Կարծիք

25.05.2011 11:19


Կոռուպցիան մեզնից կպել, պոկ չի գալիս

Կոռուպցիան մեզնից կպել, պոկ չի գալիս

Երևում է` կոռուպցիայի արմատներն այլեւս այնքան խորն են մխրճվել մեր կյանքի բոլոր ոլորտները, որ դրա հետեւանքները, այսպես շարունակվելու դեպքում, կարող են ազգային անվտանգության գլխին մեծ փորձանք բերել: Չէ՞ որ որքան բարձր է կոռումպացվածության աստիճանը, այնքան երկիրը խոցելի է արտաքին մարտահրավերների առջեւ: Իրավիճակի աղետալիությունը հետզհետե բյուրեղանում է` մտահոգելով ՀՀ շարքային քաղաքացիներին: Անհանգստության նշաններ են երեւում նաեւ հայրենի ընտրախավի որոշ ներկայացուցիչների հրապարակային ելույթներում ու հարցազրույցներում:

Որ կոռուպցիան վատն է, չարիք է, այս է, այն է, ըստ էության, գիտակցում են անխտիր բոլորը, ուստիեւ տարբեր տրամաչափի մեր պաշտոնյաները, օլիգոպոլիայի կարկառուն դեմքերը` ժամանակ առ ժամանակ անդրադառնալով կոռուպցիայի թեմային, մակդիրներ չեն խնայում` դատափետելու պժգալի այդ երեւույթը, հավաստիացնելու հասարակությանը, որ ամեն ջանք կգործադրվի «անկոչ հյուրի» նման մեր շլինքից կախված եւ ոչ մի կերպ պոկվել չցանկացող պատուհասի դեմն առնելու համար:

Ասում են` լեզվի տակ ոսկոր չկա: Խոսքով, իհարկե, կարելի է ցանկացած իրավիճակ շտկել, բարեփոխումներ իրականացնել, կյանքը դարձնել շեն ու երջանիկ: Մինչդեռ գործնականում` մանավանդ եթե խոսքը կոռուպցիային է վերաբերում, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Չնայած չարիքը սանձահարելու փորձեր իսկապես կան ու եղել են` որքան ուզեք. մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարություն, ստեղծվել են կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, կոռուպցիայի կանխարգելման եւ բացահայտման մարմիններ, կազմակերպվել են հանային լսումներ, խորհրդաժողովներ, քարոզարշավներ, հեռախոսային «թեժ գծեր», թողարկվել են թեմատիկ բուկլետներ: Իրենց հերթին` յուրաքանչյուր նախարարություն, գերատեսչություն, պետական կառավարման այլ կառույցներ Հակակոռուպցիոն ռազմավարությունից բխեցրել են տվյալ համակարգին բնորոշ պայքարի սեփական հայեցակարգը, մշակել համապատասխան միջոցառումների համալիր ծրագրեր:

Եվ սա դեռ ամենը չէ: Կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի «սայլին» լծվել են ինչպես հայաստանյան ոչ կառավարական կազմակերպություններ, այնպես էլ միջազգային շատ կառույցներ` «Թրանսփարենսի ինթերնեշնլ», «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը եւ այլք: Միայն վերջինիս ծրագիրը, որը մեկնարկել է 2007 թվականից, ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ պետական կառավարման մարմինների, ՀԿ-ների եւ զանգվածային տեղեկատվական միջոցների դերի բարձրացմանը: Հիմնադրամի կողմից հակակոռուպցիոն ցանցին տրամադրվել են մի շարք դրամաշնորհներ, որոնք ծախսվել են ռազմավարական եւ ընթացակարգային առաջարկների, դեպի Եվրոպա եւ ԱՊՀ երկրներ ուսուցողական այցերի, համաժողովների ու դասընթացների համար:

Մի խոսքով, կարծես թե, քիչ աշխատանք չի կատարվել, քիչ միջոցներ չեն ներդրվել, բայց արի ու տես, որ կոռուպցիա կոչվածը աներես շան պես շնթռկել է մեր տան շեմին ու հեռանալու միտք չունի: Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության` անցած տարեվերջին հրապարակած տվյալների, Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) մեզանում 2010-ին կազմել է 2,6 միավոր, ինչը բնութագրական է կոռումպացվածության բարձր սանդղակ ունեցող երկրներին: Այդպիսով Հայաստանն աշխարհի 178 երկրների մեջ Էրիթրեայի, Մադագասկարի եւ Նիգերի հետ անցյալ տարի կիսեց 123-126 տեղերը: Քիչ է սփոփում այն հանգամանքը, որ թշնամի Ադրբեջանը ԿԸՀ-ի 2,4 արժեքով մեզնից էլ ետ էր` 134-րդ հորիզոնականում:

Ամենազավեշտալին այն է, որ 2000-ական թթ. սկզբներին, երբ կոռուպցիայի թեմայով գոնե մեծադղորդ հայտարարություններ շատ չէին հնչում եւ հակակոռուպցիոն ներդրումներն էլ, եթե չեմ սխալվում, բավականին պակաս էին, Հայաստանի ԿԸՀ-ն տատանվում էր 2,9-3 միավորի միջակայքում, այսինքն` վիճակը համեմատաբար բարվոք էր: Փաստորեն ստացվում է` որքան հետագայում հաճախակիացան հիմնախնդրի արծարծումները եւ որքան ավելի շատ միջոցներ հատկացվեցին չարիքն արմատախիլ անելու համար, այնքան ցուցանիշները սկսեցին նվազել: Ի՞նչ կատարվեց: Չլինի՞ կոռուպցիայի հաղթահարմանն ուղղվող միջոցները նույնպես մանրից վերածվեցին կոռուպցիայի առարկայի: Թե չէ` միլիոնավոր դոլարների գումար է ներդրվում (չնայած տվյալ դեպքում տեղին է օգտագործել մսխվում բառը), մշակվում է մի ամբողջ ռազմավարություն, գրվում են հոյակապ հայեցակարգեր ու ծրագրեր, սակայն այդ ամենի ՕԳԳ-ն իշխանավորների սնամեջ խոստումներից այնկողմ չի անցնում:

Առհասարակ` բնակչության ցածր եկամուտ ունեցող երկրներում կոռուպցիայի բարձր մակարդակի պահպանումը կարող է «հումանիտար աղետի» հանգեցնել: Դիտարկումները ցույց են տալիս, որ այդպիսի երկրներում դժվար է կոռուպցիայի դեմ պայքարում օգտվել հանրային աջակցությունից, առանց որի կայուն առաջընթացի մասին խոսելն ավելորդ է: Այդ առումով նույնպես Հայաստանի պարագան յուրօրինակ է. մի հասարակություն, որը «Մարտի 1» է տեսել եւ որտեղ իրականացվող հեռախոսային գաղտնալսումները, ընդդիմության հալածանքները, դատաիրավական ամենաթողությունը սովորական երեւույթ են` ժամանակ ու ջանքեր դեռ շատ կպահանջվեն վախի, հուսալքության համախտանիշը հաղթահարելու եւ, մանավանդ, մարդկանց մտածողությունը փոխելու համար:

Խնդրին տիրապետող փորձագետների պնդմամբ` կոռուպցիան ՀՀ-ում համակարգային բնույթ ունի, ինչը պայքարի համարժեք միջոցների կիրառում է ենթադրում: Մինչդեռ մերոնք, որպես կանոն, պատճառները թողած` զբաղվում են հետեւանքների վերացմամբ` անտեսելով, որ մեզանում կոռուպցիայով ախտահարված են ամբողջ համակարգեր ու ոլորտներ եւ, առաջին հերթին, իշխանական բուրգը` վերից վար: Իսկ այլասերված համակարգը, ինչպես հայտնի է, ինքն իր դեմ երբեք չի պայքարի, այսինքն` չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Լավագույն դեպքում «քավության նոխազ» կդարձնի 1-2 «սլաքավորի», եւ ընդամենը: Մանավանդ` եթե խոսքը քաղաքական կոռուպցիայի մասին է, ասենք, ընտրակեղծիքի, որի հիմնաքարը դրվեց 1995թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ ավելի խորացավ հատկապես 1998թ. իշխանափոխությունից հետո:

Հիմա դաժան իրականությունն այն է, որ կոռուպցիան սողոսկել է մեր նյութական ու հոգեւոր տիրույթները եւ ավերածություններ է գործում: Այլեւս պետական ամենաբարձր մակարդակով սկսել են խոստովանել, որ միայն հարկային համակարգում կաշառակերների թիվն անցնում է 2 հազարից կամ, օրինակ, ԱԺ-ում լիքը գործարարներ կան, ինչը ինքնին կոռուպցիոն ռիսկեր պարունակող երեւույթ է: Այդ մասին բարձրաձայնող մեր պետական այրերը վաղուց պետք է հասկանային, որ խորհրդարանը նրանց տեղը չէ: Կամ` որ հարկայինի ու նրա նմանների «կապը» պետք է ժամանակին քաշեին: Չեն քաշել ու հիմա թթուն խմում են: Հեռուն գնալ պետք չէ, ամենավառ օրինակը ՀՀ կենսաթոշակային հիմնադրամում վերջերս բացահայտված ալան-թալանի` ավելի քան 113 միլիոն դրամի յուրացման փաստերն են:

Այդպես պետական չարաշահումների շղթան` ի հեճուկս պաշտոնապես հայտարարված բարեփոխումների, երկարում է ու, թվում է, երբեք վերջ չի ունենալու: Գանձագողություն, բյուջետային միջոցների փոշիացում, պետական ու վարկային գումարների յուրացումներ... եւ այս ամենը շարունակվող արտագաղթի ու աղքատության, քայքայված տնտեսության, սոցիալական բազում չլուծված խնդիրների խորապատկերին: Իսկ գալիք տարում, երբ ոչ խերով-բարով թեւակոխենք $ 3,5 միլիարդի հասնող արտաքին պարտքի սպասարկման ակտիվ փուլ` տարեկան շուրջ $ 200 միլիոն, հոգսերի բեռը, թերեւս, ավելի է ծանրանալու միջին վիճակագրական հայաստանցու վտիտ ուսերին: Տա Աստված` ես սխալ դուրս գամ:

Գևորգ Լալայան

Այս խորագրի վերջին նյութերը