Աշխարհ

13.08.2021 19:47


Անկարայում 76 մարդ է ձերբակալվել տեղացիներին սիրիացի փախստականների դեմ հրահրելու համար

Անկարայում 76 մարդ է ձերբակալվել տեղացիներին սիրիացի փախստականների դեմ հրահրելու համար

Օգոստողի 10-ի գիշերը Անկարայի Ալթընդաղ շրջանում 2 սիրիացի փախստականների կողմից դանակահարված թուրք երիտասարդներից մեկի մահանալուց հետո կրքերը չեն հանդարտվել:

Լուրը տարածվելուց հետո արդեն օգոստոսի 11-ի երեկոյան Ալթընդաղում թուրք երիտասարդների խմբերը դուրս են եկել սիրիացի փախստականների «որսի»: Նրանք փնտրել գտել են շրջանում բնակվող սիրիացիների տները, խանութները, գործատեղերն ու ավտոմեքենաները՝ լուրջ վնաս հասցնելով դրանց: Գործողությունները զուգորդվել են փախստականների դեմ ուղղված կոչերով ու կարգախոսներով: Նշվում է, որ այս գործողություններին մասնակցել են նաև այլ վայրերից Ալթընդաղի շրջան եկած խմբեր:

Բացի այդ համացանցի թուրքական տիրույթում որոշ տեսանյութեր են տարածվել, որոնցից երևում է, որ օգոստոսի 12-ի ցերեկը նույնպես թուրքերի մի քանի խումբ շրջել է Անկարայի փողոցներում ու սիրիացի փախստականներ որոնել:

Այս ամենից հետո թուրքական ոստիկանությունը գործ է հարուցել ու ձերբակալել 76 քաղաքացու, որոնք ըստ ոստիկանության հաղորդագրության՝ սոցցանցերում ժողովրդին փախստականների դեմ հրահրող կոչեր են արել ու ատելություն տարածել:

Անկարայի ոստիկանության հաղորդագրության մեջ նշվել է, որ նշյալ անձիք կեղծ տեղեկություններ տարածելով իրավիճակի այլ ընկալում են առաջացրել քաղաքացիների շրջանում և սադրանքի միջոցով պատճառ դարձել նման գործողությունների: Ըստ տեղեկատվության՝ ձերբակալվածներից 36-ը ոստիկանությունում գրանցված են եղել նախկինում կողոպուտի, դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու, գողության ու թմրանյութեր պահելու համար:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը