Կարծիք

31.05.2011 09:00


Ստից եւ կեղծիքից այն կողմ

Ստից եւ կեղծիքից այն կողմ

Երբ երկրի ամենակարեւոր պետական տոներից մեկի օրը նույն ծանրաբեռնվածությամբ աշխատում են տոնավաճառները, որոնք իրականում արեւելյան թույլ զարգացած երկրներին բնորոշ բազարներ են, պարզ է դառնում, որ այդ երկրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից ամենագլխավորը թույլ հասարակությունն է:

Վարչախումբն ամեն ինչ անում է, որ հասարակությունը թույլ լինի եւ հեռու մնա զարգացման ճանապարհից: Ցավոք, վարչախմբի հետ սերտ համագործակցող, այսպես կոչված, ընդդիմությունը լծված է նույն գործին: Ամեն ինչ պարզից էլ պարզ է: Վարչախմբին էլ, նրա հետ միասին երկրի «կայունության» համար պայքարող Հայ ազգային կոնգրեսին եւ մյուս, այսպես կոչված, ընդդիմադիր ուժերին էլ, որոնք պտտվում են վարչախմբի շուրջը, ձեռնտու  է, որ հասարակությունը լինի թույլ, վատ տեղեկացված եւ ճորտի մենթալիտետով: Նման մարդկանց հեշտ է կառավարել, խաբել եւ ուղղորդել:

Պատահական չէ, որ սերժական թիմը իրականում ոչ մի ուշադրություն չի դարձնում կրթական ոլորտին։ Պատահական չէ, որ ոչինչ չի արվում, որ մարդը տեղյակ լինի իր իրավունքներից: Փոխարենն ամեն ինչ արվում է, որ ՀՀ քաղաքացին մտածի բացառապես օրվա հացը վաստակելու եւ կոմունալ վարձերը վճարելու մասին: Նման իրավիճակում հայտնված մարդը դառնում է վախկոտ եւ հակված է իր հույսը կապել «փրկիչների» հետ, որոնք ի հայտ են գալիս ընտրություններից առաջ: Սոված կամ կիսասոված մարդը դժվարությամբ է կարողանում կողմնորոշվել եւ իրարից տարբերել խաբեբային եւ ազնիվ մարդուն: Ավելի շուտ նրանք հակված են հավատալ խաբեբային, քան ազնիվ մարդուն, ով նրանց փորձում է ներկայացնել իրականությունը:

Իր արժանապատվությունը կորցրած մարդը հիանում  եւ ակնածանքով է լցվում նրանց նկատմամբ, ովքեր համարձակվում են բարձրաձայն քննադատել իշխանությանը եւ առավել եւս նախագահին: Ընդ որում, նրանք հիացմունքով են խոսում հատկապես այն «հերոսների» մասին, որոնք նույնիսկ անձնական վիրավորանքներ են հասցնում երկրի ղեկավարներին: Կիսասոված մարդուն, խեղճ մարդուն դժվար է բացատրել, որ երբ քաղաքական դաշտը կեղտոտ է, բազմաթիվ քաղաքական գործիչներ վերածվում են սովորական դերասանների, որոնք մեծ հաճույքով կատարում են ռեժիսորի` երկրի ղեկավարի հանձնարարությունները: Եւ առավել դժվար է խեղճացած, ճորտի մտածելակերպով մարդուն հասկացնել, որ շատ հաճախ ռեժիսորը դերասանին հանձնարարում է սուր քննադատության ենթարկել հենց իրեն: Ահա նաեւ սա է պատճառը, որ ոմանք երազում են, որ ՀՀ քաղաքացին լինի հազիվ տառաճանաչ, խեղճ եւ վախկոտ:

Երբ թացն ու չորը խառնվում է իրար, շարքային քաղաքացին մեծ դժվարությամբ է կարողանում հասկանալ, թե ով է իրեն խաբում, իսկ ով` ոչ: Բայց հուսադրում է այն, որ չնայած վարչախմբի եւ նրան սպասարկող ուժերի գործադրած ջանքերին հասարակությունն աստիճանաբար փոխվում է: Ճիշտ է, դանդաղ, բայց փոխվում է: Այստեղ, անկասկած, իր դերը խաղում են ժամանակակից տեխնոլոգիաները: Այնպես որ, հակառակ վարչախմբի ցանկություններին, հասարակությունն այլեւս անցած դարի 30-ականների կամ նույնիսկ 80-ականների նման զրկված չէ այլընտրանքային տեղեկատվություն ստանալուց: Ավելին, ինտերնետի օգնությամբ կարողանում է ծանոթանալ նաեւ այնպիսի վերլուծությունների, որոնք նրանց թույլ են տալիս ճիշտ հետեւություններ անել:

Պատահական չէ, որ հակառակ վարչախմբի եւ Կոնգրեսի գործադրած ջանքերին, բեմականացվող շոուներին ամեն օր ավելի մեծ թվով մարդիկ են հասկանում, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում «երկխոսությունը»:

Կոնգրեսում ջանք ու եռանդ չեն խնայում հանրահավաքներին մեծ թվով մարդիկ ապահովելու համար: Հիմա, երբ արդեն հասկացել են, որ կորցնում են համակիրներին եւ աջակիցներին, փորձում են սուր հայտարարություններ անել, փորձելով ապացուցել, թե նախկինի նման պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը: Արտահերթ ընտրությունների եւ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին խոսում են ՀԱԿ որոշ առաջնորդներ, բայց ոչ գլխավոր առաջնորդը, իսկ ով էլ խոսում է՝ դա անում է իներցիայի օրենքին համահունչ:

Կարող է խիստ հնչել, բայց Սերժ Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտության մասին ՀԱԿ ակտիվիստների վերջին հայտարարությունները հիշեցնում են մի հին անեկդոտ, որը ստիպված եմ պատմել: Մի վախկոտ եւ խեղճ տղա է լինում, որին բակի տղաները պարբերաբար վիրավորում են, ծաղրում, նույնիսկ խփում: Մի օր այս վախկոտ երիտասարդը մոտենում է իրեն հալածող երիտասարդներին եւ ասում, որ այսօր իր հետ տուն է գալու ընկերուհին եւ խնդրում է գոնե նրա ներկայությամբ իրեն չվիրավորեն եւ հարգալից բարեւեն: Բակի տղաները մեծահոգաբար համաձայնվում են: Երեկոյան վախկոտ տղան ընկերուհու հետ մտնում է բակ, բարեւում շենքի մոտ հավաքված տղաներին, հարգալից, ավելի քան հարգալից պատասխան ստանում: Թվում է, թե ամեն ինչ բարեհաջող մոտենում է ավարտին, բայց հանկարծ վախկոտ երիտասարդը, ոգեւորված հարգալից պատասխանից, շրջվում է եւ դիմելով հավաքվածներին ասում` լակոտներ, էլ ձեզ այստեղ հավաքված չտեսնեմ...

Թե ինչ է լինում տղայի հետ հետո, արդեն այնքան էլ էական չէ: Կարեւորն այն է, որ այսօր ՀԱԿ որոշ առաջնորդներ «երկխոսության» շրջանակներում, հանրահավաքին բազմություն հավաքելու համար այնպիսի հայտարարություններ են անում, որ հիշեցնում են վերոհիշյալ անեկդոտի երիտասարդին:

Իրականում Կոնգրեսի հետ արդեն ամեն ինչ պարզ է: Մեծ հաշվով Կոնգրես-վարչախումբ հարաբերություններին կարելի է անդրադառնալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Հիմա շատ ավելի կարեւոր է իրական ընդդիմադիր դաշտը մեկ օրակարգի շուրջ հավաքելը: Ավելի կարեւոր է հստակ խնդիրների մատնանշումը եւ դրանց լուծումը: Հայաստանի շահերը պահանջում են, որ այս հարցերը լուծվեն հնարավորինս շուտ: Հուսադրողն այն է, որ ընթացող գործընթացները նպաստում են նոր քաղաքական ուժի, իսկ ավելի ճիշտ բեւեռի ձեւավորմանը: Հենց այս ուժն էլ թույլ կտա երկիրը դուրս բերել այս խայտառակ իրավիճակից: Հավատացեք, որ դերասանական խաղերի շարունակման դեպքում մենք պարզապես կկորցնենք մեր պետականությունը:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը