Մեկնաբանություն

15.06.2021 13:34


Կանխել նոր «մարտի 1»-ը

Կանխել նոր «մարտի 1»-ը

Նիկոլը մուրճը ձեռքին պտտվում է Հայաստանի մարզերով։ Նա ուզում է նույն բանն անել նույն բանի համար։ Այն է՝ ուզում է նոր «մարտի 1» կազմակերպել՝ հանուն իշխանություն ունենալու։

2008–ի մարտի 1–ին նա որպես ընդդիմություն էր կոչ անում բախումների գնալ ու «ղարաբաղցի տականքների» դեմ պայքարել։ Ունեցանք 10 զոհ և բազմաթիվ վիրավոր ոստիկաններ։

Նիկոլի մոտիվացիան 2008–ին իշխանությունն էր։ Հանուն իշխանության էր նա ուրախանում, որ ոստիկաններից վահաններ ու մահակներ են խլվել։ Նա ուրախ էր նաև դանակահարված ոստիկաների, այրված ոստիկանական մեքենաների ու․․․ զոհերի համար։ Զոհերը նրան շահարկելու և ամբոխին գազազեցնելու համար էին պետք։ Հենց նա տեսավ, որ իշխանության զավթում չի ստացվում, ծլկեց։ Բայց զոհերին ամեն դեպքում օգտագործեց արդեն որպես գործիք՝ տարիներ շարունակ վայնասուն դնելու համար։

Հիմա Նիկոլը նույն բանն է ուզում անել, բայց արդեն իշխանավորի կարգավիճակով։ Մեթոդն էլ է նույնը։

Ինչպես հայտնի է, 2008–ին նախագահի թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը հաղթել է։ Նա իր հաղթած լինելու մասին խոսում էր մինչև ընտրությունները, քարոզարշավի ժամանակ ու քվեաթերթիկները դեռ չամփոփած։ Տխրահռչակ «Հաղթելու ենք» կարգախոսը հենց այդ օրերին էր ծնվել լևոնենց մոտ։

Լևոնի «հաղթելու» հայտարարությունը զուտ այն բանի համար էր, որ փողոցային բախումները լեգիտիմացվեն։ Նաև լեգիտիմացվեն այն հանցագործությունները, որոնք կազմակերպելու էր Նիկոլը։

Մուրճով պտտվող Նիկոլն այս օրերին հայտարարում է, թե բա եկեք հունիսի 21–ին հրապարակում նշենք ժողովրդի (դե՛, Նիկոլի, էլի՛) հաղթանակը։ Ուշադրությո՛ւն դարձրեք․ քվեարկություն դեռ տեղի չի ունեցել, բայց Նիկոլն արդեն ասում է, որ ինքը հաղթել է ու կոչ անում նշել այդ «հաղթանակը»։ Իրականում՝ փողոց է հավաքում, որ աթոռն ամեն գնով պահի, այսինքն՝ նոր «մարտի 1» կազմակերպի։

Պատասխանատու քաղաքական մարդկանց, հանրության լայն շրջանակների, բոլոր տիպի կարծիքի առաջատարների խնդիրը պետք է լինի Նիկոլի հերթական արկածախնդրությունը կանխելը։ Նոր «մարտի 1»–ը հնարավոր կլինի կանխել մեծաքանակ քվեաթերթիկային մուրճով Նիկոլի գլխին տալու և նրան արկածախնդրությունից հանրային ուժով հետ պահելու միջոցով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը