Մեկնաբանություն

14.06.2021 21:46


«Կոնսենսուս՝ մինուս 1» կամ ժողովուրդ՝ հանած «չաքուջ նիկոլ»

«Կոնսենսուս՝ մինուս 1» կամ ժողովուրդ՝ հանած «չաքուջ նիկոլ»

Երբ նախօրեին ոմն մեկը մուրճը թափահարեց ամբիոնի մոտից՝ սպառնալով այդ «մանդատով» ջարդել, փշրել և այլն, մտածեցի, որ նրա մի շարք վաստակած պիտակներն արժե համալրել ևս մեկ մականունով՝ «չաքուջ նիկոլ»:

Այնուհանդերձ, նախամարդուց բացի, նա նաև ինչ-որ կինոհերոսի էր հիշեցնում: Հիշեցի: Այդպիսի մի հարավկորեական «տուր-տրաքոցի» թրիլեր կա, անգամ Կաննի կինոփառատոնում մի 17 տարի առաջ «Գրան պրի»-ի է արժանացել: Ֆիլմը կոչվում է «Օլդբոյ»: Գլխավոր հերոսներից Օ Դէ Սուն, վրեժի ծարավով համակված, մի 15 տարի պատանդառված լինելուց հետո, աջուձախ սկսում է վրեժ լուծել, մինչդեռ, պարզվում է, իրականում այդ իրենից են վրեժ լուծում:

Մի խոսքով, թրիլեր է, էլի: Այն ամեն սարսափից, ավեր-արյունից հետո, ինչ այս 3 տարվա մեջ «կախարդական փայտիկով» արել է Հայաստանում և Արցախում նիկոլ փաշօղլին՝ իր մյուս թրքահպատակների հետ, հիշյալ կինոն այնքան էլ թրիլեր չի թվում: Իսկ մուրճը, նույն ինքը՝ «չաքուջը», ինչ խոսք, բնութագրական է: Այո, նիկոլ փաշօղլու դեպքում ճիշտ է ոչ թե մուրճ, այլ հենց՝ «չաքուջ» բառը գործածել, քանզի այն նշված գործիքի թուրքերենից փոխառած տարբերակն է («չէքիջ»):

Եվ այսպես, «չաքուջ նիկոլը» նախընտրական ամբիոններից ճղճղալով, մուրճ թափահարելով, բացահայտ տխմարություններ դուրս տալով՝ վրա է քշում: Հարցը, թե՝ ո՞ւմ դեմ է վրա քշում, երևի արդեն ավելորդ է: Ավելի տեղին է դիտարկումը, որ նա այդ ամենն անում է անդադար կրկնելով «ժողովուրդ» բառը, խոսելով ժողովրդի անունից:

Տեսեք, այս 7-8 օրվա ընթացքում նիկոլ փաշօղլին կոտորելու, ջարդելու, տրորելու, ոչնչացնելու (մի խոսքով՝ ֆիզիկական վնասվածքներ պատճառելու և բռնություն գործադրելու) սպառնալիքներ է ուղղել 1) զինվորականների ու բարձրաստիճան սպաների դեմ, 2) բոլոր բիզնիեսմենների, ոչ միայն այսպես ասած՝ խոշորների, այլև անգամ մի խորովածանոց աշխատեցնողների դեմ, 3) պետական հիմնարկների բոլոր աշխատակիցների դեմ, 4) գիտնականների դեմ, 5) բացարձակապես բոլոր իրավաբանների ու ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բոլոր շրջանավարտների ու ներկայիս ուսանողների, դասախոսների դեմ, 6) Հայ Առաքելական եկեղեցու բոլոր հոգևորականների դեմ, 7) բոլոր լրագրողների դեմ, 8) իրեն ընտրել չցանկացող ՀՀ բոլոր քաղաքացիների դեմ:

Հարց. իսկ ովքե՞ր են մեր հասարակության թվարկված շերտերի ներկայացուցիչները, եթե ժողովուրդը չեն՝ նույն այդ ժողովրդի մի որոշակի մասը: Հաճախ շատերը գործածում են նաև էլիտա (ընտրախավ, վերնախավ) բնորոշումը:

Այո, նիկոլ փաշօղլին բացեիբաց հայտարարում է, որ անձամբ ու իր նեանդերթալցի ադեպտների միջոցով, չաքուջներով պատրաստվում են սպանել Հայաստանի հասարակության էլիտայի ներկայացուցիչներին:

Դա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Պարզապես հիշեք, թե ինչո՞ւ է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը սահմանվել ապրիլի 24-ին: Դա այն օրն է, երբ արյունարբու Թալեաթը ստորագրեց Պոլսի հայության մտավորական, հոգևոր, քաղաքական, գործարար վերնախավի շուրջ 700 ներկայացուցիչներին ձերբակալելու, ապա ֆիզիկապես ոչնչացնելու հրամանը: Ի դեպ, Գրիգոր Զոհրապին, որքան հայտնի է, թուրքերը սպանել են՝ քարերով:

Հիմա սրանն է: Չաքուջն առել, վրա է պրծել մեր ժողովրդի, մեր երկրի մտավորական, գործարար, քաղաքական, հոգևոր էլիտայի վրա: Իսկ էլիտան ոչնչացնալուց հետո, գոնե մեր պատմությունից դա բոլորը պետք է որ իմանան, սկսվում է եղեռնը, համատարած կոտորածը, ցեղասպանությունը:

Ի՞նչ է ստացվում: Մեծ հաշվով, ստացվում է «կոնսենսուս՝ մինուս 1» և այդ մեկ անձը հենց նիկոլն է՝ իրեն շրջապատած մերժելի կերպարներով հանդերձ:

Ստացվում է. իրական ժողովուրդ՝ հանած «չաքուջ նիկոլ»:

Ըստ էության, դա արդեն ոչ թե ստացվում է, այլ ստացվել է, իսկ համոզվելու համար պետք է հունիսի 20-ի քվեարկությամբ արձանագրել իրողությունը:

Հա, մուրճի մասին, ավելի ճիշտ՝ նիկոլ փաշօղլու և նրա ձեռքի չաքուջի: Թող ների ինձ մեծն Խաչատուր Աբովյանը իր հայտնի արտահայտությունը մի փոքր փոփոխելու համար, բայց անհնար է չասել.

-Այ, լամուկի տնազ, էդ ո՞ւմ վրա էս չաքուջ հանել, հայոց մեծ ազգին չես ճանաչո՞ւմ…

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը