Մեկնաբանություն

15.07.2011 16:11


Ովքե՞ր են նախագահի թիմակիցներն ու հակառակորդները

Ովքե՞ր են նախագահի թիմակիցներն ու հակառակորդները

Հետևելով «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցների աշխատանքներին՝ կարելի է կարծել, որ Լևոն Տեր–Պետրոսյանը հայկական հեռուստատեսության համար դրական կերպար է, համարյա իշխանության ներկայացուցիչ։ Եվ դա պատահական չէ, քանի որ նախ «երկխոսության» ժանրն է այդպես պահանջում, և բացի այդ՝ գաղափարական առումով «հիմնադիրին» քննադատելը կնշանակի քննադատել նաև Սերժ Սարգսյանին, ինչը, հասկանալի պատճառներով, չի կարող իրեն թույլ տալ և ոչ մի «պատասխանատու»։ Փոխարենը, իշխանական շրջանակը ներկայացնող շատ գործիչներ «քըխ» են համարվում և՛ «Հայակական աշխարհի» տիրակալների, և՛ նույն հեռուստաալիքների համար։

Փորձը ցույց է տալիս, որ Ս. Սարգսյանը հաճույքով ընկերություն է անում ու համագործակցում այն մարդկանց հետ, ովքեր իրեն ժամանակին հրապարակավ քննադատել են, վարկաբեկել են՝ անվանելով սպանության պատվիրատու, մեղրի բոչկայի օբրուջներն անգամ կերած մարդ, մոնղոլ–թաթարական համակարգի պարագլուխ կամ ավազակապետ։

Սարգսյանի այդօրինակ պահվածքը նախագահականի քարոզիչները ներկայացնում են որպես հանդուրժողականության դրսևորում, բայց դե ինքներդ եք հասկանում, որ հանդուրժողականության հետ այդ ամենը կապ չունի կամ էլ պետք է ճշտել, թե որտեղ է սկսվում հանդուրժողականությունը և որտեղ ավարտվում մարդկային արժանապատվության զգացման կորուստը։

Փորձը ցույց է տալիս նաև, որ Ս. Սարգսյանը թշնամանում է բոլոր նրանց հետ, ովքեր իրեն իշխանության են բերել։ Սա էլ Բաղրամյան 26–ում ընդունված է «անհանդուրժելի երևույթների դեմ պայքար» համարել, բայց դե ինքներդ եք հասկանում, որ եթե իշխանությունը խնդիր է դրել անհանդուրժելի երևույթների դեմ պայքարել, ապա նախագահն ու վարչապետը պետք է անմիջապես հրաժարական տան կամ էլ դադարեցնեն դեմագոգիայով զբաղվել։

Այսպիսով, Ս. Սարգսյանը հիմա հայտնվել է «յուրայինների մեջ օտար, իսկ օտարների մեջ յուրային» կարգավիճակում, ինչը «նոնսենս» է երկրի ղեկավարի դիրքը զբաղեցնող գործչի պարագայում։

Պետական կառավարման համակարգից հասկացողների համար ակնհայտ է, որ այսպես երկար շարունակվելու դեպքում ոչ միայն Մադագասկարից, այլ նաև դեռ չստեղծված պետություններից կարող ենք հետ մնալ, ինչը թույլ տալ չի կարելի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը