Աշխարհ

14.04.2021 21:50


Մուշի հին հայկական թաղամասի վերջին տան ճակատագիրը վտանգված է

Մուշի հին հայկական թաղամասի վերջին տան ճակատագիրը վտանգված է

Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը: «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը» (TOKİ) քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի:

Մուշի քաղաքապետարանի և հիշյալ վարչության համագործակցությամբ քանդված հայկական տների տեղերում բազմաբնակարանային համալիր է կառուցվել: Նշվում է, որ հայկական տները ոչնչացնելու որոշումը հաստատվել էր դեռևս 2011թ. Մուշի քաղաքային խորհրդի կողմից: Այդ ժամանակվա Մուշի քաղաքապետ Նեջմեթթին Դեդեն որպեսզի արդարացներ ընդունված որոշումը, ասել էր. «Քարաշեն և հողաշեն տներ են, գրանցելու ի՞նչ կա»:

Էրջան Չեթեն, որը Քալե թաղամասում ծնված-մեծացած բնակիչ է ընդդիմանում է և ապամոնտաժողներին թույլ չի տալիս քանդել 156 տարվա պատմություն ունեցող իր տունը:

Չեթեն քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով թեմային նշել է, որը ինքը քանդելուն ընդդիմացել է, քանի որ գիտակցում է տարածքի պատմական արժեքը:

«Ոչ ոք չընդդիմացավ TOKİ-ին: Մեզ ասացին՝ վերցրեք ձեր հագուստը և դուրս եկեք: Սակայն մենք չընդունեցինք»,-ասել է նա:

Բնակիչը պատմել է նաև, որ տունը քանդելուց պահպանելու համար մենակ է ջանքեր գործադրել և ոչ ոք իրեն ականջալուր չի եղել: Նա նաև նշել է, որ որոշ ժամանակ անց կարողացել է տունը որպես պատմական կառույց գրանցել: Նրա խոսքով՝ գրանցումից հետո հիշյալ վարչությունը փորձ է արել կրկին քանդել տուն:

Բնակիչը պատմել է, որ ժամանակին նաև իր նկատմամբ սպառնալիքներ են հնչեցրել տունն ազատելու համար:

«Այժմ չեմ աշխատում, քանի որ ցանկանում եմ տեր կանգնել այս պատմությանը: Տանը հերթապահում եմ»,-ասել է Չեթեն:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը