ որևէ այլ հանգամանք:

Նրանք երդվել են: Բայց ո՞ւմ են նրանք ծառայում: Հայաստանի Հանրապետությա՞նը: Հայաստանի՞ շահերն են պաշտպանում: Ո՛չ, ո՛չ և կրկին՝ ո՛չ:

Նրանք պաշտպանում են միմիայն նիկոլ փաշինյանին, սպասարկում են միմիայն նիկոլ փաշինյանի անձնական և քաղաքական շահերը: Ընդամենը:

Իսկ նիկոլ փաշինյանը բացեիբաց սպասարկում է հայության և Հայաստանի թշնամիների շահերը, հատկապես՝ թուրքական ու ադրբեջանական շահերն ու հետաքրքրությունները:

Ու ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ, օրինակ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, ծառայելով նիկոլ փաշինյանին, գործնականում ապահովում է թուրքական ու ադրբեջանական շահերի սպասարկումը: Այսինքն, անում է մի բան, որը կտրականապես հակասում է իր տված երդմանը:

Նույնը՝ ԱԱԾ տնօրենը: Նույնը՝ ոստիկանապետը: Նույնը վերաբերում է բոլոր այն ուժայիններն ու զինվորականները, որոնք գերադասում են լինել գեղջկամիտ ու հիստերիկ, հողատու և ազգադավ, արկածախնդիր ու հակահայ մեկի կամակատարը՝ հակասելով իրենց իսկ տված երդմանը:

Ցանկացած մարդ միշտ ունի ընտրության հնարավորություն, նույնիսկ, երբ թվում է, թե ընտրություն չկա: Հիշատակված այս անձինք արդեն մոտ 60 օր է, ինչ արել են իրենց ընտրությունը: Նրանք, ըստ էության, ընտրել են իրենց տաքուկ, գուցե դեռ հարմարավետ պաշտոններն ու վիճակը պահելու տարբերակը՝ կապիտուլյանտի կամակատարն ու հանցակիցը դառնալու, իրենց տված երդումը ոտնահարելու գնով:

Ու թող իրենցից ոչ մեկը չփորձի իրեն կամ թեկուզ նեղ շրջապատին համոզել, թե՝ «այդպես էր պետք», թե՝ «մնացել են, որպեսզի վիճակն էլ ավելի չվատանա», թե՝ այս, թե՝ այն: Դրանք, իրենք էլ հասկանում են, սնանկ արդարացումներ են և ինքնախաբեություն:

Դա, միևնույն է, պատժից ու պատասխանատվությունից չի փրկելու, չի ազատելու: Աստծո դատաստանից էլ: Հայրենիք ծախելը, հազարավոր տղաների կոտորածի մատնելը չի կարող ներվել:

Նմանապես, իրավիճակի ամբողջական ու հնարավորինս օբյեկտիվ պատկերն ունենալը և նիկոլ փաշինյանի ակնհայտ սխալ, եթե ոչ՝ միտումնավոր հօգուտ թշնամիների արվող քայլերն ու գործողությունները չկանխելը ոչ մեկին չի ներվելու: Առաջին հերթին նրանց, ովքեր կանխելու այդ հնարավորությունն ունեցել են, բայց չեն արել: Եվ այդ շարքում, իհարկե, առաջինը հենց ԳՇ պետն է, անկախ անցյալի իր վաստակից կամ անցած մարտական ուղուց:

Ի դեպ, կապիտուլյացիոն, հակահայ ու դավաճանական համաձայնագրից հետո այդպես էլ բաց է մնում հարցը, թե այս «տարօրինակ պատերազմում» կոնկրետ ի՞նչ գործողությունների, ի՞նչ մարտական ձեռքբերումների համար էին այդպես առատորեն նոր կոչումներ ստանում որոշ բարձրաստիճան զինվորականներ: Նրա համա՞ր, որ Հայոց բանակի առավել մարտունակ ստորաբաժանումները գործնականում անպաշտպան էին թողել թշնամու օդուժի հարվածներից: Թե՞ սեփական ժողովրդին լկտիաբար խաբելու և ստելու համար են որոշ զինվորականներ նման մեծարանքի արժանացել: Թե՞ տեխնիկան ու զինապահեստները թշնամուն թողնելու համար: Թե՞ Շուշին հանձնելու համար: Թե՞ Քարվաճառը առանց կրակոց թուրքին նվիրելու համար: Թե՞ Սյունիքի կարևոր բարձունքները առանց կրակոցի թշնամուն նվիրելու համար:

Ի՞նչ է, որ Երևանը հանձնեին, գեներալիսիմո՞ւս էին հռչակվելու կամ մարշա՞լ: Իսկ այ՛, որ միայն Հադրութն ու Շուշին են հանձնել, գեներալ-գնդապետ են դարձել:

Շարունակեք ծառայել ձեր նիկոլին, անագե «գեներալներ», բայց պատվի մի առեք այլ զինվորականների: նիկոլի առաջ խոնարհվողը ի՞նչ պատիվ կարող է ունենալ, որ մի հատ էլ «պատվի առնի»:

Որ գիշերը գլուխներդ բարձին եք դնում... կարողանո՞ւմ եք: Հաջողվո՞ւմ է քնել: Ձեր ինքնասպանվելը չի՞ գալիս:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը