Մեկնաբանություն

13.01.2021 18:20


նիկոլական «նոր»-ը... անմոռանալի նախկինաց նախկինն է, եթե չասենք՝ դախը

նիկոլական «նոր»-ը... անմոռանալի նախկինաց նախկինն է, եթե չասենք՝ դախը

Եվ այսպես. փաշինյանական դավաճանաթիմը, իսկ եթե առարկաները կոչենք իրենց անուններով, ապա թիմապետ նիկոլը որոշել է վերջերս թեթևակի «ըմբոստացած» Բարձրագույն դատական խորհրդում ներդնել «իր մարդուն»: Անցուդարձից տեղյակ հայրենակիցներն արդեն կռահեցին, թե ում նկատի ունենք, բայց եթե կան չկռահողներ, ինչպես նաև՝ հավուր պատշաճի, որքան էլ որ պատշաճությունն անհարիր ու մոդայից ելած է ընկալվում, նշենք, որ խոսքը Գագիկ Ջհանգիրյանի մասին է:

Այո, այո, նույն այն Գագիկ Ջհանգիրյանի, որ ոչ միայն նախկին է, այլև նախկինից՝ նախկին՝ լևոնական: Հենց նրան է իշխանական կուտոկն առաջադրում ԲԴԽ գիտնական-անդամի թեկնածու:

Սա ոչ միայն «հրաշալի» է, այլև աննման: Այն իմաստով, որ հեչ բանի նման չէ:

Ի՞նչ է հայտնի Գագիկ Ջհանգիրյանի մասին, բացի այն, որ պրոֆեսիոնալ իրավաբան է և, տարիքային պահը չհաշված, ձևական առումով համապատասխանում է ԲԴԽ գիտնական-անդամի համար անկետայում լրացվող պայմաններին:

Օ՜, այնքա՜ն բան է հայտնի Գագիկ Ջհանգիրյանի 20-25 տարվա անցյալից, որ էլ ասելու չէ: Չնայած, ինչո՞ւ: Ասենք, էլի, միաժամանակ փոշիացնելով անխտիր բոլոր նիկոլապաշտ աղանդավորների, բոլոր «նախկիններին վերադարձ չկա» ասողների փուչ ու զզվելի բովանդակությունը, նիկոլական «ջուջուլակերների» կեղծավոր ու եղկելի բնույթը։

Բացի այն, որ պարոն Ջհանգիրյանը տասնամյակներ շարունակ ծառայության մեջ է եղել նիկոլի ու նրա զոմբիների կողմից «կոռումպացված համակարգ» բնորոշվող իշխանությունների գործունեության ժամանակ ու իշխանություններին, այս իրավաբանը ունի նաև այլ հիշարժան սխրանքներ:

Այսպես. Գագիկ Ջհանգիրյանն, իրավամբ, համարվում է Հայաստանում համակարգված ընտրակեղծիքների «ՊԱՊԱ»-ն: Նա 1995-ին ՀՀՇ-ական իշխանության համակարգող-հանձնակատարն էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Համարվում էր ԿԸՀ նախագահի տեղակալը: Նրան է պատկանում, օրինակ, 1995-ին ԱԺ ընտրությունների ու Սահմանադրության հանրաքվեի (միաժամանակ էին) արդյունքների բացահայտ կեղծումը: Կան բազմաթիվ վկայություններ, ի դեպ:

Հետաքրքիր է, բայց այդ փառահեղ դրվագը, չգիտեք թե ինչու, բացակայում է Գագիկ Ջհանգիրյանի՝ ինչպես «Վիքիպեդիայում», այնպես էլ՝ ԱԺ կայքում զետեղված միանգամայն պաշտոնական կենսագրականից: Ընդամենը նշված է, որ նա «1990-1997թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ, նախարարի առաջին տեղակալ» է եղել:

3 (5)

Ինչպիսի՜ համեստություն, պարոն Ջհանգիրյան: Բռավո՜:

Ինչո՞ւ մարդը չի ցանկանում հիշել 1995-96 թվականների «մեծագործությունները», ինչպես իր ներկայիս տեր նիկոլ փաշինյանն է սիրում ճամարտակել՝ «ժողովրդի կամարտահայտության արդյունքների բռնաբարումը»: Մի՞թե պարոն Ջհանգիրյանը, իր իսկ սիրած ու տպավորիչ ֆրազով ասած՝ «ցանկանում է և՛ հաճույք ստանալ, և՛ կույս մնալ»:

Փոխարենը հիշատակված է, որ 1997-2006թթ. եղել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 2006-2008թթ.` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Ի դեպ, զինդատախազ եղած ժամանակ պարոն Ջհանգիրյանը խիստ աղմկահարույց և անդուր պատմությունների մեջ է ընկել: Մեկը հանրահայտ է՝ «Մատաղիսի գործ», այն գործը, երբ ըստ այն շրջանի վկայությունների՝ աքցաններով կտտանքների էին ենթարկել զինծառայողների՝ ստիպելով ընդունել, որ իբր, իրենք են սպանել ծառայակցին:

Երկրորդ գեր-աղմկահարույց պատմությունը «Հոկտեմբերի 27-ի գործն» էր, որը պարոն Ջհանգիրյանի թեթև ձեռքով վերածվել էր այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին շանտաժի ենթարկելու, «սողացող հեղաշրջում» իրականացնելու գործիքի, եթե ավելին չասվի: Ի դեպ, ժամանակին այս գործով իրականացվող քննության ընթացքում ևս արձանագրվել են կտտանքների ու դրանց միջոցով այլևայլ ներգրավված մեղադրյալներից ինքնախոստովանական կամ այլոց վարկաբեկող ցուցմունքներ կորզելու կոնկրետ վկայություններ (բացի անմիջականորեն սպանություն կատարողները կամ հունանյանական ոճրախմբի անդամները): Անգամ քրեական գործ է եղել հարուցված:

Չէ, հիշելու շատ բան կա: Քավ լիցի, իրավաբան, «բեզ պիծի մինուտ»՝ ԲԴԽ գիտնական-անդամ Գագիկ Ջհանգիրյանը պարզապես նախկին չէ, այլ բավականին հարուստ և աղմկահարույց անցյալով նախկին է:

Ինչ վերաբերում է նիկոլին ու նրա դիրիժորությամբ կռկռացողներին, թե՝ «ոչ մի նախկին», «միայն ոչ՝ նախկինները», և այլն, ապա Գագիկ Ջհանգիրյանին առաջադրելով՝ հարթական անգամ դրսևորվում է նրանց այդ կեցվածքի ձևական, երկդիմի, կեղծ լինելը: Դրսևորվում է բացահայտ, իրենց գուցե ավելի ընկալելի լեզվով ասած՝ ափաշքյարա:

Այնպես որ, երբ նիկոլն ու իր կուտոկը ասում են՝ «վերադարձ նախկիններին (կամ նախկինին) չկա», դա նախ՝ հերթական փչոց է, կեղծ է, ինչպես իրենք ու իրենց ամեն ինչը, ի լրումն՝ նշանակում է, որ նախկինից էլ նախկին, անգամ դախ ու դախացած կադրերով, ընկալմամբ ու մոտեցումներով են առաջնորդվում:

Դե, Ջհանգիրյանի հնարավոր առաքելությունն էլ է պարզ. հնարավորինս ճնշում գործադրել ԲԴԽ-ի վրա, «գործ տալ» փաշինյանին և նրա «ախրանկային», թե որ դատավորը կամ ԲԴԽ որ անդամը իրեն «ճիշտ» չի պահում:

Ամեն դեպքում, ԲԴԽ առաջադրվելուն Գագիկ Ջհանգիրյանի համաձայնելու կեցվածքը ինչ-որ տեղ զարմանալի է: Այն իմաստով, որ կես գրամ ինքնասիրություն ունեցող որևէ անձնավորություն, անկախ իր անցյալից, վիրավորական կհամարեր նիկոլական իշխանությունից որևէ պաշտոն ստանալը կամ որևէ պաշտոնում նշանակվելու (ընտրվելու) համար առաջադրվելը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը