Մեկնաբանություն

13.05.2021 13:00


Ելակով վերացրած բանակը

Ելակով վերացրած բանակը

Թշնամին կրկին մխրճվել է Հայաստանի տարածքի մեջ։ Նիկոլը դրան պատասխանել է Անվտանգության խորհրդի հուժկու նիստով։ Նիկոլի միակ մտավախությունն այն է, որ Սև լճի զիջումը ներքաղաքական քննարկման թեմա չդառնա, մյուս բաները՝ հեչ։

Արձանագրենք, որ հերթական անգամ մեր բանակը չի գործել։ Նիկոլն ասում էր, թե, իբր, սահմանները պաշտպանելու մեր գործողություններն անտեսանելի են ՀՀ քաղաքացիների համար։ Պարզվեց, որ դրանք շատ տեսանելի են թշնամու համար, քանզի թշնամին տեսավ, որ ոչինչ չկա ու քայլելով մտավ Սև լիճ։

Նիկոլը բանակը վերացրել է։ Վերացրել է ելակով։

Հիշո՞ւմ եք, թե ինչ քարոզ էին անում մինչև պատերազմը, թե բա «կլուբնիկով» պահվող բանակ է դարձել։ Իրականությունն այն էր, որ Նիկոլը բանակի սննդի մատակարարումը տվեց իր շրջապատի բիզնեսմեններին ու սկսեց փող աշխատել՝ ձեռքի հետ կատարելով իր բուն առաքելությունը՝ վերացնել հայկական բանակը։ Ու վերացրեց։ Երբեմնի մարտունակ բանակից հիմա մնացել են փշրանքները։

Վաղարշակ Հարությունյանին ու Արտակ Դավթյանին համապատասխանաբար պաշտպանության նախարար ու գլխավոր շտաբի պետ նշանակելը բանակը վերացնելու քայլերից հերթականն է։ Դա նույնն է, ինչ առյուծների գլխին ոչխարներին դնես առաջնորդ։ Թեև հանուն արդարության պետք է ասել, որ մեր բանակում առյուծներից շատերն արդեն «ամորձատված» վիճակում են գտնվում։ Այնպես որ, «ոչխարներին» նրանք արժանի են դարձել։

Նիկոլի համար բանակը «կլուբնիկից» ու մայկա–տռուսիկից այն կողմ չի անցնում։ Նիկոլին, ավելի ճիշտ՝ թուրքերին, հայկական բանակ պետք չէ։ Նիկոլն ամբողջությամբ իրականացնում է թուրքերի ցանկությունը։ Ինքը հետևողականորեն քանդեց բանակը մինչև պատերազմը, պատերազմի ժամանակ կանոնավոր բանակը վերածեց էրատոների ջոկատների, իսկ պատերազմից հետո որդեգրել է «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպան լինելու մեջ է, համ էլ՝ թող ռուսը մտածի մեր սահմանների պաշտպանության մասին, մեզ ի՞նչ» մոդելը։

Ալիևը գրոհում է մեր սահմանները, քանզի Նիկոլը բանակը սարքել է «կլուբնիչնի»։ Ալիևը գրոհում է, քանզի Նիկոլը մինչև հիմա մնացել է վարչապետի պաշտոնում։

Ի դեպ, Նիկոլին վարչապետի պաշտոնում թողնելը հարցեր է առաջացնում անգամ մեր բարեկամ երկրների մոտ, էլ ուր մնաց, թե պատասխաններ չառաջացնի մեզ թշնամի երկրներում։

Հայ ժողովուրդն այս ամոթն ու խայտառակությունը վերացնելու հնարավորություն ունի։ Մնում է օգտվի այդ հնարավորությունից՝ ընտրելով արժանապատիվ խաղաղությունն ի հակադրություն աղետաբեր պատերազմի ու նվաստացուցիչ պարտության։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը