Աշխարհ

20.12.2021 21:15


Թուրքական լիրան հերթական հակառեկորդն է սահմանել

Թուրքական լիրան հերթական հակառեկորդն է սահմանել
Թուրքական արժույթի փոխարժեքը շարունակում է նվազել, այսօր այն էժանացել է ևս 6 տոկոսով։ Մեկ դոլարն այժմ գնահատվում է 17,38 լիրա։ Այս մասին հաղորդում է «Փրայմը»:
Լիրայի արժեզրկումն արագացել է դեկտեմբերի 16-ին` Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից հաշվարկային տոկոսադրույքը 15 տոկոսից 14 տոկոս նվազեցնելու որոշման ֆոնին:
Նշվում է, որ Մոսկվայի ժամանակով 9:45-ի դրությամբ (Երևանի ժամանակով` 10: 45) թուրքական արժույթը մեկ դոլարի դիմաց էժանացել է մինչև 17,38 լիրա։
Թուրքական արժույթը, որը տարեսկզբին սակարկվում էր մեկ դոլարի դիմաց 7,4 լիրա փոխարժեքով, մեկ տարվա ընթացքում կորցրել է իր արժեքի կեսից ավելին` էժանանալով գրեթե 50 տոկոսով, իսկ նոյեմբերի 23-ին նվազել է 16 տոկոսով:
Մեկ օրում լիրայի նման կտրուկ անկումը վերջին 20 տարվա ընթացքում առավելագույնն է դարձել։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նոյեմբերի 18-ին Թուրքիայի կենտրոնական բանկը որոշում կայացրեց հաշվարկային դրույքը 16 տոկոսից նվազեցնել մինչև 15 տոկոս, ինչից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եթերում կրկին հանդես եկավ հաշվարկային դրույքը կրճատելու օգտին՝ պնդելով, որ դա կհանգեցնի գնաճի նվազմանը:
Ավելի վաղ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Էրդողանին մեղադրել էին տնտեսական անհասության համար և կոչ էին արել արտահերթ ընտրություններ անցկացնել։ Թուրքիայի նախագահը մերժել էր այդ կոչը՝ հայտարարելով, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան, ինչպես և ծրագրված է, 2023 թ․-ի հունիսին:
Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը