Քաղաքական

26.02.2021 18:40


Հորդորում ենք հստակեցնել Boeing 737-ի գտնվելու վայրը. ինքնաթիռների փոխանցումը Իրանին արգելվում է, նման գործողությունում ներգրավվածները կարող են հայտնվել պատժամիջոցների տիրույթում. ԱՄՆ դեսպանատուն

Հորդորում ենք հստակեցնել Boeing 737-ի գտնվելու վայրը. ինքնաթիռների փոխանցումը Իրանին արգելվում է, նման գործողությունում ներգրավվածները կարող են հայտնվել պատժամիջոցների տիրույթում. ԱՄՆ դեսպանատուն

Tert.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, պարզաբանում խնդրելով մամուլում հայտնված տեղեկությունների վերաբերյալ, թե Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում:

Թե ո՞րն է ԱՄՆ դեսպանատան դիրքորոշումն այս հարցով, եւ ինչ տեղեկություններ ունեն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են. «ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան։ Այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորում ենք անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը։

ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում»։

Նշենք, որ ավելի վաղ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դեռեւս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում:

Թեմային անդրադարձել է նաեւ վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ Նա նշել է, որ Տալլինից թռած ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Երեւանում, բայց «տեխնիկական անսարքության հետեւանքով» հայտնվել է Թեհրանում։

Վերոնշյալին արձագանքելով՝ ՔԱԿ-ը հայտարարություն էր տարածել առ այն, որ Boeing 737 տիպի օդանավի առեւանգման փաստի մասին հաստատված տեղեկատվություն չի ստացվել եւ տեղյակ են դրա գտնվելու վայրի մասին:

Ավելի ուշ հայտարարություն տարածեց «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը առ այն, որ Boeing 737-300 օդանավը Էստոնիայից պետք է թռներ Ուկրաինայի Հոստոմել օդանավակայան, սակայն թռել է եւ անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք կատարել:

Այս խորագրի վերջին նյութերը