Տնտեսական

28.07.2011 16:59


ՀՅԴ ներկայացուցիչ. «Այս կառավարությունը չարիք է մեր պետության և ազգի համար»

ՀՅԴ ներկայացուցիչ. «Այս կառավարությունը չարիք է մեր պետության և ազգի համար»

«7օր»–ի ունեցած տեղեկություններով՝ Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրու կոմիտեն, չնայած ամառային արձակուրդային շրջանին, առաջիկա օրերին պատրաստվում է քաղաքական մի շարք ակցիաներ կազմակերպել, որոնցից հիմնականը պետք է լինի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ամբողջ կառավարության հրաժարականը: Այս առումով ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը տեղեկացրել է, որ իրոք մոտակա օրերին դաշնակցականները պատրաստվում են հրապարակային ակցիաների միջոցով քաղաքական պահանջներով հանդես գալ։

–Արդեն նախապատրաստվել ենք, մշակվել են կոնկրետ գործողությունների պլանն ու մարտավարությունը: ՀՅԴ-ի կողմից խորհրդարանում կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունից հետո խնդիրն առկախ է մնացել: Բնականաբար, մենք շարունակելու ենք այդ գործընթացը: Այս կառավարությունը բոլոր առումներով 2008-ից սկսած ձախողվել է: Այսպես շարունակվել այլևս չի կարող. հակառակ դեպքում կարող է չարիք բերել մեր ագին ու պետությանը,–«7օր»–ին ասել է Արամ Հակոբյանը:

Նա նաև ավելացրել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում քաղաքացիներն արդեն կկարողանան մասնակցել կազմակերպած ակցիաներին։

–Ամենայն հավանականությամբ՝ հաջորդ շաբաթվանից հեռուստաեթերի միջոցով երիտասարդությանն ուղղված կոչերով և ստորագրահավաք կազմակերպելով մենք քաղաքական ակտիվ գործողությունների ենք անցնելու: Ամբողջ կառավարության հրաժարականը պահանջող ստորագրություններ ենք հավաքելու, որոնք ուղարկելու ենք Ազգային ժողով, որպեսզի պատգամավորները տեսնեն՝ ինչպես են քաղաքացիները վերաբերվում ներկայիս ապիկար կառավարությանը: Ինչպես նաև ակցիաներ են լինելու «Քվեն ուժ է» նախաձեռնության շրջանակներում, որի ժամանակ փորձ է արվելու ժողովրդին բացատրել՝ ինչ նշանակություն ունի նրա ձայնը, որը պետք է պաշտպանել,–նշել է ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը