Լրահոս

21.01.2021 14:58


ԱԺ նախկին պատգամավորի սպանության և նախկին պատգամավորի ինքնասպանության փաստով քրգործերը կարճվել են

ԱԺ նախկին պատգամավորի սպանության և նախկին պատգամավորի ինքնասպանության փաստով քրգործերը կարճվել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեում կարճվել է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոի» սպանության և ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ «Կարամելի Հարութի» ինքնասպանության փաստով հարուցված քրեական գործերը։

Հիշեցնենք, որ Հ․ Ղարագյոզյանը, իր մոտ եղած ատրճանակով Նորք-Մարաշ վարչական շրջանում սպանել էր Կ․ Կարապետյանին, իսկ հաջորդ օրը նրան հայտնաբերել էին Կոտայքի մարզի շինություններից մեկում՝ մահացած։ Դիակի մոտ հայտնաբերվել էր ատրճանակ։

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշված քրգործը հարուցվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, Երևանի Արմենակյան փողոցի 238 հասցեում գործող «Այգի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած կրակոցների և սպանության փաստով:

Նշված սպանությունը կատարելու կասկածանքով արդեն հետախուզում է հայտարարվել հանրությանն հայտնի «Կարամելի Հարութ» մականվամբ, Երևան քաղաքի Թումանյան փողոցի 32/1 հասցեի բնակիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 59-ամյա Հարություն Ղարագյոզյանի նկատմամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության օրը, ժամը 22:00-ի սահմաններում Հ. Ղարագյոզյանը, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, «Յուվեցի Կարո» մականվամբ 58-ամյա Կարո Կարապետյանը և Արարատի մարզի Մասիս քաղաքի 7-րդ փողոցի բնակիչ, 57-ամյա Սարգիս Ավագյանը հանդիպել են նշված ռեստորանային համալիրում, որտեղ ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ:

Ս. Ավագյանը «ձախ թուլակողի շրջանի հրազենային վնասվածք և աջ ձեռքի դաստակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ նախ տեղափոխվել է «Նորք-Մարաշ» սրտաբանական հիվանդանոց, որտեղից էլ տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ մահացած վիճակում Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կ. Կարապետյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված ռեստորանային համալիրի կուպեներից մեկում վիճաբանության ժամանակ Հ. Ղարագյոզյանը «Բերետտա» տիպի ատրճանակով կրակել է Կ. Կարապետյանի և Ս. Ավագյանի ուղղությամբ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու դատախազության ծառայողները ռեստորանի կուպեում հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացվող «Բերետտա» տիպի ատրճանակը՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 6 չկրակված փամփուշտներով, 1 գնդակ և 4 կրաված պարկուճ: Հայտնաբերվածը քննիչ Վ. Ասատրյանի որոշմամբ առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, հետքաբանական, մատնադրոշմային և դիակի դատաբժշկական փորձաքննություն:

2018 թվականի հոկտեմբերի 7-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող քարի արտադրամասերից մեկի վարչական շենքի 2-րդ հարկի հյուրասենյակում հայտնաբերվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Կարամելի Հարութ» մականվամբ, Երևան քաղաքի բնակիչ Հարություն Ղարագյոզյանի դին:

Նշված վայրում աշխատում են նաև մեծ թվով քննիչներ:

Ոստիկաններն ու քննիչները բազմոցի վրա հայտնաբերել են Հ. Ղարագյոզյանի դին՝ ձեռքին էլ ոսկեգույն ատրճանակ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել:

Այս խորագրի վերջին նյութերը