Մեկնաբանություն

19.07.2011 18:12


«Երկխոսող» և հանձնող Սարգսյանը

«Երկխոսող» և հանձնող Սարգսյանը

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը Ա1+ –ին տված հարցազրույցում ասել է, թե իր ունեցած տեղեկություններով՝ «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրակազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի խնդրի կարգավորմանն առնչվող որոշ մանրամասներ է ներկայացրել (http://www.youtube.com/watch?v=RM-OWFxGsi4&feature=youtube_gdata_player):

Ս. Սարգսյանն, ըստ Հովհաննիսյանի, լրագրողների ներկայությամբ հայտարարել է, թե ազատագրված հինգ շրջանի հանձնման դիմաց ակնկալում է Ադրբեջանի կողմից ԼՂՀ միջանկյալ կարգավիճակի ճանաչումը, իսկ Քարվաճառի (նախկին Քելբաջար) ու Բերձորի (նախկին Լաչին) հանձնման դիմաց՝ նախկին ԼՂԻՄ տարածքում ղարաբաղցիների հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։

Ինչ վերաբերում է ԼՂՀ–ն ՀՀ–ին կապող ցամաքային հատվածին, ապա Սերժ Սարգսյանը «կռիվ» է տալու միջանցքի լայնության շուրջ։

Եթե Հ. Հովհաննիսյանի ունեցած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը (ինչին կասկածելու որևէ հիմք չունենք՝ ելնելով ներկա գործընթացներից) և Սարգսյանը, ըստ էության, գնում է տխրահռչակ փուլային լուծման տարբերակը հիշեցնող ճանապարհով, ապա մենք գործ ունենք երկրի ազգային անվտանգությանը սպառնացող զարգացումների հետ։

Այս ամենը հաշվի առնելով՝ կրկին համոզվում ենք, որ կոալիցիա–ՀԱԿ «երկխոսությունը» միտված է Սերժ Սարգսյանի համար ազգային համաձայնության պատրանք ստեղծելուն և Ղարաբաղյան խնդրից հանրության ուշադրությունը գյալաջիով շեղելուն, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանը պարզապես օգտագործվում է, ինչպես որ օգտագործվեց հայ–թուրքական «ֆուտբոլի»  ժամանակ։ Դա էր պատճառը, որ հապշտապ ձևով «երկխոսությունը» գործի դրվեց։ Ու արդեն էական  չէ, թե ՀԱԿ առաջնորդը գյալաջիի շրջանակներում սեփակա՞ն նախաձեռնությամբ է ծառայություններ մատուցում «Եղիազարին», թե՞ նա այդ ամենն անում է, այսպես ասած, գաղափարական սկզբունքներից ելնելով։ Էականն այստեղ այն է, որ Սարգսյան–Տեր–Պետրոսյան զույգի գործողություններն ուղղված են Հայաստանի ու Ղարաբաղի շահերի դեմ։ Հետևաբար՝ երկուսն էլ պետք է շուտափույթ դուրս մղվեն մեր քաղաքական դաշտից՝ լինի դա հերթական կամ արտահերթ տարբերակով։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ ՌԴ արտգործնախարար Լավրովի բերած առաջարկներին Ադրբեջանն արդեն արձագանքել է, իսկ ահա Հայաստանը դեռ չի շտապում դա անել։ Սա նշանակում է, որ նոր առաջարկները մեզ համար ավելի վատն են, քան Կազանում սեղանի վրա քննարկվողը։ Այսինքն՝ Մեդվեդեվն ընդառաջ է գնացել Ալիևի տասը նոր պահանջներին կամ դրանց մի մասին։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ ՀՀ ներքաղաքական կյանքում ակնհայտորեն ֆորս–մաժոր է հասունանում, ինչին ուզում են պատրաստվել քիրվայական մտածողության երկվորյակներ Տեր–Պետրոսյանն ու Սարգսյանը՝ չեզոքացնելու համար հակահանձնողական ուժերի հնարավոր հակազդեցությունը։ Կհաջողվի դա «երկխոսողներին», թե ոչ՝ կախված է Հայաստանի ապագայով մտահոգ հասարակության վարքագծից։

Այս խորագրի վերջին նյութերը