Լրահոս

07.04.2021 18:55


Վանաձորում խանութի տիրոջը ծեծել են դիմակի բացակայության համար զգուշացումից հետո

Վանաձորում խանութի տիրոջը ծեծել են դիմակի բացակայության համար զգուշացումից հետո

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից խանութի սեփականատիրոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մի շարք հանգամանքներ և շարժառիթը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցում գործող խանութում վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձորի բնակիչ, 30-ամյա տղամարդու, քննությամբ դեռևս չպարզված անձանց և խանութի սեփականատիրոջ միջև՝ առանց դիմակի խանութ մուտք գործելու շուրջ, ինչը շարունակվել է նաև խանութից դուրս՝ շենքի կողային հատվածում:

Քննությամբ պարզվել է, որ 30-ամյա վանաձորցին ընկերների հետ, դիտավորությամբ, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, խմբով, ձեռքերով ու ոտքերով, իսկ 30-ամյա տղամարդը՝ նաև քարի գործադրմամբ, անկանոն հարվածներ են հասցրել տուժողի մարմնի տարբեր հատվածներին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։ Դրանից հետո տուժողին թողել են դեպքի վայրում՝ վերջինիս կողմից շահագործվող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն, միաժամանակ, դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը