Մեկնաբանություն

08.06.2011 14:40


Դե ասեցին «չէ» էլի, нет!

Դե ասեցին «չէ» էլի, нет!

Հայ ազգային կոնգրեսն ու պապին սպասման մեջ են։ Ծանր գիշերներ են անցկացնում։ Սպասում են Սերժ Սարգսյանի խոսքին։ Նրանք, երևի, այս երեք–չորս տարիների ընթացքում այդքան չէին սպասել ՀՀԿ «ճկուն» ղեկավարի ասելիքին, որքան հիմա։ Բայց Սարգսյանն էլ, թարսի պես, չի խոսում։ Ավելի ճիշտ խոսում է ուրիշների շուրթերով ու հայտարարում, թե իմ հեչ, կներեք արտահայտությանս, ոտներիս չէ, թե դուք քանի հոգանոց պատվիրակություն եք կազմել ու ինչի շուրջ եք ուզում «երկխոսել» հետս, ես պատվիրակություն կազմողը չեմ, համ էլ՝ մենք վաղուց ենք «երկխոսում», մոռացե՞լ եք։

Սերժը Սարգսյանն այլոց բերանով հրապարակավ հասկացնում է, թե ես իմ փայ «երկխոսությունը» ձեզ հետ վարել վերջացրել եմ ու ձեզ ասում եմ «չէ»։ Բայց ՀԱԿ–իստներն էլի չեն հանգստանում ու չէ, որ չէ՝ մենք Սերժի ձայնն ենք ուզում լսել ու նրա շուրթերին ենք սպասում։

Այս ամենն արդեն վերածվում է տրագիկոմեդիայի, որտեղ կողմերից մեկը տենչում է «երկխոսվել», իսկ մյուսը «պասլատ» է անում։ Տենչացողն էլ, ի պատասխան  անուղղակի «պասլատի», պահանջում է ուղղակիորեն «պասլատ» անել իրեն, որ գլխի գալիքն իմանա։ Այսինքն՝ ՀԱԿ–ը հիմա սպասում է մեկ մարդու խոսքին և այդ մեկ մարդը Սերժ Սարգսյանն է։ Ահա թե ուր հասան «Հաղթելո՛ւ ենք», «Մաքրելո՛ւ ենք», իսկ հիմա էլ՝ «Արտահերթելո՛ւ ենք» կարգախոսով առաջնորդվողները։ Հասան այնտեղ, որտեղից սկսել էին։

Սարգսյան–Տեր–Պետրոսյան հարաբերություններում այժմ առկա դաժան «քցոցիի» պատմություն հիշեցնող պատմությունն ինձ տեղափոխում է «հեռավոր» 2004 թվական, երբ Արտաշես Գեղամյանն էր ձայնը գլուխը գցել ու հարձակվում էր իշխանության վրա, քանի որ 2003ին իր մատուցած ծառայությունների (Գեղամյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում փակվեց տանն ու չմիացավ ընդդիմության թեկանածու Ստեփան Դեմիրճյանին՝ դրանով իսկ օգնելով իշխանությանը) դիմաց, ենթադրաբար, ինչ որ ակնկալիքներ ուներ, որը չէր բավարարվել։ Այն օրերին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Արտաշես Գեղամյանը դատարկ դհոլ է ու մի զրո ավել է գնահատում իրեն։

Այսօր էլ Լևոն Տեր–Պետրոսյանն է ձայնը գլուխը գցել, թե բա այդպե՞ս էինք պայմանավորվել, բա մենք հեղափոխությունը մարենք ու մարդկանց տուն ուղարկենք, իսկ դու մեզ հետ նույնիսկ չուզենաս բանակցե՞լ։ Սարգսյանն էլ «արմատականներին» պատասխանում է ճիշտ այն նույն ոճով, որով ժամանակին պատասխանել էր Գեղամյանին։ Իր այժմյան պահվածքով Սարգսյանը ՀԱԿ–ին, փաստացի, հասկացնում է, որ պատվիրակություններով հանդիպում խնդրելով՝ ՀԱԿ–ը, պատկերավոր ասած, մի զրո ավել է պահանջում։

Վերլուծելով ՀՀԿ–ական տարատեսակ գործիչների խոսքերը՝ գալիս ես այն եզրակացության, որ իշխանության փոխզիջումը ՀԱԿ–ին այն է, որ ինքը պատրաստ է Կոնգրեսի հետ «երկխոսել» միայն, այսպես ասած, ընդհանուր հիմունքներով՝ հրավիրելով վերջինիս Մարզահամերգային համալիր՝ Արշակ Սադոյանի ու մարքսիստի պես կորիֆեյների կողքի դատարկ աթոռները զբաղեցնելու և թամաշային մասնակցելու։

Դատելով Տեր–Պետրոսյանի այն հայտարարությունից, որ իրենք երբեք չեն գնա ներքին լարվածության աճին, որպեսզի Ադրբեջանին չգրգռեն՝ կարող ենք ենթադրել, որ ՀԱԿ–ը կառուցողական դիրքորոշում կորդեգրի և կգնա համալիրի շենք՝  Սարգսյանի հետ «երկխոսելու»։

Ու պետք չէ հիմա ձևեր թափել ու ասել, թե մենք շախ ենք տվել, իսկ իշխանությունը փախնում է։ Այնպիսի բան ասեք, որ գոնե ինքներդ հավատաք ձեզ։ Ի վերջո, Տեր–Պետրոսյանի նպատակը «Եղիազարի» հլու–հնազանդ «էջմիածնական միաբան» դառնալը չէ՞ր, էլ ինչու՞ եք խառնվել իրար ու չեմուչում անում։ Վայ–վույ դնելու իմաստը ո՞րն է։ Անպայման «պրիվա՞տ» եք ուզում «երկխոսվել» Սարգսյանից։ Բայց մի՞թե դա է կարևորը։ Այնպես որ, մի՛ հապաղեք, «երկխոսվե՛ք»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը