Մեկնաբանություն

13.03.2021 11:54


Նիկոլը փախավ ուղիղ եթերից, Արմենը «վատացավ», էժանագին շոուն չստացվեց

Նիկոլը փախավ ուղիղ եթերից, Արմենը «վատացավ», էժանագին շոուն չստացվեց

Հայաստանում քաղաքական, սոցիալական, անվտանգային, տնտեսական, բարոյահոգեբանական ճգնաժամը խորանում է։ Պատասխանատուները հայտնի են։ Թիվ մեկ մեղավորը՝ նույնպես։

Թաքնվելով «ազգային ու պետական շահ» ձևակերպման տակ՝ Նիկոլի որոշումները դակող, նրա կապրիզները բավարարող և ազգային–պետական շահի դեմ պարբերաբար գործող Արմեն Սարգսյանը որոշել էր թամաշա կազմակերպել։ Առաջարկել էր իր հարկի տակ հանդիպել Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին, Նիկոլ Փաշինյանին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին։

Հավերժական հաճախորդ Էդմոն Մարուքյանը և Նիկոլի ուսապարկերի խմբակցության նայողուհի նշանակված Լիլիթ Մակունցը հայտարարեցին, որ պատրաստ են հանդիպմանը։ Էդմոնի նորանշանակ փիառշիկ Լևոն Տեր–Պետրոսյանը գովեց «Լուսավոր Հայաստանի» այդ որոշումն ու գնաց «վիտամինները» վայելելու (Լևոնն առանց «վիտամինի» նման բաներ չի անում, Ծառուկյանին հարցրեք՝ կասի)։

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարեց, որ կմասնակցի հանդիպմանը, եթե պահպանվի հայտարարված ձևաչափը, հանդիպումը տեղի ունենա ԱԺ–ում (ոչ նախագահական նստավայրում հանդիպման տեղ նշելով՝ ընդգծվում էր Արմեն Սարգսյանի կողմնակալությունը և Նիկոլին կցված լինելը), բանակցությունները լինեն ուղիղ եթերում։ Շարժումը նաև կոնկրետ օրակարգ է առաջարկել՝ Նիկոլի հրաժարական, հակաճգնաժամային կառավարության ձևավորում և հետո արդեն արտահերթ ընտրություններ։ Ասել է թե՝ առաջարկվում էր ոչ թե էժանագին շոու կազմակերպել, այլ իրական ու առարկայական բանակցություն։

Ինչպես և սպասվում էր, թափանցիկ գործելու խոստում տվող ու ժողովրդից ոչինչ, իբր, չթաքցնող Նիկոլը թռավ ուղիղ եթերում քննարկում կազմակերպելու առաջարկից։ Այդ արանքում «Աստղիկ» բժշկական կենտրոն ընկավ Արմեն Սարգսյանը, ով օրվա վերջում արագ լավացավ ու մի էժանագին ձևակերպում տվեց, թե բա Հայրենիքի փրկության շարժումն ու ԲՀԿ–ն այնպիսի պայմաններ և օրակարգ են առաջարկել, որ մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի:

Իր այդ ձևակերպմամբ՝ Նիկոլի մոտ աշխատող Սարգսյան Արմենը փորձել էր ցույց տալ, թե իբր ընդդիմությունը ապակառուցողական է և չի ուզում ելքեր գտնել ստեղծված իրավիճակից։ Արմենի կանտոռան իր տարածած այդ տեքստում «պատահաբար» մոռացել էր նշել Նիկոլի մասին, որը չէր արձագանքել։ Թեև այսօր այդ երկուսը հանդիպում են։ Արձանագրենք, որ իրենց ուզած էժանագին շոուն չստացվեց։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը