Լրահոս

18.07.2011 13:16


«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ԿԸՀ կազմավորման գործընթացի մասին

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման եւ նրա ղեկավարության ձևավորման գործընթացը վերջնականապես հաստատեց դեռեւս 2011թ. գարնանը ՀՀ Ընտրական օրենսգրքում նմանակեղծումային փոփոխություններ իրականացնելու փուլում պարզ դարձած այն իրողությունը, որ Հայաստանի գործող իշխանությունները չունեն ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք եւ չունեն ընտրական համակարգի հանդեպ հասարակության վստահությունը վերականգնելու ցանկություն:

Ընտրական հանձնաժողովների կազմավորման կապակցությամբ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից մեկի հետ գործող իշխանությունների դիրքորոշման նույնացումը բերեց կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորման քաղաքական մոդելից հրաժարվելուն, իսկ իրականում` այդ մակարդակների հանձնաժողովների նկատմամբ քաղաքական ընդդիմության վերահսկողության բացառմանը: ԿԸՀ-ն «արհեստավարժ» դարձնելու պատրվակով նրա կազմավորումը նոր ընտրական օրենսգրքով փաստացի հանձնվեց ՀՀ Նախագահին, ով էլ այս օրերին հանրությանն ի ցույց դրեց հանուն իշխանության վերարտադրության ընտրությունները կեղծելու, քաղաքացու քվեն անտեսելու, ընտրական բռնությունները զարգացնելու, դրանով իսկ քաղաքացիական բախումների համար հող ստեղծելու իր անթաքույց մտադրությունը:

Ընտրական գործընթացի հետ կապված անցած ամիսներին իշխանության բոլոր քայլերի հետապնդած նպատակներն ավելի քան հասկանալի են դառնում 2011թ. փետրվարի 17-ի կոալիցիոն թարմացված հուշագրի խորապատկերին, որով ՀՀ Սահմանադրության ու օրենքների խախտմամբ գործող նախագահը հերթական նախագահական ընտրություններից 2 տարի առաջ ինքնաառաջադրվեց կոալիցիոն երեք կուսակցությունների սատարմամբ` դրա դիմաց ապագա խորհրդարանում վերջիններիս համար երաշխավորելով ներկայացվածություն ուժերի առնվազն ներկայիս հարաբերակցության պահպանությամբ եւ բոլորիս հայտնի եղանակներով ընդդիմության տեղերի զավթման բացահայատ սպառնալիքով:

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվել է այնպիսի անձանցով, որոնց զգալի, եւ հատկապես ղեկավար պաշտոններ ստացած մասը նախկինում դերակատարություն են ունեցել մի շարք կեղծված ընտրություններում և կրում են «ընտրակեղծարարի» խարանը: Արդեն իսկ պարզ է, որ նմանատիպ սկզբունքներով ու “արհեստավարժ” մարդկանցով են ձեւավորվելու նաեւ ընտրատարածքային հանձնաժողովները:

Առանց ընդդիմության, մասնավորապես «Ժառանգություն» կուսակցության առաջարկությունների ներառման ՀՀ ընտրական նոր օրենսգրքի ընդունումը, այնուհետեւ այսպիսի կազմով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձեւավորումը գործող իշխանությունների կողմից հասարակությանը եւ ընդդիմությանը նետված մարտահրավեր է:

«Ժառանգություն» կուսակցությանն կոչ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ հասարակական-քաղաքական ուժերին` ջանքեր չխնայել ընտրակեղծիքների եւ ընտրակեղծարարների դեմ պայքարելու գործում եւ միասնաբար կանխել ապագա ընտրությունները վտանգող իշխանությունների բոլոր ճիգերը: Հայաստանում ի վերջո պետք է կայանան ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններ որոնց միջոցով էլ երկրում կձեւավորվեն ժողովրդի քվեն ստացած եւ նրա վստահությունը վայելող իշխանություններ:

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում եւ զգուշացնում է, որ արդեն իսկ գալիք ընտրությունների ականապատման պատասխանատվությունն ընկնում է ոչ միայն իշխանությունների, այլեւ այս ամենը խրախուսած միջազգային կազմակերպությունների ու փորձագետների վրա: Իշխանություններից եւ նրանց սատարող ներքին ու արտաքին ուժերից պահանջում ենք օգտագործել ընտրական օրենսգրքի փոփոխության վերջին հնարավորությունը, խորհրդարանական ընդդիմության առաջարկների հաշվառմամբ փոխել հանձնաժողովների կազմավորման ներկայիս կարգը եւ  հրաժարվել իրենց արատավորած պաշտոնյաների առաջադրումներից:

Մեր  բոլորիս պարտքն է պայքարել հանուն Հայաստանի ժողովրդավարական հեռանկարի եւ մեր ժողովրդի արժանապատվության:

«Ժառանգություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը