Լրահոս

19.04.2021 22:26


ՀՀ-ում արձանագրվում են թունաքիմիկատներով թունավորումների դեպքեր. ԱՆ-ն հորդորում է պահպանել որոշ կանոններ

ՀՀ-ում արձանագրվում են թունաքիմիկատներով թունավորումների դեպքեր. ԱՆ-ն հորդորում է պահպանել որոշ կանոններ

Հայաստանում շարունակվում են արձանագրվել թունաքիմիկատներով թունավորումների դեպքեր, որոնք հիմնականում պայմանավորված են թունաքիմիկատների անզգույշ կիրառմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«2020 թվականին 2019-ի համեմատ թունաքիմիկատներից թունավորման հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.3 անգամ: 2019 թ. գրանցվել էր 120, 2020թ.՝ 94 դեպք։ Նախորդ տարի թունաքիմիկատներով թունավորումների գերակշիռ մասն արձանագրվել է անփութության՝ անհատական պաշտպանիչ միջոցների բացակայության, ոչ ճիշտ մակնշման և պահպանման պատճառով, ինչպես նաև ծնողների անուշադրության հետևանքով»,-նշում են ԱՆ-ից:

Թունավորումներից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը քաղաքացիներին հորդորում է թունաքիմիկատի օգտագործումից հետո ձեռքերը և դեմքը լվանալ օճառով՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը, լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով, օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ թունաքիմիկատի հետ աշխատելիս (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիթ կոշիկներ), լվանալ և պահել թունավոր նյութերով աղտոտված հագուստներն առօրյա հագուստներից առանձին:

ՀՎԿԱԿ-ն զգուշացնում է նաև չպահել թունավոր նյութերը պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում, թունավոր նյութերը պահել գործարանային սրվակներում, հակառակ դեպքում, այդ նյութերի սրվակների վրա փակցնել նախազգուշացնող պիտակներ, պահել թունավոր նյութերը սննդամթերքից հեռու՝ երեխաներին ոչ մատչելի վայրերում, չպահել թունավոր նյութերը և հեղուկացրիչ սարքավորումները պատահական վայրերում, թունաքիմիկատի խառնուրդը պատրաստել լավ օդափոխվող տարածքում, ինչպես նաև չփչել հեղուկացրիչի (սրսկիչ սարքի) խցանված ծայրադիրի մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը