Լրահոս

16.06.2021 17:27


Գորիսեցին ներկայացել է որպես ադրբեջանցի և անհետ կորածի հարազատ կանանցից մերկ նկարներ ուզել

Գորիսեցին ներկայացել է որպես ադրբեջանցի և անհետ կորածի հարազատ կանանցից մերկ նկարներ ուզել

Գորիսի բնակիչը, ներկայանալով որպես ադրբեջանցի զինծառայող, արցախյան 44–րդ պատերազմում անհետ կորած զինծառայողների իգական սեռի հարազատներից պահանջել է մերկ լուսանկարներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Գորիս քաղաքի 40-ամյա բնակիչը Facebook–ում նախկինում բացված «Arman Armeni Xachatryan» օգտանունով իր անհատական էջը վերանվանել է «Азиз Мурадов» անվամբ:

Այնուհետև՝ 2021թ. հունվար և փետրվար ամիսներին, նույն համացանցային կայքում կատարված որոնումների արդյունքում հայտնաբերել է օգտատերերի, այդ թվում նաև 14-ամյա աղջկա, որոնք իրենց անհետ կորած զինծառայող հարազատներին որոնելու կամ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ հրապարակումներ էին կատարել: Մի քանի իգական սեռի օգտատերերի տղամարդը հաղորդագրություններ է ուղարկել՝ հայտնելով, թե իբր վերջիններիս անհետ կորած հարազատները գտնվում են Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում և ինքը անմիջական շփում ունի նրանց հետ:

Նշվում է, որ օգտատերերից շատերը չեն պատասխանել ուղարկված հաղորդագրություններին, սակայն ոմանք հավատացել են հանցագործին և սկսել են նամակագրություն վարել վերջինիս հետ:

Տղամարդը, օգտվելով նրանց վիճակի խոցելիությունից, կեղծ խոստումներ տալով, որ կկազմակերպի հեռախոսազրույց գերեվարված զինծառայողների հետ, ուղարկել է «Magicut» և «Cupace» ծրագրային հավելվածների միջոցով վերափոխված լուսանկարներ՝ դրանցում տեղադրելով անհետ կորած զինծառայողի դեմքը:

Ապա նա հարկադրել է կանանց ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ կամ սպանել վերջիններիս:

Հանցագործը կալանավորված է։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը՝ երկու կամ ավելի անձնաց նկատմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ սպառնալիքով, երեխայի թրաֆիքինգը՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ սպառնալիքով)։

Այս խորագրի վերջին նյութերը