Կարծիք

17.05.2011 22:06


Երբ փողոցում իշխում է անհեթեթությունը

Երբ փողոցում իշխում է անհեթեթությունը

Հայաստանում բավական անհեթեթ իրավիճակ է: Եվ այլ կերպ չէր էլ կարող լիներ, եթե մի պահ ետ նայենք և ուշադիր հետևենք մեր անցած ճանապարհին՝ սկսած 1995թ., իսկ ավելի ճիշտ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո: Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց պատերազմական տարիներին մեր երկիրը գնում էր ճիշտ ճանապարհով: Հակառակ դեպքում չէին լինի ռազմաճակատի հաղթանակները, և միջազգային հանրություն կոչվածն էլ համակրանքով չէր վերաբերվի մեր երկրին: Բնականաբար, եղան նաև սխալներ և բացթողումներ, բայց սխալներ թույլ է տալիս նույնիսկ Ճապոնիայի ղեկավարությունը:

Ամեն ինչ կտրուկ փոխվեց 1995թ. խորհրդարանի ընտրություններից առաջ: Չգիտես ում խորհրդով կամ ինչու՝ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց հինգերորդական պլան մղել այն ուժին, որի անդամների և համակիրների ջանքերով Հայաստանը հաջողություններ արձանագրեց: Նրանք, ովքեր գիշեր-ցերեկ մասնակցում էին հանրահավաքներին, գործադուլներին, նստացույցերին, պատերազմական գործողություններին, մատնվեցին մոռացության: Ավելի ճիշտ կլինի ասել, որ նրանց սկսեցին չնկատել կամ օգտագործել սևագործ աշխատանքներում: Հենց այդ ժամանակներից էլ ծնունդ առավ «Լևոնը մի բան գիտի» թևավոր խոսքը: Գիտակցում էին, որ ինչ–որ աննորմալ գործընթաց է սկսվել, բայց մտածում էին, թե հենց դա է պետք երկրի զարգացման համար, և որ իրենց սևագործ աշխատանքն էլ անհրաժեշտ է այդ զարգացման համար, իսկ մեկ օրում ՀՀՇ-ում հայտնված «ցեխավիկները», որոնք պատերազմի տարիներին կա՛մ թաքնվում էին նկուղում, կա՛մ ռուսաստաններում էին, պետք է հայտնվեին արհեստածին «Հանրապետություն» միավորման ընտրացուցակում և պատգամավոր դառնային:

Աննկատորեն Շարժման շատ տղաներ խաղից դուրս մնացին, կամ ամեն ինչ արվեց, որ նրանք դուրս մնան: Հայաստանում աննկատ եկավ մի նոր ժամանակ` անհեթեթությունների ժամանակը: Երևանի քաղաքապետ էր դառնում մի մարդ, որին որևէ մեկը չէր ճանաչում, բայց կրկին շատերը մտածում էին, թե Լևոնը մի բան գիտի:

Հենց այդ անհեթեթ ժամանակաշրջաններում են լինում տարօրինակ նշանակումներ, հրաժարականներ, պաշտոնանկություններ, ընտրություններ, ողբերգություններ:

Եթե ասենք, թե ժողովուրդը չէր հաշտվում այս վիճակի հետ, կնշանակի ոչինչ չասել: Եթե բազմահազարանոց ցույցեր էր կարողանում հավաքել Ռուսաստանից Հայաստան եկած մի մարդ, որի անունը այս պահին նույնիսկ մոռացել եմ, ապա նշանակում է, որ հասարակական դժգոհությունը հասել էր գագաթնակետին: Բնականաբար, երբ առաջին նախագահը հայտ ներկայացրեց փոխել առկա իրավիճակը, կազմաքանդել մոնղոլ–թաթարական տիպի ավազակապետությունը, նրա շուրջը պետք է հավաքվեին տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում և նրանք, ովքեր ժամանակին նրան սուր քննադատության էին ենթարկում:

Անհեթեթ ժամանակները չփոխվեցին: Գուցե պատճառը մարտի 1-ն էր, գուցե այլ պատճառներ կային, բայց երբ ապրիլի 8-ին նախագահի պաշտոնում հայտնվեց Սերժ Սարգսյանը, և երբ սկսվեց ֆուտբոլային դիվանագիտությունը, և նա, ով եկել էր բուրգը կազմաքանդելու, մարդկանց տուն ուղարկեց, որ բանակցություններում բուրգի գագաթին հայտնված մարդն իրեն լավ զգա, հազարավոր մարդիկ հասկացան, որ շարունակվում են անցած դարի 90-ականներին սկսված անհեթեթ ժամանակները:

Միայն անհեթեթ ժամանակներում է ընդդիմությունը աջակցում գործող իշխանություններին և թույլ չի տալիս, որ բուրգը ճաքեր տա՝ ամեն ինչ անելով, որ կոալիցիայի մաս կազմող ուժերից մեկն այն չլքի:

Միայն անհեթեթ ժամանակներում է ընդդիմադիր ուժը փոխակերպվում և վերածվում «ստաբիլիզատորի»: Եվ զարմանալ պետք չէ, քանի որ անհեթեթությունների ժամանակաշրջանն իր օրենքներն ունի: Հավանաբար այդ օրենքներից է հրապարակայնորեն ծաղրել Հայրենիքի համար իր կյանքը դրած հրամանատարին, վնասարար համարել Շարժմանն իրեն անմնացորդ նվիրած մարդուն, մի կողմ շպրտել երկրի ժողովրդավարացման համար պայքարող մարդկանց և առաջին գիծ մղել պատեհապաշտներին. ճիշտ այնպես, ինչպես 95-ին:

Ինչ եղել էր մեկ անգամ, կրկնվեց հիմա: Տարբերությունը միայն այն է, որ այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը պետության ղեկավարն էր, իսկ հիմա՝ Հայ ազգային կոնգրես կոչվող անհասկանալի միավորման: Իսկ երբ դու հրաժարվում ես նրանցից, որոնց շնորհիվ հասնում ես բարձունքի, ավելին, նրանց պիտակավորում, համարում վնասարար, ապա դա նշանակում է, որ քո ծրագրերում արմատական փոփոխություններ են եղել:

Ուզենք թե չուզենք, ստիպված ենք ընդունել, որ երբ ընդդիմադիր կոչված ուժի առաջնորդը իշխանափոխության անհրաժեշտության մասին խոսում է այնպես, ինչպես 70-ականների վերջին Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը՝ կոմունիզմի կառուցման մասին, ապա դա նշանակում է, որ այդ նույն ուժի ծրագրերը կտրուկ փոփոխության են ենթարկվել կամ էլ այդպիսին են եղել ի սկզբանե:

Բայց մենք այլևս չենք կարող նստել թախտին և սպասել, թե ինչ է լինելու հետո: Բրեժնևյան անհեթեթությունների շրջանին հաջորդեցին գորբաչովյան ժամանակները, որին հաջորդեց հսկա կայսրության կործանումը: Մենք ավելի փոքր ենք և թույլ, քան խորհրդային երկիրը: Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր երազած անկախ Հայաստանը մի քանի արկածախնդիրի պատճառով կործանվի:

Մեծ թվով առողջ մտածող մարդիկ կան, որոնց միավորումը, համատեղ ջանքերը թույլ կտան վերջ տալ անհեթեթությունների ժամանակաշրջանին և քաղաքական դաշտի «Recycle Ben»-ում դնել նրանց, ովքեր Հայաստանը վերածել են փող բերող ապարատի: Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական նոր, առողջ ուժի ձևավորումը, որտեղ չեն լինի այնպիսի «քաղաքական գործիչներ», որոնք խամաճիկի դեր կխաղան:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը