Լրահոս

14.09.2021 16:33


Մենք խորապես տագնապած ենք Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման հաղորդագրություններից. Մայր Աթոռում ընդունված կոմյունիկե

Մենք խորապես տագնապած ենք Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման հաղորդագրություններից. Մայր Աթոռում ընդունված կոմյունիկե

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հրապարակել է Մար Աթոռում «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովի ընդունած կոմյունիկեն, որը ներկայացնում ենք ստորև.

«Միջազգային կրոնական ազատության և խաղաղության վերաբերյալ համաժողովը, որը գումարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2021 թվականի սեպտեմբերի 9-10-ը, հատուկ ուշադրություն է դարձրել կրոնի ազատության խթանմանը և հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը:

Հանդիպելով Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ և Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների ներկայությամբ, մենք՝ համաշխարհային քրիստոնեական համայնքի համաժողովի մասնակիցներս, խորապես հուզված և ոգեշնչված ենք հայ ժողովրդի պատմությամբ, ով առաջինն է ընդունել քրիստոնեական հավատքը որպես պետական կրոն, վերապրել է Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանության ոճրագործությունը և Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմի սարսափներն և պատմության այլ արհավիրքներ:

Հայ ժողովրդի շարունակական տոկունությունն ու հավատարմությունն իր հավատքին և մշակույթին արժանի է քրիստոնեական աշխարհի հիացմունքին:

Մենք վերահաստատում ենք կրոնի կամ համոզմունքների ազատության իրավունքի սկզբունքները, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և մարդու իրավունքների միջազգային և տարածաշրջանային հետագա պայմանագրերում: Մենք հավատում ենք, որ այս իրավունքը պատկանում է բոլորին՝ անկախ հավատքից կամ ազգությունից, պատմությունից կամ քաղաքական հանգամանքներից:

Այս իրավունքը պատկանում է նաև հայ ռազմագերիներին, ովքեր դեռ անօրինական կերպով գտնվում են գերության մեջ, որոնց ազատ արձակման և հայրենադարձության համար մենք միջնորդում ենք և աղոթք առաքում:

Մենք միջնորդում և աղոթում ենք նաև Արցախի/ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, որի ազատ և խաղաղ բնակության իրավունքը մարդկային սրբազան կյանքի մասն են կազմում:

Մենք շեշտում ենք սուրբ և պաշտամունքի վայրերի, ինչպես նաև կրոնական ժառանգության պահպանության խիստ կարևորությունը կրոնական ազատության արդյունավետ իրացման և ազգերի ու համայնքների միջև խաղաղ հարաբերությունների խթանման և պահպանման համար: Կրոնական ազատությունների իրականացման երաշխավորման համար էական նշանակություն ունի պաշտամունքի վայրերի պաշտպանությունը և դրանց ազատ հասանելիությունը:

Ավելին, սուրբ և պաշտամունքի վայրերը, ինչպես նաև կրոնական ժառանգությունները մարդկանց և հավատքի համայնքների ամենախոր ինքնություններն են: Հենց այս պատճառով, հակամարտության իրավիճակներում դրանք հաճախ դիտավորյալ թիրախավորվում են որոշակի համայնքին առավելագույն կոլեկտիվ վնասվածքներ հասցնելու համար:

Ցանկացած հարձակում ցանկացած կրոնական համայնքի վրա, լինի դա այդ համայնքի անդամների կամ այդ համայնքի հետ առնչվող վայրերի վրա, հարձակում է ընդհանրապես կրոնական ազատության վրա, և, հետևաբար, հարձակում բոլոր կրոնական համայնքների վրա: Եվ քանի որ կրոնական շինություններն ու վայրերը կրոնական ինքնության կրողներ են, պաշտամունքի վայրը վնասելը իրական բռնություն է հավատացյալների անձնական և հավաքական կրոնական ինքնության դեմ, որ վիրավորում է նրանց ինքնությունն ու հիշողությունները:

Մյուս կողմից, հոգալով սուրբ և պաշտամունքի վայրերի ֆիզիկական ամբողջականության մասին, մենք պաշտպանում ենք այն մարդկանց արժանապատվությունը, ում համար հոգեհարազատ են այդ սրբավայրերը: Եվ երբ մենք համագործակցում ենք տարբեր ազգերի, կառավարությունների և հավատքի համայնքների հետ՝ պաշտպանելու կրոնական ժառանգությունը, մենք ազդարարում ենք բժշկման և միասնության բարեփոխման ուղերձը:

Հետևաբար, մենք միանում ենք սուրբ վայրերի Համընդհանուր կանոնակարգի հաստատմանը և, մասնավորապես, հետևյալ դրույթներին.

• Սուրբ վայրերը պետք է պահպանվեն ներկա և գալիք սերունդների համար՝ արժանապատվությամբ, ամբողջականությամբ և հարգանքով իրենց անվան և դավանանքի ինքնության նկատմամբ: Դրանք պետք է պահպանվեն և՛ որպես կրոնական նշանակության վայրեր, և՛ որպես իրենց համայնքների և մարդկության պատմական, մշակութային և բնապահպանական ժառանգություն: Նրանք չպետք է պղծվեն կամ վնասվեն, ոչ էլ կրոնական համայնքները հարկադրաբար զրկվեն իրենց սուրբ վայրերից:

• … բոլոր կողմերը պետք է նպաստեն սուրբ վայրերի պահպանմանը, ընդունեն ուրիշների սուրբ վայրերի նշանակությունը որպես պաշտամունքի վայրեր և ինքնության վայրեր, հարգեն այլոց կրոնական զգացմունքները այդ վայրերի նկատմամբ և շեշտեն դրանց հոգևոր արժեքը, այլ ոչ թե որևէ ռազմավարական, տարածքային կամ ռազմական նշանակությունը: Չի կարելի մերժել մարդկային խմբի կապվածությունը սուրբ վայրին:

Մենք նաև ընդունում և հաստատում ենք ՄԱԿ-ի Գործողությունների ծրագրի համապատասխան դրույթները կրոնական վայրերի պաշտպանության համար. ՄԱԿ-ի Գործողությունների ծրագիրը կրոնական առաջնորդների և դերակատարների համար` կանխելու բռնության հրահրումը, որը կարող է հանգեցնել վայրագ հանցագործությունների. Համաշխարհային ժառանգության կոնվենցիա և Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի շրջանակներում կրոնական ունեցվածքի պաշտպանության մասին հայտարարությունը:

Ինչ վերաբերում է 2020 թվականին հակամարտությունից հետո Արցախում/Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, որն իրականացվել է Ադրբեջանի կողմից և աջակցվում է նրա դաշնակիցների կողմից, մենք խորապես տագնապած ենք ներկայումս նրա վերասկողության ներքո գտնվող տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, վնասի և պղծման բազմաթիվ հաղորդագրություններից:

Մեր մտահոգությունը սաստկանում է, երբ մենք հիմնավորված կերպով տեղեկանում ենք Ջուղայում, Նախիջևանում և Ադրբեջանի այլ վայրերում համաշխարհային ժառանգության նշանակություն ունեցող հայկական պատմական վայրերի համակարգված բնաջնջման մասին:

Այսպիսով, մենք.

- Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ և անարգել կերպով թույլատրել միջազգային փորձագետներին և դիտորդական առաքելություն իրականացնողներին մուտք գործելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի այն տարածքները, որոնք վերջերս հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև Նախիջևանի և Ադրբեջանի այլ վայրեր անկախ գնահատում իրականացնելու համար:

- ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ ենք անում այս ոլորտներին գնահատման առաքելությունը դարձնել հրատապ գերակայություն:

- Խրախուսում ենք երկխոսության և համագործակցության նախաձեռնողական և կանոնավոր ներգրավումը, թե խոսքի և թե ներգործուն համերաշխության փորձերը, երբ թիրախում են կրոնական վայրերը և այլ կրոնների ու հավատքների հավատացյալները:

- Միջազգային հանրության բոլոր անդամների համերաշխության և միջամտության կոչ ենք ուղում` հայ ժողովրդին և համայնքներին երաշխավորելու այն նույն իրավունքները, որոնք միջազգային իրավունքի և բարոյական պատասխանատվության ուժով վերապահված են բոլորին, ներառյալ կյանքի իրավունքները, կրոնի կամ համոզմունքների ազատությունը, ինչպես նաև մշակութային արտահայտումն ու ինքնորոշումը:

- Մեր և համաշխարհային էկումենիկ ընկերակցության սերտ քրիստոնեական աջակցությունն ենք արտահայտում Հայ եկեղեցուն: Մենք կանգնած ենք Հայ Եկեղեցու, նրա ժողովրդի, նրա սպասավորության և քրիստոնեական վկայության կողքին:

- Խոստանում ենք շարունակել համատեղ աշխատանքը Սուրբ Էջմիածնում միասին այս օրերի ընթացքում բարձրացված խնդիրների և մտահոգությունների լուծմանն ուղղված գործողությունների ավելի մանրամասն ծրագրի մշակման և իրականացման ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը