Աշխարհ

17.08.2021 18:54


Հարավկորեական DeepBrain ստարտափը իրական մարդկանց թվային պատճեններ է մշակում

Հարավկորեական DeepBrain ստարտափը իրական մարդկանց թվային պատճեններ է մշակում

Հարավկորեական DeepBrain ստարտափը, որը զբաղվում է իրական մարդկանց թվային պատճենների մշակմամբ, հաջողությամբ փակել է իր 44 մլն դոլար ֆինանսավորման փուլը, հաղորդում է Venturebeat-ը: Ընկերությունը ստեղծում և վաճառում է անսովոր ապրանք` սեփական ալգորիթմների հիման վրա DeepBrain-ը կլոնավորում է միմիկան, ժեստերը և կոնկրետ մարդկանց խոսելու ձևը: Այնուհետև կլոնները, պատվիրատուի խնդրանքով, կարող են ապրել իրենց կյանքով և կատարել տարբեր առաջադրանքներ: Մշակողները կարծում են, որ այս համակարգը հատկապես օգտակար կլինի լրատվական հեռուստաալիքների, քաղաքական գործիչների և մանրածախ առևտրի ոլորտի ընկերությունների համար, հայտնում է HighTech+-ը:

DeepBrain-ի աշխատանքի ամենավառ օրինակը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վիրտուալ մոդելն է: Ստարտափն օգտագործել է քաղաքական գործչի հրապարակային ելույթները, որպեսզի ստեղծի նրա ճշգրիտ պատճենը, որն այժմ կարող է օգտագործվել նոր հրապարակային հայտարարություններ պատրաստելու համար: Իրական նախագահն այդ ժամանակ կարող է այլ գործերով զբաղվել։ Սակայն նախագահի արհեստական կրկնօրինակը միայն հնարավորությունների ցուցադրում է, DeepBrain-ը պնդում է, որ չի պատրաստվում օգտագործել Չժե Յինի տվյալները առևտրային կամ ապակառուցողական նպատակներով: Սովորաբար ընկերությունը գործում է ավելի «ստերիլ և հուսալի միջավայրում»:

Երբ կոմերցիոն հատվածի հաճախորդները դիմում են DeepBrain-ին, ստարտափը մարդ է հրավիրում ստուդիա, որի հիման վրա ստեղծվում է վիրտուալ ավատար: Այս անձին տեսախցիկներով նկարահանում են մի քանի կողմից, մինչ նա կարդում է պատրաստված տեքստը, որում կան բոլոր ձայնային հնչյունները: Երբ ելակետային տվյալները պատրաստ են, DeepBrain-ի ինժեներները նյութն անցկացնում են մեքենայական ուսուցման մոդելների միջով։ Արհեստական բանականությունն օգտագործում է սցենարը և նկարահանված տեսանյութը՝ կերպարի ամբողջական կրկնօրինակը ստեղծելու համար՝ համադրելով դեմքի արտահայտություններն ու ժեստերը ձայնի հետ: Արդյունքը մարդու թվային պատճենն է՝ ձայնային տվյալները համապատասխանեցվում են դեմքի արտահայտությունների հետ, իսկ ձեռքերն ու մարմինը շարժվում են շեշտադրումներին համապատասխան: Այնուհետև կրկնօրինակը կարող է արտաբերել ցանկացած տեքստ` համապատասխան տեսահոլովակի գեներացմամբ:

Գործարկման պահից DeepBrain պլատֆորմը գրավել է բազմաթիվ խոշոր հաճախորդների: Ստարտափն արդեն աշխատում է կորեական MBN, Metro News և LG HelloVision մեդիա ապրանքանիշների, ինչպես նաև կրթական ծառայությունների մատակարար Kyowon-ի և KB Kookmin բանկի հետ: Վերջինիս հետ համատեղ DeepBrain-ը մշակում է «ԱԲ բանկիրներ», որոնք բանկի ֆիզիկական գրասենյակներում հաճախորդներին խորհուրդներ կտան: Ընկերությունն ասում է, որ այս կերպ հարթակը կնվազեցնի աշխատողների ծանրաբեռնվածությունը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը