Մեկնաբանություն

29.12.2021 16:16


Նիկոլը գտել է իր իշխանության և ֆիզիկական անվտանգության երաշխավորին

Նիկոլը գտել է իր իշխանության և ֆիզիկական անվտանգության երաշխավորին

Նիկոլ Փաշինյանի համար կա մեկ գերխնդիր՝ իշխանություն։

Նա վախենում է կորցնել իշխանությունը երկու պատճառով՝

1.կուտակածը կորցնելու, իշխանական բարիքներից զրկվելու վախ,

2.արածների համար իրավաքաղաքական պատասխանատվության ենթարկվելու վախ։

Նիկոլը վախեցած է և իր հերթին վախ է տարածում։ Նա վախեցրեց ՀՀ քաղաքացիների մի մասին, թե բա եթե ես չլինեմ իշխանության, ապա իմ քաղաքական հակառակորդները պատերազմ կբերեն, իսկ ես խաղաղություն եմ բերելու։

Նիկոլի բերած պատերազմից, մարդկային զոհերից ու պարտությունից վախեցած ՀՀ քաղաքացիների մի մասը, զզվելով հանդերձ Նիկոլից, քվեարկեցին ՔՊ–ի օգտին՝ իրենց կարծիքով, որպեսզի խուսափեն նոր արյունահեղություններից և վերջապես խաղաղ ապրեն։ Կյանքը ցույց տվեց, որ այդ հարցում էլ է Նիկոլը խաբել։

44–օրյա պատերազմները 2021–ի հունիսի 20–ից հետո վերածվել են մեկօրյա պատերազմների։ «Խաղաղության դարաշրջան» կոչվածի շրջանակներում կրկին թավում է հայի արյուն, գերիների հարցը չի լուծվում, Թուրքիան ու Ադրբեջանը խոսում են նախապայմանների լեզվով։

Նիկոլը՝ Բաքվի ու Անկարայի տակ

Նիկոլը շատ լավ գիտի, որ մեր երկրի ներսում գործնականում չունի հանրային հենարան։ Նա հենարաններ է փնտրում ամեն տեղ՝ Ռուսաստանում, ԱՄՆ–ում, Բրյուսելում, Թեհրանում, Անկարայում, Բաքվում։

Նիկոլի փնտրտուքը նրան հանգեցրել է այն համոզման, որ միակ անվտանգ տեղն իր համար Բաքուն ու Անկարան են։ Մյուս կենտրոններն իրեն ֆիզիկական անվտանգության երաշխիքներ չեն տա։ Բաքուն ու Անկարան կտան՝ նախապայմանների բավարարման դիմաց։ Նիկոլն ակնհայտորեն համաձայնել է այդ նախապայմաններին ու հերթով կատարում է դրանք։ Արցախի մասով նրա ադրբեջանամետ հայտարարությունը հենց այդ բավարարման գործընթացի կարևոր մասերից էր։

Նիկոլը որդեգրել է «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսը։ Նա վերջնականապես տարանջատվեց Արցախից՝ մի բան, որը նա անում էր վարչապետ դառնալուն պես։ Հիմա այդ ամենը պաշտոնականացվեց։ Պաշտոնական Ստեփանակերտն ու Երևանը հակադրվեցին։

Ինչպես պատկերավոր ձևակերպել էր Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում՝ Նիկոլը ՌԴ–ի գրպանն է գցում Արցախի հարցը և լվանում ձեռքերը։

Նիկոլը բավարարել է նաև թուրք–ադրբեջանական մյուս նախապայմանները։ Նա շատ լավ գիտի, որ իր քաղաքականությունը հանգեցնելու է Հայաստանի կլանմանը Թուրքիայի կողմից, բայց դա իրեն չի մտահոգում։ Նիկոլը պատրաստ է անգամ Հայաստանի ոչնչացմանը, որպեսզի չլինի այն սուբյեկտը, որն իրեն պատասխանատվության կենթարկի՝ մեր երկրի գլխին այս աղետը բերելու և հանցավոր քայլերի գնալու համար։

Նիկոլի քայլերն ուղղված են մեր տարածաշրջանում ՌԴ–ի փոխարեն թուրքական գերակայություն ապահովելուն։ Թուրքիան վերցրել է Նիկոլի «պասն» ու պաշտպանում է նրան։

Ի դեպ, Նիկոլի պեսներ եղել են նաև 1915–ի ցեղասպանության ժամանակ, որոնք համագործակցել են երիտթուրքերի հետ ու հայերի դեմ։ Թե ինչ է եղել արդյունքում, գիտենք, բայց չպետք է թողնել, որ գործը հասնի զուտ վրեժին։ Կարևորը հիմա նիկոլաթուրքական ծրագրերը տապալելն ու պետությունը պահելն է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը