Մեկնաբանություն

13.05.2021 10:01


Ադրբեջանը պայթեցնում է Նիկոլի պղնձային փուչիկը

Ադրբեջանը պայթեցնում է Նիկոլի պղնձային փուչիկը

Նիկոլը շարունակում է ստել ու հեքիաթներ պատմել։

«Հաղթելու ենք» կարգախոսի ներքո հայերին կապիտուլյացիայի տարած «առաջնորդը» հիմա էլ «Ծախելու ենք» կարգախոսի ներքո է ուզում պարտության տանել մեր երկիրը։ Տվյալ դեպքում խոսքը պղինձ ծախելու մասին է։

Նիկոլը դռնեդուռ ընկած երկու բան է քարոզում։ Ասում է՝ տնտեսական հրաշք է սպասվում, քանզի պղնձաձուլարան են կառուցելու ու պղինձ արտահանեն։ Մեկ էլ ասում է՝ որպեսզի այդ պղինձը կարողանանք արտահանել, պետք է Թուրքիային ու Ադրբեջանին որպես թշնամի չընկալենք, քանզի որքան մենք ենք իրենց թշնամի ընկալում, այնքան իրենք են մեզ թշնամի ընկալում։

Մի անգամ հայ ժողովրդին նմանատիպ հեքիաթներով կերակրել են։ Կամ էլ հայ ժողովուրդն է ինքն իրեն նմանատիպ հեքիաթով կերակրել, երբ խոսվում էր այն մասին, որ Հայաստանը «Ջերմուկն» ու մոլիբդենը ծախելով կարող է լավ ապրել։ Ժամանակը ցույց տվեց, որ այդ ապրանքները ծախելով կարող են լավ ապրել միայն մի քանի հոգի։ Ժամանակը նաև ցույց տվեց, որ նմանատիպ հեքիաթներով պետություն չես կառուցի, տնտեսություն չես զարգացնի։

Հիմա Նիկոլը հայ ժողովրդին կրկին վերադարձնում է պետության «1–ին դասարան», թե բա հեսա պղինձը ծախենք, լավ ենք ապրելու, մնում է, որ Ադրբեջանին ու Թուրքիային թշնամի չընկալենք ու վե՛րջ, կյանքը կդառնա մեղր։

Իսկ այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունն ու մետր առ մետր, կիլոմետր առ կիլոմետր նեղացնում Հայաստանի սահմանները։ Ու որքան շատ է Նիկոլն ուզում, որ հայ ժողովուրդն Ադրբեջանին որպես բարեկամ ընկալի, այնքան շատ է Ադրբեջանը մեր հանդեպ թշնամական գործողությունների դիմում և օգտվում Նիկոլի տված «պասերից»։

Երեկ Սյունիքում տեղի ունեցածն ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն էր։ Ալիևն այդպիսով պայթեցնում է Նիկոլի պղնձային փուչիկը։ Բայց դե Նիկոլի համար դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ մեր երկրի սահմանների նեղացման փաստով ներքաղաքական շահարկում չլինի, համ էլ՝ քիրվայության քարոզը շարունակվի։

Իսկ փոքրանում են մեր երկրի սահմանները, քանզի Նիկոլը հետևողականորեն վերացրել է բանակը, իսկ գեներալները դարձել են «պամպերսային»՝ թղթի վրա հրաժարական պահանջող ու հետո զգաստ կանգնող։ Այս վիճակը փոխելու հնարավորություն կա։ Կօգտվի՞ այդ հնարավորությունից հայ ժողովուրդը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը