Քաղաքական

21.01.2021 13:12


Գլխավոր դատախազի տեղակալը 2 տուն ունի, իսկ կինը, պարզվում է, բնակարանի կարիքավոր է

Գլխավոր դատախազի տեղակալը 2 տուն ունի, իսկ կինը, պարզվում է, բնակարանի կարիքավոր է

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը արցախյան պատերազմի թեժ օրերին՝ 2020թ․ հոկտեմբերի 20-ին, հաստատել է հանրային մի շարք ծառայողների Երևանի Ադոնցի փողոցի N 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու հավակնորդ ծառայողների ցուցակը։ Որպես բնակարանային առաջնահերթ կարիք ունեցող՝ ցուցակում նշված է Դատական դեպարտամենտի աշխատակից Լիանա Նորայրի Ղազարյանի անունը։ Լիանա Նորայրի Ղազարյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի կինն է։

33-ամյա Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը 2020թ․ մայիսի 11-ին ներկայացրել է գույքի և եկամուտների հայտարարագիր, համաձայն որի՝ ունի երկու բնակարան, մեկը՝ Ալավերդի քաղաքում, մյուսը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ 2019թ․ աշխատավարձ է ստացել 4 տեղից՝ Դատախազություն, Ֆրանսիական համալսարան, Արդարադատության ակադեմիա, ԵՊՀ, երկու տեղից էլ փոխառություն է ներկայացվում։

Եվ ուրեմն, ստացվում է, որ դատախազ Գևորգ Բաղդասարյանը ունի երկու բնակարան, բայց կինը առաջնահերթ կարգով բնակարանի կարիք ունի։

Գևորգ Բաղդասարյանը հուվարի 19-ին, Սահամանադրական կարգը ենթադրյալ տապալման գործով նիստին, դատարանում նեղսրտել էր, որ երկրորդ նախագահն իրեն անվանել էր Շուշին հանձնողներից մեկը։ Դատարանի դահլիճում էմոցիաներին տուրք տալով, նիստի մասնակիցներին փորձում էր համոզել, որ Շուշի հանձնելու հետ կապ չունի։ Դատախազ Բաղդասարյանն իրեն ներկայացնում է որպես ընդամենը իրավաբան, իր գործն անող, նույնքան հայրենասեր, որքան ամբաստանյալի աթոռներին նստած՝ պատերազմ հաղթած գեներալներն են և նախկին նախագահը։ Կասկած է առաջանում՝ գուցե Գևորգ Բաղդասարյանի կինը հերթագրվել է տուն ձեռք բերելու, որպեսզի այն հանձնի տնից զրկված որևէ շուշեցի ընտանիքի՞։ Մանավանդ որ քաղշինկոմիտեի ղեկավարը ցուցակը հաստատել է պատերազմի թեժ օրերին, երբ արդեն հանձնված էր Հադրութը, Ջրականը /Ջաբրաիլ/, թշնամին էլ Սյունիքից 20 կիլոմետրի վրա էր։ Խայտառակ կապիտուլացիոն համաձայնագրի գաղտնի ստորագրումից, հանձնած և կորսված Հայրենիքից արցախցի մոտավոր 30 000 ընտանիք կորցրել է իր տունը, անգամ նրանց ժամանակավոր կեցության հարցերը դեռ չեն լուծվել։ Այս պարագայում դժվար թե դատախազ Բաղդասարյանն այդ նոր բնակարանը «առաջնահերթ» ստանում է այդ ընտանիքներին օգնելու համար։ Բայցև, մի կողմից հայրենասեր խաղալ, մյուս կողմից տների կոլեկցիա հավաքել, այն դեպքում, երբ իր պաշտպանած իշխանության քաղաքականության արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ ո՛չ գնալու տեղ ունեն, ո՛չ մնալու, չի լավ չի նայվում։

Հիշեցնենք, որ Գևորգ Բաղդասարյանը ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ էր։ Հայտնի սահմանադրական կարգի իբր տապալման գործը բացելու ժամանակ նա նշանակվեց մեղադրող դատախազ և ստացավ պաշտոնի բարձրացում՝ նշանակվեց Երևան քաղաքի դատախազ։ Իսկ 2020թ․օգոստոսի 24-ին նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ՝ հայտնի քրեական գործը պաշտպանելու արդյունքում։ Մշտապես աչքի էր ընկնում հատկապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքներն անփոփոխ թողնելու, բեկանված կալանավորումները վերականգնելու, ոչ մի այլ խափանման միջոց, բացի կալանքից չկիրառելու պաշտպանությամբ։

Ակնհայտ է, որ եթե, այս պատմությունը լիներ նախկին իշխանության օրոք, փաշինյանանման գործիչներն այս ամենը կանվանեին կոռուպցիա․ ունենալով 2 բնակարան, դատախազի կինը ներկայացվում է պետական ծրագրով «առաջնահերթ» բնակարան ձեռքբերողների ցանկում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը