Աշխարհ

27.12.2021 17:05


Բաքվի ու Թեհրանի միջև լարվածությունը վերացել է. Ադրբեջանի արտգործնախարար

Բաքվի ու Թեհրանի միջև լարվածությունը վերացել է. Ադրբեջանի արտգործնախարար
Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը լիովին վերացված է: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել Է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Գաղտնիք չէ, որ որոշ ժամանակ առաջ լարվածություն կար, որոշակի թյուրիմացություններ երկու երկրների (Ադրբեջան - Իրան) միջև, սակայն դրանք վերացել են»,-ասել է նախարարը
Նա հիշեցրել է, որ Աշխաբադում (նոյեմբերի վերջին-խմբ.) կայացել Է Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Բաքվում կայացած հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են քաղաքական խորհրդակցություններ անցկացնել առնվազն կես տարին մեկ։
Բայրամովի խոսքով՝ առաջիկայում կկայանա ադրբեջանա-իրանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը։
«Այդ նիստի շրջանակներում տեղի կունենա Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական ոլորտում նոր նախագծերի իրականացման ճանապարհային քարտեզի համաձայնեցումը և ընդունումը»,-հավելել է նախարարը:
Հիշեցնենք` օգոստոսին Ադրբեջանը Բաքվում Իրանի դեսպանին բողոքի նոտա հանձնեց` նշելով, որ իրանական բեռնատարները Լեռնային Ղարաբաղ են մտնում առանց պաշտոնական Բաքվի թույլտվության: Հոկտեմբերին Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունն աճեց։
Իրանի իշխանությունները կասկածում էին, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցել է Իրանի տարածաշրջանային հակառակորդի՝ Իսրայելի հետ։ Թեհրանը Թել Ավիվին մեղադրում էր նրանում, որ ձգտում է Իրանի սահմաններին մոտենալ Ադրբեջանի տարածքով՝ փորձելով օգտվել Լեռնային Ղարաբաղի իրավիճակից, ինչպես նաև բորբոքել Բաքվի և Թեհրանի հարաբերությունները: Արդյունքում Իրանի իշխանությունները որոշեցին լայնածավալ ցամաքային զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի սահմանի մոտ՝ նշելով, որ թույլ չեն տա երրորդ երկրների և օտարերկրյա ինտերվենտների ներկայությունն Անդրկովկասյան տարածաշրջանում:
Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը