Կարծիք

21.07.2011 15:42


«Երկխոսությունը» որպես կործանման տանող ուղիղ ճանապարհ

«Երկխոսությունը» որպես կործանման տանող ուղիղ ճանապարհ

Այն, ինչ հիմա անվանվում է «երկխոսություն», պարզապես խայտառակություն է եւ ցույց է տալիս, թե ինչ զարհուրելի վիճակում է գտնվում մեր երկրի քաղաքական դաշտը: Անշուշտ, դրա համար մեղավոր են ոչ միայն «երկխոսողները», այլ բոլոր քաղաքական ուժերը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի:

Մեր պասիվությունը, մեր անտարբերությունը հանգեցրեց նրան, որ երկու, այսպես կոչված քաղաքական ուժեր, կարող են թատերականացված ներկայացում բեմադրել, նպատակ ունենալով ժողովրդի ուշադրությունը շեղել հիմնական խնդիրներից: Իսկ ամենակարեւոր նպատակը, որ հետապնդում են «երկխոսողները»` քաղաքական դաշտն անեքսիայի ենթարկելն է:

Մեկ անգամ եւս շեշտենք, որ այն, ինչ հիմա անվանվում է երկխոսություն, իրական երկխոսության հետ որեւէ առնչություն չունի: Իսկ ամենակարեւորն այն է, որ այն հասարակության հետ որեւէ առնչություն չունի: Որեւէ քվեարկություն չի եղել, որեւէ որոշում չի կայացվել, որ Հայ ազգային կոնգրես կոչվող անդեմ եւ անձեւ կառույցն իրեն իրավունք է վերապահում բանակցել ամբողջ ժողովրդի անունից: Լավագույն դեպքում ՀԱԿ-ը կարող է բանակցել իրենց հանրահավաքներին մասնակցող առավելագունը 3-4 հազար մարդկանց անունից: Եթե կոալիցիան ցանկություն ունի այդ ուժի հետ երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկել, թող քննարկի, բայց չի կարելի դա ներկայացնել որպես երկխոսություն վարչախմբի եւ ժողովրդի միջեւ:

Բայց այս գարծընթացը մի շատ կարեւոր դրական նշանակություն ունի: Վերջին չկողմնորոշվածները սկսում են կողմնորոշվել, հասկանալով, թե ինչ է ուզում Կոնգրեսը եւ ինչ նպատակ ունեն Կոնգրեսի առաջնորդները:

Կոնգրեսի վերջին երկու հայտարարությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, թե ինչ է իրենից իրականում ներկայացնում «երկխոսությունը»: Զարմացնում է այն, որ ՀԱԿ ղեկավարությանը համառորեն թվում է, թե ժողովրդին կարելի է անվերջ թյուրիմացության մեջ գցել եւ օգտագործել որպես գործիք:

Իրականում, ամեն ինչ տանում է նրան, որ որպես գործիք օգտագործվելու են եւ դեն նետվելու նրանք, ովքեր այսօր «գուրգուրում են» «երկխոսությունը»: Տրամաբանությունը եւ առկա իրողությունները հուշում են, որ ՀԱԿ-ի ղեկավարության ջանքերով ստեղծվել է մի վիճակ, որ Սերժ Սարգսյանը հրաժարականի մասին չի էլ մտածում: Իրավիճակն էլ այնպիսին է, որ նույն Սերժ Սարգսյանը չի գնա նաեւ արտահերթ ընտրությունների: Այս փաստը գիտակցում են շատ շատերը, այդ թվում նաեւ դպրոցահասակ երեխաները, բայց, չգիտես ինչու, Կոնգրեսի առաջնորդներին թվում է, թե կգտնվեն մարդիկ, ովքեր կհավատան, որ գյալաջիի արդյունքում Սարգսյանը հրաժարական կտա եւ կնշանակի արտահերթ ընտրություններ:

Սարգսյանը չի գնա այդ քայլին, քանի որ Կոնգրեսը նրա համար արդեն գտնվում է նույն հարթությունում, ինչ Արտաշես Գեղամյանը, եւ եթե մի օր, հանկարծ, կոնգրեսականները զգան, որ իրենց ցանկանում են խաբել, եւ սկսեն աղմկել, ապա նույն Սերժ Սարգսյանը Կոնգրեսի ղեկավարների մասին կասի մոտավորապես այն, ինչ ասաց Արտաշես Մամիկոնովիչի մասին մի քանի տարի առաջ: Չի բացառվում, որ նա նաեւ հիշի, թե ովքեր էին նոթատետրը ձեռքին իր հետ հանդիպումների ներկայանում: Մարդ է, կարող է եւ հիշել:

Արդեն այսօր վարչախմբի ներկայացուցիչները ՀԱԿ-ին շատ նրբորեն պատրաստում են այն օրվան, երբ նրանց որպես օգտագործված եւ այլեւս անպետք գործիք դեն են նետելու: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները ցանկացած առիթն օգտագործում են եւ շեշտում, թե իրենք պատրաստ են մտքեր փոխանակել նաեւ ցանկացած այլ քաղաքական ուժի հետ: Այնպես որ, ամեն ինչ արդեն պարզ է: Ակնհայտ է նաեւ, որ այն ինչին ձգտում էր Կոնգրեսը, այլեւս չի լինելու: ՀԱԿ-ին չի հաջողվելու սեփականաշնորհել ընդդիմադիր դաշտը, չնայած դրա համար կոնգրեսականները գերագույն ջանքեր գործադրեցին: Այսօր այլ գործընթաց է տեղի ունենում: ՀԱԿ-ն է դուրս մղվում ընդդիմադիր դաշտից, իսկ հետո նաեւ քաղաքական դաշտից: Դա անխուսափելի է:

Կոնգրեսի առաջնորդներին եւ քարոզիչներին թվում է, թե հայ ժողովուրդը հիշողություն չունի: Նրանք այս հարցում էլ են սխալվում:

Հիմա նրանք ասում են, որ եթե Հայ ազգային կոնգրեսը երկխոսության միջոցով չհասնի արտահերթ ընտրությունների, ապա դա կանի աշնանը՝ ժողովրդին ոտքի հանելով` հեղափոխական ճանպարհով: Ով ով, բայց Կոնգրեսը բարոյական իրավունք չունի խոսել ժողովրդին ոտքի հանելու եւ հեղափոխական ճանապարհով հարցեր լուծելու մասին: Մենք հիշում ենք, շատ լավ ենք հիշում, թե ինչ էին ասում Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ կոնգրեսական մյուս գործիչները մի քանի ամիս եւ նույնիսկ շաբաթներ առաջ: Հիմա մենք կոնգրեսականներին հիշեցնենք, որ ռազմաճակատում եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում որեւէ փոփոխություն չի եղել: Եւ ինչպես եք նայելու այն մարդկանց աչքերին, որոնց ապացուցում էիք, թե նույնիսկ կոալիցիայում տիրող անկայունությունից ադրբեջանցիները կարող են օգտվել եւ մատ էիք թափ տալիս նրանց վրա, ովքեր ավելի էական գործողություններ էին պահանջում: Հույս չունենաք, թե ձեզ չեն հիշեցնելու ձեր ասածների մասին: ՀԱԿ-ը եւ ժողովուրդը վաղուց արդեն որեւէ կապ չունեն:

Ամենայն հավանականությաքմբ, Կոնգրեսում ծրագրել են, որ եթե հանկարծ երկխոսության արդյունքում հստակ երաշխիքներ չստանան, որ պատգամավորական մի քանի տեղ կստանան, ապա կդիմեն շանտաժի եւ հեղափոխական կոչերով մարդկանց կրկին փողոց կհանեն, բայց մեկ անգամ եւս կրկնենք, որ Կոնգրեսի հեղինակությունն այն աստիճան է ընկած, որ նույնիսկ ամենաարմատական հեղափոխական կոչերը ժողովրդին չեն համոզի:  Իսկապես, ժամանակն է, որ կոնգրեսական առաջնորդներից մեկը գրի «ՀԱԿ-ը Հայաստանում այլեւս անելիք չունի» աշխատությունը:

Պարզ է, որ այս շոուն դեռ մեկ-երկու ամիս կշարունակվի: Բայց այն նույնիսկ ՀԱԿ-ին ոչինչ չի տալու: Համեմատաբար միակ շահող կողմը լինելու է Սերժ Սարգսյանը, բայց դա էլ է խիստ հարաբերական: Բանն այն է, որ այս գործընթացի արդյունքում ավելի է ընկնելու, թե՛ Սերժ Սարգսյանի թիմի, թե՛ ՀԱԿ-ի վարկանիշը: Այս իրավիճակում, հզորանալու են բոլոր այն ուժերը, որոնք չեն կեղտոտվել «երկխոսությամբ» եւ հենց նրանց է վերապահված երկիրը հանել այս խորը ճահիճից եւ քաղաքական դաշտն էլ մաքրել գարշահոտից:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը