Մեկնաբանություն

28.08.2021 15:03


Էրիվանը «Խաղաղության դարաշրջանի» մեկնարկից հետո. ֆուտուրիստական անտիուտոպիզմ

Էրիվանը «Խաղաղության դարաշրջանի» մեկնարկից հետո. ֆուտուրիստական անտիուտոպիզմ

Փակվել է դեպի Երևանի «Բանգլադեշ» կոչված թաղամաս տանող ներքաղաքային ճանապարհահատվածը: Գործող վարչապետը, որը նախկինում ֆիկտիվ հեղափոխական էր եղել, դրա համար մեղադրում է նախկին իշխանություններին այն բանի համար, որ վարչատարածքային բաժանման օրենքով դեռևս Սովետի ժամանակներից այդ թաղամասը սխալ անուն է ստացել, իսկ հետագայում՝ անկախության տարիներին, «Բանգլադեշը» գտնվում էր Մալաթիա-Սեբաստիա կոչվող համայնքում:

«Ինչպես հայտնի է, Մալաթիան թուրքական բնակավայր է և քարտեզներով գտնվում է Թուրքիայի տարածքում: Մենք ծանր ժառանգություն ենք ստացել և մեղավոր չենք, որ հիմա «բանգլադեշցիները» մնացել են շրջափակման մեջ:

Մենք հիմա բանակցում ենք մեր թուրք գործընկերների հետ, որպեսզի հաց հասցնենք «բանգլադեշցիներին»: Հենց որ Էրիվանի վարչական շրջանների սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվի, մեր քաղաքացիները կրկին կկարողանան օգտվել Մալաթիայի շուկայից ու գնել ադրբեջանցիների վաճառած մրգերը, բանջարեղենը, ինչպես որ եղել է Էկոնոմիկայի նախարար Քերոբ Վահանյանի մանկության տարիներին:

Ինչ վերաբերում է այդ թաղամասում առկա Անդրանիկի արձանին, որը պղծվում է այս պահին «Բանգլադեշում» գտնվող մեր կիրթ ու կառուցողական թուրք ու ադրբեջանցի գործընկերների կողմից, ապա պետք է նշեմ, որ դրա մեղավորը հենց զորավար Անդրանիկն է, որ խառնվում էր քաղաքական գործերին, կռվում թուրքերի դեմ»,- մասնավորապես նշել է ֆիկտիվ վարչապետը:

Նա նաև հայտարարել է, որ 2 դրական լուր ունի: Մեկն այն է, որ դրական ազդակ կա Թուրքիայից այն մասին, որ էրիվանցիները կարող են միջպետական սահմանն ազատորեն հատել ու գնալ հինավուրց հայկական Աշտարակ ու Գյումրի քաղաքները տեսնել: Այդպիսով կզարգանա տուրիզմը, եղբայրական հայ և թուրք ժողովուրդները կշփվեն, առևտուր կան, էժան լոլիկներ գնելու հնարավորություն կստանան հպարտ քաղաքացիները ու կվերադառնան ինտերնացիոնալ Էրիվան քաղաք:

Մյուս դրական լուրն այն է, որ նախկինում «Կասկադ» կոչված հատվածում՝ Նոր Էյվազլիում, և նախկին Սարյան փողոցում՝ Նոր Չայզամիում, գտնվող ռեստորանները հաճախորդներից տեղ ու դադար չունեն, ինչը վկայում է մեր տնտեսության զարգացման մասին:

«Խաղաղության դարաշրջանի» ճարտարապետը կոչ է արել քաղաքացիներին չմտահոգվել «Բանգլադեշի» պահով, քանզի եղբայրական Ադրբեջանը, փակելով այդ թաղամասի մուտքերն ու ելքերը, փորձում է շեղել բոլորիս խաղաղության օրակարգից, սակայն մենք ունենք ժելեզաբետոննի մանդատ մեր քաղաքացիներից, ու ինչ էլ լինի, մեզ պարտված չենք ճանաչելու և շարունակելու ենք սահմանազատման, սահմանագծման աշխատանքները:

Ֆիկտիվը հանդիսավորապես հայտարարել է, որ ինքը սպասում է խաղաղության Նոբելյան մրցանակի ստացմանը և այդ մրցանակը նվիրելու է ժողովրդին՝ մրցանակը պահելով իր նոր վերանորոգված կառավարական առանձնատանը:

Այս պահին միջազգային ուժերը կանգնած են Շենգավիթ և Արաբկիր (այս առումով էլ, ի դեպ, խնդիրներ կան, քանզի թաղամասն ունի վարչատարածքայինով հաստատված վիճարկելի անուն) շրջաններում: Նրանք ովքեր, այդուհանդերձ, ուզում են գնալ «Բանգլադեշ» պետք է ստանան խաղաղապահների թույլտվությունը: Բայց դե կարևորը՝ դուխով, ժողովո՛ւրդ ջան, դուխո՛վ:

-Սիրում եմ բոլորիդ, զզվում եմ բոլորիցդ ու ընտրված եմ բոլորիդ կողմից,-իր ուղերձը եզրափակել է ֆիկտիվը:

«7 օրի» սահմանազատման բաժին

Այս խորագրի վերջին նյութերը