Քաղաքական

26.05.2021 17:13


Առուշ Առուշանյանը երեք օր է հարցաքննվում է Քննչական կոմիտեում

Առուշ Առուշանյանը երեք օր է հարցաքննվում է Քննչական կոմիտեում

Հրապարակը գրում է․ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը վերջին 3 օրերի ընթացքում Երևանում է, նա եկել է Քննչական կոմիտեի պահանջով։ Մեզ հետ զրույցում Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը ասաց, որ Առուշանյանին հրավիրել են քննչական կոմիտեի և առաջադրված մեղադրանքների ծավալը կրճատել․

«Առաջադրված մեղադրանքներից մեկը վերացրեցին` 225-րդ հոդվածի 1-ին մասով էր, որ ապօրինի քրեական գործ էին հարուցել և ձերբակալել էին ապօրինի։ Գտան, որ անհիմն է, դա վերացրին, 133-րդ հոդվածով մեղադրանք չառաջադրեցին՝ իբր ապօրինի ազատությունից զրկելու համար։ Մնացած մասով մեղադրանքները շարունակվում են։ Կանչել էին, որպեսզի հոդվածներից մեկով քրեական հետապնդում չիրականացնեին, մյուսը վերացնեին»,-ասաց պաշտպանը։

Նա նշեց, որ մնացած մեղադրանքները, որ առաջադրված են Առուշանյանին, պարզապես զավեշտալի են․

«Մնացած բոլոր մեղադրանքները ևս հիմնազուրկ են, ապօրինի են, դրանք որևէ աղերս իրականության հետ չունեն։ Եթե վարույթն իրականացնող մարմինը կորոշի, որ այդ ձևով պիտի ուղարկի դատարան, ապա կգնանք դատարան և կփորձենք արդարությունը դատարանում փնտրել։ Պատկերացրեք՝ իր հետ հեռավոր ազգակցական կապ ունեցող մի անձ ընկերություն է բացել, աշխատացրել է, և այդ ընկերությունը հարկային պարտավորություններ ունի։ Հիմա մի հատ օպերատիվ գրության հիման վրա գտնում են, որ այդ ընկերությունը պատկանում է Առուշ Առուշանյանին։ Նույնիսկ եփած հավի ծիծաղն է գալիս»։

Փաստաբանին հարցրինք նաև, թե իրավական տեսանկյունից Առուշանյանի ներկայությունը պարտադի՞ր էր այս գործընթացին՝ նկատի ունենալով Սյունիքում և մասնավորապես Գորիսում տիրող իրավիճակը․

«Այո, իրավական տեսանկյունից ինքը պիտի գար, որ իր հետ այդ գործողություններն անեին։ Իհարկե, այստեղ խնդիր կա, որ Առուշանյանը, գիտեք, Գորիսում լուրջ խնդիրներ է լուծում, և թողել է այդ ամեն ինչը եկել է։ Դա իրենք պիտի որոշեին, իրենք էլ ասում են, որ ժամկետներ ունեն, այդ ժամկետների մեջ չեն տեղավորվում, բայց թե դա որքանո՞վ է առաջնահերթ կամ որքանով է ճիշտ այս պահին Առուշանյանին բերելը։ Չնայած որպես իր հարազատ ուրախ եմ, որովհետև այստեղ մի քիչ ավելի ապահով է»,-պատասխանեց Մելքոնյանը։

Մենք գրել էինք, որ առաջնագծում գտնվելու ժամանակահատվածում Առուշանյանը առողջական խնդիրներ է ձեռք բերել, ջերմություն ուներ, հարցրինք, թե հիմա ինչպիսի՞ն է առողջական վիճակը, կրկին կամավորական ջոկատի կազմո՞ւմ է․

«Հիմա ջերմություն չունի։ Մեր նախկին կամավորական ջոկատն է, ես էլ եմ էդ ջոկատի կազմում, իրար հետ պատերազմի ժամանակ մասնակցել ենք, իրար հետ անցել ենք այդ ճանապարհը, հիմա մեր ջոկատի տղաներն են այնտեղ»,-ասաց Մելքոնյանը։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ որոշում է կայացվել Ա.Առուշանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 34-2251-րդ հոդվածի 1-ին մասով, որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Այս խորագրի վերջին նյութերը