Մեկնաբանություն

02.06.2021 10:31


Նիկոլի օլիգարխիկ և ընտրակեղծարար դեմքը

Նիկոլի օլիգարխիկ և ընտրակեղծարար դեմքը

Օլիգարխներից փող վերցնող և օլիգարխների դեմ պայքարի դրոշակակիր ներկայացող Նիկոլ Փաշինյանն իր «աղջիկ» ժամանակներում սրբազան պատերազմ էր հայտարարել փողատերերին։

Նա պատերազմ էր հայտարարել նաև ընտրակեղծարարներին, թեև քաղաքականապես ծառայում էր Հայաստանում ընտրակեղծիքների հիմնադիր հայրերին։

2018–ի «թավշյա» օրերին ու վարչապետ դառնալուց հետո Նիկոլը խոստանում էր տարանջատել բիզնեսն ու իշխանությունը։ Նա քննադատում էր գործարար–փողատեր պատգամավորների հայտնվելը խորհրդարանում։ Կոկորդ էր պատռում փողով պատգամավոր դառնալու երևույթի դեմ։

Հիմա Նիկոլն այլևս ձևականությունների հետևից չի ուզում ընկնել։ Չի ուզում, քանի որ չի կարող։

«Ժողովրդի» վարչապետն իր կուսակցության պատգամավորի թեկնածուների ցանկում ներառել է Խաչատուր Սուքիասյանին, ով Հայաստանի առաջին օլիգարխն է։ Երբ խոսվում է 90–ականների թալանի, բեսպրեդելի մասին, այդ երևույթները մարմնավորվում են առաջին հերթին Խաչատուրով՝ «Գռզոյով»։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլն այլևս չի կարող խոսել թալանից։ Հենց խոսի թալանածը հետ բերելուց, կարելի է անմիջապես ցույց տալ իր կուսակցության ցուցակի 5–րդ համարին ու թեման փակել։

Նիկոլը չի կարող խոսել նաև ընտրակեղծիքներից, փողով քվե ստանալու արատավոր երևույթի մասին։ Նախ ինչպես վերևում նշեցի, ինքը ընտրակեղծարարների շահերն է միշտ ներկայացրել։ Բացի այդ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 2–րդ տասնյակում հայտնվել է Գուրգեն Արսենյանը, ով բացի փողատեր լինելուց այլ բանով էլ է հայտնի։

Շատերն են հիշում, թե ինչպես 2003թ․ Արսենյանի ղեկավարած Միավորված աշխատանքային կուսակցությունը՝ ՄԱԿ–ը, հաղթահարեց անցողիկ շեմն ու ԱԺ–ում խմբակցություն ձևավորեց։ Մինչև այդ ՄԱԿ–ը ոչնչով աչքի չէր ընկել։ Այդ կուսակցությանն անունն անգամ անհայտ էր ընտրողների ճնշող մեծամասնությանը։ Բայց, ի զարմանս բոլորի, ՄԱԿ–ն անցավ խորհրդարան։ Գաղտնիքն այն էր, որ Գուրգեն Արսենյանն ընտրություններին մասնակցում էր բիզնես–նախագծի տրամաբանությամբ։ Ըստ մամուլով շրջանառվող տեղեկությունների՝ փող էր բաժանվել։ Ընդ որում, բաժանվել էր ճիշտ այնքան, որ քվեները բավականացնեին ՄԱԿ–ի՝ խորհրդարան անցնելու համար։

Ընտրակեղծիք ու փողաբաժանում մինչև 2003–ն էլ էր եղել (ամենազզվելին Գագիկ Ջհանգիրյանի կազմակերպածն էր 1995–ին, իսկ ամենալկտին՝ 1996–ին), սակայն երբեք չէր եղել, որ անհայտ կառույցը բացառապես փողի միջոցով հայտնվի խորհրդարանում։ Արսենյանն այդ հարցում առաջինն ու նաև վերջինը դարձավ։ ՄԱԿ–ը մի գումարում մնաց խորհրդարանում և անհետացավ քաղաքական կյանքի ռադարներից։

Այժմ Արսենյանը հայտնվել է Նիկոլի ցուցակում։ Երևի սեփական փորձն օգտագործելու համար։ Նիկոլի հույսը բացառապես օլիգարխիան է ու ընտրակեղծարարությունը։ Դա՛ է իր իրական դեմքը։ Հենց այդ դեմքին է պետք հունիսի 20–ին շառաչյուն ապտակ հասցնել՝ ուղարկելով քաղաքական աղբանոց։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը